Հանցավոր փնթիության եւ հանցավոր անփութության հետ գործ ունենք. Դեմոյան

-Մենք գործ ունենք  հանցավոր անփութության հետ. այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության  թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը՝ անդրադառնալով հուշահամալիրում ընթացող վերանորոգման աշխատանքներին։

-Այս տեսարանը, նման աշխատաոճը հանցավոր փնթիություն է, անպատասխանատու գործելաոճ, որը բերել է իրավական պատասխանատվության ենթակա գործողության: Սա հանցագործություն է, ուրիշ բառ չեմ գտնում,- շարունակեց Դեմոյանը:

Միաժամանակ նա նկատեց, որ այո’, հուշահամալիրն ուներ որոշ հատվածներում կոսմետիկ վերանորոգման կարիք . «Խնդիրը վերանորոգումը չէ, այլ  իրականացված աշխատանքն է:  Մեղմ ասած՝ անվերականգնելի վնաս է  հասցվել հուշահամալիրին: Մենք գործ ունենք հանցավոր անփութության  հետ, արդյունքում պետական գրանցման հուշարձան է  վնասվել»:

Հայկ Դեմոյանը նաեւ նկատեց, որ հուշահամալիրում աշխատող բանվորական անձնակազմը հայեր չեն. «ԿԳՄՍ նախարարն այնքան հետամուտ չի եղել, որ տեսնի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում ովքեր են պատասխանատու սրտացավ մոտեցում ցուցաբերում  հուշահամալիրին: Երբ այս բանվորներին հանձնարարություն են տալիս, իրենք չեն հասկանում՝ ինչ շինություն է, ինչ նշանակություն ունի այս երկրի քաղաքացիների համար։ Այստեղ բանվորներ են, որոնք հազիվ խոսում են անգլերեն: Նրանք կարող են նույնիսկ չհասկանալ հրահանգը»:

Հայկ Դեմոյանը ներկայացրեց նաեւ պահանջներ՝ պետք է դադարեցվեն ավերման աշխատանքները, մասնագիտական խումբ պետք է ձեւավորվի, մինչեւ հոկտեմբերի 15-ը հուշարձանը վերականգնել այն տեսքով, որը եղել է մինչեւ ավերման աշխատանքները սկսելը, որից հետո այդ  նույն մասնագիտական խումբը կորոշի՝ ինչ բյուջեով ու ինչ միջամտություն է պետք կոսմետիկ աշխատանքներ տանելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment