
Մենք մեր որդիական սերն ու հարգանքն ենք արտահայտում Վեհափառ Հայրապետին, մեր աջակցությունն ենք ցուցաբերում մեր բարեպաշտ հավատացյալ ժողովրդին և ուզում ենք, որ մեր Վեհափառ Հայրապետը ողորմած վճիռ կայացնի այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք տարբեր կոմպրոմատների, շանտաժի, ահաբեկման, նաև սուտ խոստումների զոհ են դարձել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
«Կխնդրենք, որ Վեհափառ Հայրապետը հնարավորինս ներողամիտ լինի իրենց նկատմամբ, և նաև այնպիսի որոշում կայացնի, որը կբավարարի հավատացյալ ժողովրդին։
Ես նույնիսկ չեմ համարում, որ դա իրենց ազատ կամարտահայտությունն է եղել։ Ես կարծում եմ՝ իրենք դա արել են շանտաժի, կոմպրոմատների, ահաբեկման, ճնշման տակ։ Որովհետեւ երբ վարչապետը քննադատում էր եկեղեցականներին, այն բոլոր բաների մասին էր ասում, որոնք ունեն վերահիշյալ արքեպիսկոպոսները և եպիսկոպոսները»,–ասել է նա։
Հոգևոր հովվի խոսքով, առանց կաթողիկոսի գիտության նրանց հանդիպման գնալը վարչապետի հետ արդեն իսկ ապօրինություն է, նրանք այդ իրավունքը չունեին։ Նա առանց անուն հնչեցնելու, ընդգծել է, որ այդ հանդիպման մասնակիցները ևս խախտել են կուսակրոնության ուխտը։ «Եվ այդ հանդիպումով, վարչապետն ինչ-որ առումով մաքրեց եկեղեցին այն մարդկանցից, որոնք իրենց կարգին համաձայն չեն»,- ասել է Տեր Վրթանեսը, ապա նշել․ «Եթե իրենք զղջան, կարծում եմ՝ Վեհափառ Հայրապետը կարող է նաև ներողամիտ լինել»։
Հիշեցնենք՝ երեկ տարածվեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն, որով վերջիններս Վեհափառ Հայրապետից պահանջում էին, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։
Ըստ այդ հայտարարության՝ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը։
Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հանդիպման է հրավիրում Սրբազան Հայրերին։ Հանդիպումը նույն օրը կայացավ։
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։