
Ի սկզբանե ընդգծենք, իսկ հետագայում բազմաթիվ հիմնավորումներ կներկայացնենք, որ այս եզրահանգումը բխում է ոչ միայն ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Կոնկովի այն կանխատեսումից, որ 2026թ. ռազմական հակամարտությունների հնարավոր գոտիները կարող են ընդլայնվել: Ըստ քաղաքագետի, 2026թ. հիմնականը կշարունակի մնալ Ուկրաինական հակամարտությունը:
«Առաջին հերթին հակամարտության գոտիները կապված կլինեն ներկայիս ճգնաժամերի զարգացման հետ,- «Лентой.ру»–ի հետ զրույցում ասել է Կոնկովը։- Այս առումով առանցքային կմնա Ուկրաինական հակամարտությունը։ Այն ներգրավում է հսկայական թվով մասնակիցների, առաջին հերթին՝ Արևմուտքի երկրներին։ Այն շատ ինտենսիվ է: Այս առումով, իհարկե, հիմնական հույսերը կապված կլինեն դրա լուծման հետ»:
Քաղաքագետի խոսքով՝ Մերձավոր Արևելքը միշտ էլ մնալու է հատուկ ռիսկի գոտի՝ ժողովուրդների, երկրների և արտաքին խաղացողների՝ արաբական աշխարհի, Իսրայելի, Թուրքիայի շահերի բաժանարար գծերի տեսանկյունից: Այս առումով հավելենք այն, ինչի մասին քաղաքագետը չի ասել. գնալով մեծանում է Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի նոր հարձակման վտանգը:
Բացի վերոնշյալից, փորձագետը մատնանշել է Թայվանի նեղուցի շուրջ պահպանվող լարվածությունը՝ նշելով, որ Չինաստանը թեև հրապարակավ չի խոսում ճգնաժամի լուծման ռազմական տարբերակի մասին, բայց ենթադրվում է նաև նման սցենար:
Օրերս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ռազմական հակամարտություն էր նախաձեռնել Վենեսուելայում։ ԱՄՆ-ն իրականացրել է գործողություն, որի արդյունքում գերեվարվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Այս համատեքստում Կոնկովն ուշադրություն են դարձրել նաև Լատինական Ամերիկային որպես ամբողջություն: Եվ ճիշտ է արել, որովհետև ԱՄՆ-ը լայնամասշտաբ պատերազմով է սպառնում ոչ միայն Վենեսուելային, այլև Կոլումբիային, ավելին՝ նաև Կուբային է սպառնում:
Ըստ քաղաքագետի, վերջին հաշվով, Լատինական Ամերիկայի վրա ԱՄՆ-ի ճնշումը, անկասկած, կարտահայտվի ռազմական բախմամբ։ Իրականում, հակամարտություններն ամենուր շարունակվելու են, պարզապես հարցն այն է, թե դրանից որն է անցում կատարելու թեժ փուլի:
Ըստ «Лентой.ру»-ի զրուցակցի, Աֆրիկան այս տարի համաշխարհային հակամարտության նոր կետ դառնալու վտանգի տակ է, այն կարող է դառնալ ռազմական խոշոր հակամարտությունների նոր գոտիներից մեկը:
«Եթե խոսենք ինչ-որ նոր գոտիների մասին, ապա ես կնշեի Աֆրիկան,- ասել է Կոնկովը:- Որովհետև միջազգային հարաբերությունների շատ մասնակիցների համար այն հեռանկարային բախման դաշտ է դառնում։ Աֆրիկան, որպես արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ գլոբալ դիմակայության տարածք, կարող է հատուկ հնչեղություն ձեռք բերել համաշխարհային օրակարգում»:
Նրա գնահատմամբ, հենց աֆրիկյան պետությունների տարածքում մոտ ժամանակներս կարող են հատվել համաշխարհային առանցքային խաղացողների շահերը, ինչը պոտենցիալ բախումների կհանգեցնի: Կոնկովը թեև Անդրկովկասի մասին ոչինչ չի նշել, սակայն Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը և պատերազմում Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և, ընդհանրապես, Արևմուտքի ներգրավումը հնարավոր չէ բացառել:
Ավելի վաղ քաղաքագետ, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ամբիոնի ավագ դասախոս Քսենիա Կոնովալովա- Ալխիմենկովան հնարավոր էր համարել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է ռմբակոծել Վենեսուելայի կրիտիկական ենթակառուցվածքը, ինչպես նաև կազմակերպել նրա նավթային աշտարակների գրավումը: Փորձագետը նշել է, որ ամերիկացի առաջնորդը միտումնավոր ճնշում է գործադրում Կարակասի վրա, որպեսզի ցույց տա Վաշինգտոնի ուժն «իր կիսագնդում»:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան