«Պրինցը», անցնող ժամանակն ու Դիլիջանի դիմագծի վավերագրումը. բացառիկ ցուցահանդես Դիլիջանում

Դիլիջանի երկրագիտական թանգարանում «Քաղաքի արվեստի կոդ» ծրագրի շրջանակում բացվել է դիլիջանցի լուսանկարիչ Սերժ Եղիկյանի՝ «Պրինցի» արխիվային լուսանկարների ցուցահանդեսը: Այն կրում է «Վավերագիր Դիլիջան» խորագիրը: Սերժ Եղիկյանի բացառիկ լուսանկարները Դիլիջանի եւ իր ապրածի հիշողություններն են իրենց մեջ ամփոփում:

Արամ Պետրոսյան

Ցուցահանդեսի կազմակերպիչ, Formlab ընկերության տնօրեն Արամ Պետրոսյանի ձեւակերպմամբ, «Պրինցը» Դիլիջանը պատկերել է ոչ միայն որպես քաղաք, այլ որպես հոգեվիճակ։ Նրա լուսանկարները վավերագրում են անցնող ժամանակը՝ արտահայտելով իր օրերի Դիլիջանի դիմագիծը, մարդկանց առօրյան եւ քաղաքի լռության մեջ ապրող գեղեցկությունը։

Ցուցահանդեսի կազմակերպչից տեղեկացանք, որ Սերժ Եղիկյանը արվեստի հանդեպ սերը ժառանգել է քամանչահար հորից՝ Անուշավանից: «Դիլիջանի կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերը քաղաքի բնակիչների համար իսկական տոն էին։ Մի ցուցադրության ժամանակ, երբ էկրանին հայտնվում է ֆիլմի գլխավոր հերոսը՝ արքայազնի կերպարում, դահլիճի հանդիսատեսը հանկարծ նկատում է անսպասելի նմանությունը Սերժի հետ։ Այդ օրվանից ընկերները սկսում են նրան անվանել պրինց, ինչը պահպանվել է մինչ օրս՝ որպես ջերմ հիշողություն ու տեղական առասպել։

1960-ականները Դիլիջանի նոր դարաշրջանի սկիզբն էին․ խորհրդային մեքենան շարունակաբար ձևափոխում էր քաղաքի ինքնատիպ դիմագիծը՝ բերելով նոր շենքեր, նոր կարգուկանոն, նոր ռիթմ։ Աղստեւ գետի հովտով աճող քաղաքը ստանում էր իր ճարտարապետական կառուցվածքը։ 1962 թվականին «Իմպուլս» գործարանի հիմնադրմամբ, Դիլիջանը սկսեց ձեռք բերել արդյունաբերական նոր շունչ։ Այդ ժամանակ 23-ամյա Սերժ Եղիկյանը սկսեց աշխատել գործարանում՝ նեգատիվների լաբորատորիայում։ Այստեղ նա առաջին անգամ ծանոթացավ տեսախցիկի կախարդական աշխարհին։ Աշխատանքային օրերից դուրս նա սկսեց քայլել իր քաղաքի փողոցներով՝ տեսախցիկը ձեռքին վավերագրելով Դիլիջանի փոփոխվող դեմքը, մարդկանց առօրյան, բնության ու քաղաքային միջավայրի համահունչ շունչը։

Տարիների ընթացքում լուսանկարչությունը Սերժի համար վերածվեց ոչ միայն մասնագիտության, այլ կյանքի կերպի՝ հիշողությունների եւ ժամանակի հետ երկխոսելու ձևի։ Նրա լուսանկարներում հաճախ է զգացվում մանկության Դիլիջանի երազային լանդշաֆթը՝ Աղստեւի հոսքի մեղմությամբ ու լեռների լռությամբ»,-նշեց Արամ Պետրոսյանը:

Նաեւ հավելեց, որ այս ցուցահանդեսում ներկայացված է Սերժ Եղիկյանի հսկայական արխիվի մի փոքր, սակայն խոսուն հատվածը, իսկ ընտրված լուսանկարները արտացոլում են հեղինակի կյանքում նշանակալի պահերը եւ քաղաքի մշակութային հիշողության շերտերը։

Բացի լուսանկարներից, ցուցադրված են նաեւ Սերժ Եղիկյանի անձնական լուսանկարչական խցիկները, գրքերը, թերթային կտորները, որոնք նա պահել է տարիների ընթացքում՝ որպես ժամանակի վկաներ։ Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ֆոտոգրամները՝ որպես ստեղծագործական փորձարկում եւ հետազոտական մոտեցում, որտեղ լուսանկարչությունը վերածվում է լուսային հուշագրության։

Սերժ Եղիկյանը ոչ միայն նկարում էր, այլեւ հավաքում Դիլիջանի վավերագիր լուսանկարները: Ցուցահանդեսի կազմակերպիչները նշում են, որ ըստ էության, այս ցուցահանդեսը նվիրված է ոչ միայն Սերժ Եղիկյանի արվեստին, այլեւ հիշողությանը՝ այն քաղաքային ոգուն, որը նա պահել է լուսանկարների մեջ:

Ցուցահանդեսի կազմակերպիչներից ռեժիսոր Լուսինե Պապոյանը հավելեց, որ սա Դիլիջան քաղաքի արվեստի կոդ նախաձեռնության առաջին ցուցահանդեսն է, որը շարունակական է լինելու՝ նպաստելով քաղաքի մշակութային կյանքի պահպանմանը եւ զարգացմանը։ «Մեր ընտանիքն ավելի քան 4 տարի է Դիլիջանում է ապրում: Մենք ոչ միայն ցուցահանդեսներ, այլ ընդհանրապես արվեստի նախագծեր ենք իրականացնում, ֆիլմեր արտադրում: Դիլիջան քաղաքի արվեստի կոդ ծրագրի շրջանակում շարք է լինելու: Ինչ վերաբերվում է այս ցուցահանդեսին, մենք ամեն ինչ իրականացրել ենք առանց որեւէ աջակցության, մեր էնտուզիազմի հաշվին»,-ասաց Լուսինե Պապոյանը:

Նշենք, որ ցուցահանդեսի համար արխիվների հավաքումն ու լուսանկարների համադրումը կատարել է Դիլիջանի ժամանակակից լուսանկարիչ Հայկ Բադալյանը։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ դեկտեմբերի 15-ը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Հասմիկ Գեւորգյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment