18 նոյեմբերի 2025 – 18:56 AMT
PanARMENIAN.Net – Հովհաննավանքում կարգալույծ քահանա Արամ Ստեփանյանի կողմից մատուցված պատարագին մասնակցած դպիր Ռաֆայելը պատգամավոր Տիգրան Պարսիլյանի հասարակական հիմքով օգնականն է։ Նա ներկա է եղել Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընթացող՝ Մարտի 1-ի թեմայով հանրային քննարկմանը։
Լրագրողների հետ զրույցում Ռաֆայելն անդրադարձել է իրեն «կեղծ դպիր» որակելուն և դժգոհել այս ձևակերպումից, հայտնում է Panorama.am-ը։
«Ես դպիր եմ։ Կեղծ դպիր հասկացողություն չկա։ Ես անդամակցում եմ ՔՊ-ին, երբ որ եկեղուցուց դուրս եմ եկել»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ դպիրի կարգավիճակ է ունեցել դեռ 2018 թվականից։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է սկսել համագործակցել Տիգրան Պարսիլյանի հետ, նա պարզաբանել է, որ եկեղեցուց հեռացել է 2020 թվականից հետո՝ հիասթափված, և որպես աշխարհիկ քաղաքացի որոշել է ներգրավվել հասարակական գործունեության մեջ։
Հարցին՝ արդյոք դիտարկում է առաջադրվել որպես պատգամավորական թեկնածու ՔՊ ցուցակով, նա պատասխանել է, որ նման մտադրություն չունի, նաև տեխնիկապես հնարավոր չէ, քանի որ դեռ չի հասել օրենքով սահմանված նվազագույն տարիքին։
«Ոչ, ես չեմ առաջադրվել։ Համամասնական ցուցակում առաջադրվելու համար պետք է լինել 25 տարեկան և բարձր։ Ես 23 տարեկան եմ»,- նշել է նա։
Հոկտեմբերի 26–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Վարչապետ Փաշինյանի կողքին նրա անմիջական ենթականերն էին. պաշտպանության և էկոնոմիկայի նախարարները, հետևում կանգնած էր առողջապահության գերատեսչության ղեկավարը: Մայր Աթոռը կարգալույծ է հռչակել Տեր Արամին և արգելել է նրան կատարել որևէ հոգևոր ծես՝ կիրակնօրյա պատարագը որակելով որպես «հոգեկործան նախաձեռնություն։