Ոքե՞ր չպետք է լինեն ապագա խորհրդարանում․ ԱԺ թեժ ճեպազրույցը վարչապետի հայտարարության հետքերով

Աժ-ում բյուջեի եզրափակիչ ելույթի ժամանակ վարչապետը խոսել էր Հայաստանի քաղաքական դաշտում գործող «ազդեցության գործակալների» մասին։ Սա հիմք է դարձել նոր խոսույթի համար։ Այժմ քաղաքական ուժերը կրկին փոխադարձ մեղադրանքներով քննարկում են, թե առաջիկա ընտրություններում ո՞ր ուժերը պետք է լինեն կամ չլինեն խորհրդարանում։

Սա առանցքային թեմաներից մեկն է, որին քաղաքական ուժերն այսօր անդրադարձել են խորհրդարանական ճեպազրույցներում։ Անդրադարձ է կատարվել նաև մինչև տարեվերջ հրապարակվելիք բանակցային փաստաթղթերին և Բաքվում ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության եզրափակիչ փուլին։

Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը սուր են արձագանքում Հայաստանի վարչապետի՝ բյուջեի քննարկման եզրափակիչ ելույթում արտահայտած այն մտքին, որ ինքն ակնկալում է, որ հաջորդ ընտրություններին նախկին նախագահների առաջնորդած ուժերը պարզապես չպետք է լինեն խորհրդարանում։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյան․

«Մնացել էր ինքը որոշեր, թե ով պառլամենտում պետք է հայտնվի, իսկ ով` ոչ։ Նախագահ Սարգսյանը ուղիղ մեկ շաբաթ առաջ այս օրը 7 ժամանոց փոդքաստի է մասնակցել։ Այդ փոդքաստն այսօր առավոտյան ուներ 250 000 դիտում և մեկ շաբաթ Հայաստանի ամբողջ հասարական-քաղաքական դաշտի օրակարգը թելադրվում էր նախագահ Սարգսյանի փոդքաստին հնչեցրած մտքերով»։

Նախօրեին երկրի վարչապետը խորհրդարանում հայտարարել էր՝ քաղաքացիները իշխող ուժին մեղադրում են, որ շարունակում են արձագանքել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու նրանց առաջնորդած ուժերին։ Վարչապետը համոզված է, որ քանի դեռ այդ ուժերը խորհրդարանում են, այդ խոսակցությունը շարունակվելու է։ Իսկ այդ խոսակցությունը հիմնականում հեռակա բանավեճի ժանրից է, քանի որ նախկին նախագահները չեն ընդունում վարչապետի՝ դեմ առ դեմ բանավիճելու առաջարկը։

«Այս ընտրություններում այդ խնդիրը պետք է լուծվի մի պարզ պատճառով, որովհետև ինչպես կարող ենք կռահել այդ նույն ելույթներից և հաջորդականությունից, այդ քաղաքական ուժերը և նրանց առաջնորդները ենթադրաբար ազդեցության գործակալներ են Հայաստանի Հանրապետությունում։ Այս քննարկումները ամբողջը դա են ցույց տալիս։ Ենթադրաբար այլ երկրի ազդեցության գործակալները ուզում են զզվանք, քամահրանք, արհամարհանք ներշնչեն այսօրվա Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Հայաստանի Հանրապետությունը 2025 թվականի լավ երկիր է։ Մենք նոր-նոր սովորում ենք, թե ինչ է պետությունը։ Իրենք չգիտեն` ինչ է պետությունը, իրենք գիտեն, թե ինչ է ֆորպոստը։ Մենք էլ ենք ֆորպոստի մեջ եղել, մենք էլ ենք գրպանում եղել, բայց մենք որոշել ենք, որ պետք է դուրս գանք գրպանից։ Մենք որոշել ենք, որ պետք է անկախ պետություն լինենք»։

Այսպիսի հայտարարություններին ի պատասխան՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ղեկավարվող «Հայաստան» դաշինք խորհրդարանական խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը հիշեցնում է ընտրության կարգը, որով ժողովուրդն է լեգիտիմացնում կառավարության ձևավորումը։

«Բայց Նիկոլ Փաշինյանը է՛լ ավելի վատ ինչ-որ հայտարարություն արեց, տարբեր ուժերի կոչեց ազդեցության գործակալներ և այլն, նման հայտարարություններ ինքը անում է, երևի հինգ, վեց տարի պարբերաբար հարցումներ են ուղղում դատախազություն, իրավապահ մարմիններ, արդյոք իրավապահ մարմինները նման ազդակներ ստացե՞լ են, նման գործեր կա՞ն թե ոչ, որևէ պատասխան չկա»։

Ազդեցության գործակալների թեմայով իրավապահների լռությունից մտահոգված են նաև հենց իշխող խմբակցությունում։ Համենայնդեպս, այդ հարցը հուզում և հետաքրքրում է, օրինակ, Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության անդամ Ծովինար Վարդանյանին։

«Ազդեցության գործակալների մասով ես պետք է նշեմ, որ դա ոչ իմ, ոչ էլ քաղաքական թիմի գործունեության շրջանակում է։ Ես կարծում եմ, որ դա իրավապահների դաշտում է, և ինքս էլ ակնկալում եմ այդ իրավապահների գործունեությունը այս հարցի շուրջ։ Ինչ վերաբերում է գործակալներին, ապա դուք ինքներդ կարող եք ուշադիր հետևել որոշ քաղաքական թիմերի խոսույթներին, և որոշ հոգևորականների խոսույթներին։ Նրանց խոսույթներն ամբողջությամբ համընկնում են այլ երկրների շահը սպասարկող խոսույթների և իրենց պրոպագանդիստների հետ»։

Այս խոսույթը քաղաքական դաշտում նոր իրադարձությունների «անոնս» է համարում «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը։

«Այդ անոնսը հենց այդ մասին էր, որ պարզապես իրենց ճանապարհին չեն հանդուրժելու այլախոհների, այլակարծիք այլ քաղաքական ուժերի»։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Հայաստանի նախկին և ներկա ղեկավարների հեռակա բանավեճի արդյունավետ կողմ է համարում ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին վերաբերվող առանցքային փաստաթղթերը մինչև տարեվերջ հրապարակելու՝ վարչապետի որոշումը։ Հրապարկման ենթակա է այդ թվում՝ 2019 թվականի փաթեթը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած նամակը։ 

Մամիջանյանի համոզմամբ՝ վերջին երկու փաստաթղթի դեպքում Սերժ Սարգսյանն ու իր թիմը անհանգստանալու առիթ չունեն։

«19-ը թվականի փաստաթուղթը ես չեմ տեսել, հիմնական շեշտադրումները գիտեմ։ Գիտեմ, որ դա մի փաստաթուղթ էր, որի վրա աշխատելով, որը որպես բանակցային հիմք վերցնելով, հնարավոր էր Հայաստանի համար ստանալ այն, ինչը մենք ցանկանում էինք։ Ինչ վերաբերում է նամակին, ես շատ անհամբեր եմ սպասում։ Մոտավորապես կռահում եմ, պատկերացնում եմ, թե որ նամակի մասին է խոսքը։ Կարող եմ պնդել, որ նախագահ Սարգսյանը երբևէ իր կյանքում չի ստորագրել որևէ նամակ, որևէ փաստաթուղթ, որի համար Հայաստանի Հանրապետության որևէ մի քաղաքացի, առավել ևս` իր թիմակիցներից որևէ մեկը ստիպված լինի ամաչել»։

Ընդդիմադիր պատգամավորները մտահոգված են նաև Բաքվի դատարանում ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունից։ Ընդդիմադիրները պնդում են, որ Հայաստանի իշխանությունը պատշաճ ջանք չի գործադրում այս հարցում։

Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը այլ փաստեր է ներկայացնում։ Նրա խոսքից պարզ է դառնում, որ իշխանությունը չի դիտարկում մի սցենար, երբ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո կպահանջի արտահանձնել հայ գերիներին, պատիժը Հայաստանում կրելու համար, ինչպես դա եղավ, օրինակ, մարդասպան Ռամիլ Սաֆարովի դեպքում, երբ Հունգարիան արտահանձնեց նրան Ադրբեջանին։

«Ձեր մեկնաբանությունը և օրինակը ընդհանրապես իդիենտիկ չի այն իրավիճակի հետ, որ այսօր գոյություն ունի։ Մենք հայտարարել ենք, ասել ենք, որ խիստ և խորը մտահոգություններ ունենք Բաքվում տեղի ունեցող դատավարության վերաբերյալ։

Եվ այո՛, ես պետք է, բնականաբար երկրորդեմ պարոն վարչապետին առ այն, որ ստեղծված մթնոլորտը՝ խաղաղության մթնոլորտը նպաստավոր պայմաններ պետք է ստեղծի, որ կարողանանք լուծել Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների` իրենց տուն վերադարձի հարցը։ Այս ուղղությամբ մշտապես ամենօրյա աշխատանք է տեղի ունենում։ Սա մեր համար առաջնային խնդիր է, և մենք հույս ունենք, որ առաջիկա գործընթացները, որոնք խաղաղության մասին են, կհեշտացնեն գործընթացները և մթնոլորտ ու միջավայր կստեղծեն, որպեսզի մեր բոլոր հայրենակիցները վերադառնան տուն»։

ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուսների դատավարությունը Բաքվում արդեն մտել է եզրափակիչ փուլ։ Մեղադրող կողմը ցմահ ազատազրկում է պահանջել Արայիկ Հարությունյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Իշխանյանի և Դավիթ Բաբայանի համար։

Դատախազը 20 տարվա ազատազրկում է պահանջել Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մյուս տարեց գերիների համար, իսկ մնացածներին՝ 16-ից 19 տարվա ազատազրկում։ 

Ռազմական հանցագործությունների համար մեղադրվող 15 հայերի դատավարությունները մեկնարկել էին հունվարի 17-ին: ՀՀ իշխանությունները միջազգային բազմաթիվ իրավապաշտպան կառույցներ բազմիցս հայտարարել են, որ այդ մեղադրանքները շինծու են, իսկ դատավարություններն ընթանում են մարդու իրավունքների խախտումներով։

Leave a Comment