ECRI-ն որոշ վերապահումներ է հայտնել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի կողմից իր առաջարկները կյանքի կոչելու առումով

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը (ECRI ), որը ԵԽ-ի շրջանակում գործող անկախ փորձագիտական ​​մարմին է, ուսումնասիրել է հարավկովկասյան երեք երկրների կողմից դեռ 2023-ին տրված առաջարկների կատարման ընթացքը։ Եվրոպայի խորհուրդը պարզել է, որ Հարավային Կովկասի երեք պետություններից ոչ մեկը զգալի առաջընթաց չի գրանցել իր առաջարկությունների իրականացման գործում։ Ամեն երկրի համար կառույցն առանձնացրել է երկու դիտողություն։

Եվրոպայի խորհրդի անկախ փորձագիտական ​​մարմինը՝ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը, արձանագրել է, որ հարավկովկասյան երեք պետություններին ուղղված առաջնահերթ առաջարկների մեծ մասի ուղղությամբ անավարտ աշխատանք կա։

Հայաստանին կառույցն առաջարկել էր անելիքների երկու հիմնական ուղղություն։ Իշխանություններին ուղղված առաջին առաջնահերթ առաջարկն էր՝ զբաղվել հասարակության շրջանում բազմազանության և հանդուրժողականության կարևորության վերաբերյալ իրազեկման բարձրացման միջոցառումներով ՝ աջակցելով Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակության տարբեր շրջանակների՝ էթնիկ, կրոնական և սեռական փոքրամասնությունների միջև գործակցությանը՝ ատելության խոսքի, ատելության հողի վրա բռնության և խտրականության կանխարգելման, դրանց դեմ պայքարի նպատակով:

Եվրոպական կառույցը նկատում է ձեռնարկված ջանքերը և նախաձեռնված քայլերը, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանության 2023-25 ​​թվականների ազգային ռազմավարության շրջանակում, սակայն եզրակացնում է, որ իր առաջարկը մասամբ է կյանքի կոչվել։

Հայաստանի օմբուդսմեն Անահիտ Մանասյանն ընդունում է, որ ատելության խոսքի առումով Հայաստանում իրավիճակը մտահոգիչ է։ Օրեր առաջ ԱԺ-ում նա հաստատել էր, որ ատելության խոսքի տարբեր դրսևորումների թիրախում երբեմն հայտնվում է նաև ինքը։

«Ատելության խոսքի առումով Հայաստանում իրականում միջավայրը ընդհանրապես անընդունելի է, որովհետև ծավալները ոչ թե պարզապես շատ են, այլ ծավալներն այնպիսին են, որ երևի թե բացառիկ դեպքերում կարող ենք խոսել դրա բացակայության մասին։ Օրինաչափությունը, հակառակը, ատելության խոսքի առկայությունն է։ Նույնիսկ այսպես, ըստ հանրային գործիչների խմբերի, քաղաքական դերակատարների կարող ենք տարանջատել ատելության խոսքի այն տեսակները, որոնք կոնկրետ դերակատարները տարածում են։ Հետազոտություն ենք հրապարակել ատելության խոսքին առնչվող գործերի քննության հետ կապված, հատկապես, եթե համապատասխան հանցակազմի մասին ենք խոսում։ Ես ինքս պարբերաբար խոսում եմ նաև այս հանցակազմի հետ կապված ոչ այնքան ճիշտ մեթոդաբանություն կիրառելու մասին, այդ թվում` իրավապահ մարմինների կողմից։ Հայաստանի Հանրապետությունում կան մի շարք դեպքեր, որոնք ես կարծում եմ, որ առնվազն պետք է քրեաիրավական գնահատականի արժանանան»։

Ատելության խոսքի կանխարգելման նպատակով ՄԻՊ գրասենյակը քննարկումներ է ունեցել ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների և լրագրողական խմբերի հետ։ Մանասյանն ասում է՝ ինքը նոր լիազորություններ կարող է ստանձնել, եթե ԱԺ-ն հնարավորինս շուտ ընդունի իրավահավասարության մասին համապարփակ օրենսդրությունը։

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանին ուղղված երկրորդ առաջնահերթ առաջարկն էր՝ ընդունել ինտեգրման ռազմավարություն՝ համապատասխան ֆինանսական ռեսուրսով և կարողությունների զարգացմամբ։ Նպատակը՝ փախստականների, ապաստան հայցողների և միգրանտների համար ապահովել արդյունավետ աջակցության գործողություններ։ Հայաստանի իշխանությունները հանձնաժողովին տեղեկացրել են մի շարք քայլերի ու միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել են 2023-ի սեպտեմբերի 19-ին և 20-ին ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100 000 հայերի բռնի տեղահանության հետևանքով առաջացած աննախադեպ մարդասիրական մարտահրավերին արձագանքելու համար:

Կառույցը դրական է գնահատել Հայաստանի իշխանությունների արագ արձագանքը դրամական օգնության միջոցով, ինչպես նաև սոցիալական պաշտպանության հասանելիությունը հեշտացնելու, առողջապահության հասանելիությունն ընդլայնելու և տեղահանված երեխաների կրթությունն ապահովելուն ուղղված միջոցառումները։ Միևնույն ժամանակ, հանձնաժողովն իր առաջարկը դեռ ամբողջապես իրականացված չի համարել։  

Եվրոպական արժեքները որդեգրած և դեպի Եվրոպա Հայաստանի ընթացքի վերաբերյալ մի շարք գնահատականներ էին հնչել նաև օրերս Հայաստանում անցկացվող «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովին։ Դրա համանախագահ Սերգեյ Լագոդինսկին երևանյան նստաշրջանի ընթացքում հայտարարել էր, որ վստահում են Հայաստանի ժողովրդավարությանը, և որ ժողովրդավարությունը մշտական գործընթաց է։

«Այստեղ չկա գերակայություն մենք սովորում ենք ձեզանից, սովորում ենք ձեր սխալներից, բայց նաև սովորում ենք ձեր ձեռքբերումներից, և շատ-շատ բան եմ ես սովորել եմ այստեղ` Հայաստանում, և հասկացել եմ, որ ձեզանից շատ բան սովորելու բան կա։ Շատ շնորհակալություն՝ մեզ լավ դասեր տալու համար։ Մենք չենք ցանկանում որևէ բան ստիպել կամ եվրոպական ընտրությունը ստիպել, պարտադրել։ Սա ձեր ապագան է։ Մենք ուղղակի ձեր կողքին կանգնած ենք և, իհարկե, կաջակցենք ձեզ։ Սա միայն ժողովրդավարության հարց չէ, սա նաև անվտանգության հարց է»։

Վերադառնալով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի եզրակացություններին․ Ադրբեջանի իշխանություններին կառույցը խորհուրդ է տվել լիովին համապատասխանեցնել Մարդու իրավունքների հանձնակատարի ինստիտուտը իր չափանիշներին։ Անհրաժեշտ է համարել ապահովել Մարդու իրավունքների հանձնակատարի թափանցիկ նշանակումը, ստեղծել առանձին մարմին, որը կքննի խտրականության դեպքերը և կընդլայնի դրանց դեմ պայքարի կարողությունները։

Հանձնաժողովի գնահատմամբ՝ Ադրբեջանը «ոչ մի քայլ չի ձեռնարկել» իր երկրորդ առաջարկի կատարման ուղղությամբ, այն է՝ ստեղծել տվյալների հավաքման համակարգ ռասիստական ​​և սեռական փոքրամասնությունների հանդեպ ֆոբիկ ատելության խոսքի և ատելության հանցագործության դեպքերի վերաբերյալ։

Ատելության խոսքը շատ հաճախ Ադրբեջանում արտահայտվում է հայատյացությամբ, ինչը մեծապես խրախուսվում է պետական մակարդակով։ Այդ մասին մշտապես խոսել և ահազանգել են Հայաստանի քաղաքական և վերլուծական դաշտի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Այդ մթնոլորտում են այսօր Բաքվում պահվում հայ գերիները, ուստի եվրոպական կառույցների ուշադրությունն՝ ուղղված այս խնդրին կցանկանար տեսնել Հայաստանի ԱԺ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Հերթական ահազանգը նա հնչեցրել էր «Եվրանեսթ» ԽՎ-ի 12-րդ լիագումար նիստին։

«Մենք պետք է հիշենք, որ ժողովրդավարությունը և անվտանգությունը աբստրակտ նպատակներ չեն։ Դրանք կառուցվում են մարդու իրավունքների, մարդկանց կյանքի և արժանապատվության հիմքով։ Այսօր մենք դեռ ունենք ռազմագերիներ 2020 թվականի պատերազմից հետո և հայ ժողովրդի` Լեռնային Ղարաբաղում 2023-ի էթնիկ զտումներից հետո։ Մենք ունենք 23 գերի պաշտոնական տվյալներով, բայց ասում են, որ ավելի քան 80 հայեր կան Ադրբեջանում պահված։ Զեկույցները ցույց են տալիս, որ շատ վատ պայմաններ են, հոգեբանական ճնշումներ են, անգամ վնասումների մասին են խոսում։ Վերջին այցելությունը Կարմիր խաչի կողմից հունիսին էր։ Այս կազմակերպությունը կասեցրել է իր աշխատանքն այնտեղ Բաքվի պահանջով, և հիմա ոչ մի կազմակերպություն չունի ռազմագերիներին այցելելու իրավունք»։

Իսկ Վրաստանի մասով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի եզրակացությունները վերապահումներ են պարունակում հատկապես միջգերատեսչական կոմիտեի ստեղծման առումով։ Այդ կոմիտեն պետք է ներառեր Օմբուդսմենի գրասենյակի, միջազգային կազմակերպությունների և քաղհասարակության համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչների՝ կյանքի կոչելու Մարդու իրավունքների 2022-30 թվականների ազգային ռազմավարության՝ հավասարության ապահովման բաղադրիչը։ Եվրոպական հանձնաժողովը որևէ տեղեկատվություն չի ստացել միջգերատեսչական կոմիտեի կամ նման մեխանիզմի ստեղծման կամ ստեղծման որևէ ծրագրի մասին:

Leave a Comment