ՔԿ հաղորդում է ներկայացրել Դանիել Իոաննիսյանը – Live News

Հոգևորականների խուզարկության որոշումներից հասկանալի է դարձել, որ Տեր Արամի տված հարցազրույցի հիման վրա Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել՝ ստուգելու, թե արդյոք հավաքներին մասնակցելու հարկադրանք եղել է, թե ոչ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

Ըստ Փաստաբանի՝ հոգևորականներին հենց այս գործի շրջանակներում են բերման ենթարկել։

Նշենք, որ Դանիել Իոաննիսյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգողն է։

Հիշեցնենք, որ Տեր Արամը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մասնակցել է 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով։

«Մանավանդ որ ես Երևանում էի ապրում, պետք է մասնակցեի բոլոր ցույցերին։ Եթե չմասնակցեի, խնդիրներ կլիներ, պետք է հստակ բացատրեի, թե ինչու չէի գնում։ Այդ պահի թելադրանքը վերևից այդպես էր»,-ասել էր Տեր Արամը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր , որ Տեր Մկրտիչի գտնվելու վայրը հայտնի չէ, փորձում են պարզել, թե որտեղ է գտնվում նա։

Հիշեցնենք, որ երեկ գիշեր խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:

Leave a Comment