«Բոլորս հասկանում ենք, որ սա պատահական չի նախընտրական տարում, որովհետեւ եկեղեցին լինելով ամենահին հաստատությունը մեր իրականության մեջ՝ ունի ամենաբարձր վարկանիշը որպես հաստատություն». Գարեգին Չուգասզյան

Անի Պլազա հյուրանոցում կայացավ «Ազգային համագործակցության» հերթական քննարկումը, որի գլխավոր թեման էր «Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ սանձազերծված հալածանքները»:

Քննարկումը նախագահող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ընդգծեց, որ նպատակը բոլորի սրտերում առկա համագործակցության միջավայրը այստեղ կյանքի կոչելն է:

«Առաջնային խնդիրը, որ կա այսօրվա օրակարգում, երեկվա խայտառակությունն էր, դատավարությունը: Ըստ էության, Հայաստանում երկար տասնամյակներ ընդմիջումից հետո իր պատկերացումների համար, չեմ էլ ասում քաղաքական հայացքների, իր աշխարհընկալման համար դատապարտման ենթարկվեց  արքեպիսկոպոս: Պատկերացրեք ինչ ահավոր երեւույթ է: Եւս մեկ բարձրաստիճան հոգեւորական սպասում է իր դատավարությանը:

Այսօր մեր առաջնային խնդիրը փաստաթղթի ընդունումն է: Ուղղվածությունը հետեւյալն է. մենք պետք է անդրադարձայինից անցնենք նախաձեռնողական գործելակերպի: Թեկուզ այն հարցը, որը մեզ համար ամենակարեւորն է այսօր, մենք անդրադառնում ենք Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունների սանձազերծած իրավախախտումներին: Մինչդեռ, կարծում եմ, որ բոլորն են այդպես տրամադրված: Նախորդ նիստում շատերը դրա մասին խոսեցին: Երբ չարի հետ գործ ունես, չես սպասելու, որ չարը իր չարիքն անի, հետո դու անդրադառնաս: Ի սկզբանե պետք է փորձել չարը արմատախիլ անել»:

ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ազգային համագործակցության կլոր սեղանը այսօր հավաքվել է՝ քննարկելու Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սկսված հալածանքների հարցը, որը երեկ արտահայտվեց  սրբազան Աջապահյանի դատավարությամբ: Մենք բոլորս հասկանում ենք, որ սա պատահական չի նախընտրական տարում, որովհետեւ եկեղեցին լինելով ամենահին հաստատությունը մեր իրականության մեջ՝ ունի ամենաբարձր վարկանիշը որպես հաստատություն, մոտավորապես 70 տոկոս: Անգամ մեր ժողովրդի ոչ հավատացյալ հատվածը մեծ հարգանքով է վերաբերվում եկեղեցուն որպես ազգային ինքնության հիմնասյան:

Բնականաբար, սա չէր կարող չնկատվել թշնամու կողմից: Թշնամին հայտարարել է Հայոց Եկեղեցին որպես ռևանշիստական կազմակերպություն, և փաստորեն, Հայաստանի ներկայիս իշխանությունը, որը թշնամու հետ համագործակցող կոլաբորանտ իշխանություն է, ինքը Ալիեւի ճնշման տակ Հայաստանում , կարելի է ասել, համաշխարհային բացառիկ քույր եկեղեցիների մեջ առանձնացող ներքին օրակարգ է դարձրել եւ հարձակումների ու հալածանքների առարկա է դարձրել հայկական քրիստոնեական եկեղեցին:

Այսպիսի բան, հավանաբար, մեր պատմության մեջ մենք կարող ենք հիշել կոմունիստների ժամանակ՝ 1920-ականների առաջին տարիներին, երբ ամենալուրջ հալածանքների էր ենթարկվում եկեղեցին: Հիմա մենք տեսնում ենք այդ ալիքը»:

Հարցին, թե իր կարծիքով ինչ պետք է արվի, քանի որ միայն խոսելը արդյունք չի տալիս, պարոն Չուգասզյանը պատասխանեց. «Խոսելով արդյունք լինում է, որովհետեւ նախ պետք է մարդու գիտակցությունը ազատագրվի, հետո մարդն իրեն ազատագրի: Եթե դու գիտակցության մեջ չես ազատագրվում, ֆիզիկապես էլ չես ազատագրվի: Նախապատրաստական այս հանդիպումները, քննարկումները, համագործակցության, կոնսենսուսի շրջանակի ճշտումը քաղաքական աշխատանք է, որը հենց խոսելով է արվում: Բայց դա չի նշանակում, որ միայն խոսելով պիտի սահմանափակվել: Դրա համար հուսանք, որ այս կլոր սեղանը, որ մի քանի անգամ հավաքվել է եւ հայտարարություններ է ընդունել տարբեր հարցերի շուրջ, այդ թվում Ալիեւի կողմից ճնշումների արդյունքով  Սահմանադրություն փոխելու, Անկախության հռչակագրից հրաժարվելու հարցով, հետո հայտարարություն եղավ քաղաքական սպանության հետ կապված, հիմա նաեւ երրորդ հայտարարությունն է ընդունվում եկեղեցու դեմ հալածանքների, սրբազան Միքայել Աջապահյանի դատավարության կապակցությամբ:

Այս բոլորը ոչ միայն քննարկումներ են, այլեւ քաղաքական այլընտրանքայի առաջարկներն են ծնվում, թե ինչպես այդ բոլորը պետք է արտահայտվի սահմանադրական փոփոխություններով, որովհետեւ իշխանություն կոչվածը արդեն ասել է, որ ինքը սահմանադրական փոփոխություններ է անելու, չորրորդ հանրապետություն է ծնելու եւ այլն: ուրեմն մենք պետք է ոչ միայն դիմադրենք, այլեւ այլընտրանքը առաջարկենք ժողովրդին, թե ինչ պիտի լինի:

Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ իրեն լուծարում է սպասվում որպես պետականություն, հետո նաեւ որպես ինքնություն: Եվ դրա առջեւ պիտի ստեղծվի դիմադրության այն ճակատը, որը ժողովրդին կառաջարկի այլընտրանքը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment