Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Մարդու իրավունքների խթանումը և պաշտպանությունը ՄԱԿ80 բարեփոխումների շրջանակներում» խորագրով նախարարական փակ կլոր-սեղան քննարկմանը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության առաջնային դերը ՄԱԿ համակարգում՝ որպես խաղաղության, անվտանգության և զարգացման ոլորտներում առաջընթացի գրավական: Կարևորելով վաղ նախազգուշացման և կանխարգելման մեխանիզմների ամրապդնումը՝ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է մարդու իրավունքների խախտումների հասցեագրման և խոցելի խմբերի պաշտպանության հարցում կարողությունների զարգացման անհրաժեշտությունը:
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ֆինանսավորման անհրաժեշտությունը՝ ուղղված խախտումներին արագ արձագանքմանն ու հետագա ճգնաժամերի կանխմանը, ինչպես նաև հաշվետվողականության ու արդարության ապահովմանը։
ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ համագործակցելու միջազգային գործընկերների հետ մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ:
ՀՀ ԱԳՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: