Օգոստոսի 12-20-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ ՊՆ–ն հաղորդում է, որ այն կանցկացվի միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում։ Դրան կներգրավվեն ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Փորձագետները նախանշվող վարժանքները կարևոր միջոցառում են համարում ՝ այն ևս մեկ քայլ հարելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցությունը խոսքից գործի վերածելու ճանապարհին։
«Արծիվ գործընկեր — 2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ:
Ըստ ՊՆ–ի հաղորդագրության՝ զորավարժության նպատակն է բարձրացնել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը, փոխգործակցելիության մակարդակը, կառավարման և մարտավարական հաղորդակցման փորձառությունը։
Նշվում է, որ միջազգային խաղաղապահ գործողություններին նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:
«Արծիվ գործընկեր»-ը երրորդ տարին անընդմեջ անցկացվող հայ-ամերիկյան զորավարժություն է, առաջինը՝ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության կանոնադրության ստորագրումից հետո։ Փորձագետները կարծում են, որ նախաձեռնությունն ունի ռազմաքաղաքական կարևորություն ոչ միայն խաղաղապահ առաքելության, այլ նաև՝ Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև փոխգործակցության խորացման համատեքստում։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյան.
«Սա ակնհայտ հաղորդագրություն է տարածաշրջանում ԱՄՆ-ի հետաքրքրությունների՝ ՄՆ-ի և ՀՀ-ի միջև ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ և ընդգծում է վերջին շրջանում որոշակի վատատեսական կանխատեսումների առ ոչինչ լինելը՝ առ այն, որ ԱՄՆ-ն, թեև նախորդ վարչակարգի դեմքով Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության կանոնադրություն ստորագրեցին, այնուամենայնիվ, նոր վարչակարգը Հայաստանը և մեր տարածաշրջանը դասում է երկրորդական, երրորդական կամ տասներորդական տեղում և նրանց հետաքրքրությունների շրջանակը տարբերվում է նախորդ վարչակարգի հետաքրքրությունների շրջանակից։ Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ իրականում միտումները բոլորովին այլ են»։
Ռազմական փորձագետ Լևոն Հովհաննիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ուշադրություն է հրավիրում մասշտաբների փոփոխության վրա։
«Միանշանակ դա նպաստում է հարաբերությունների զարգացմանը, եթե նկատենք միջոցառման անցկացման մասշտաբների փոփոխությունը և դրան հանրայնություն տալու տարբերությունները նախորդ տարիներին և հիմա։ Կա միանշանակ տարբերությունը, որը վկայում է հարաբերությունների ավելի սերտացումը»։
Ըստ ռազմական փորձագետի՝ եթե անգամ զորավարժությունները ռազմական խորը համագործակցության ապացույց չեն , բայց փաստում են այդ համագործակցության աճի միտումները։
Հովհաննիսյանը զուգահեռ է տանում հունիսի վերջերին Վրաստանում ՆԱՏՕ-ի անցկացրած զորավարժությունների հետ, որոնց նույնպես Հայաստանը մասնակցում էր։
«Եթե համեմատություն անցկացնենք վերջերս Վրաստանում անցկացված զորավարժությունների հետ, ապա դրանց ռազմաքաղաքական նշանակությունը դժվար է համեմատել՝ կարևորության առումով։ Այնուամենայնիվ, ըստ իս, սա շատ կարևոր միջոցառում է ռազմական տեսանկյունից, որովհետև բավական մեծ փորձի փոխանակում է տեղի ունենում զորավարժությունների թե՛ նախապատրաստական, թե՛ հենց անցկացման ժամանակ»։
Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ այս զորավարժությունները ևս, ինչպես նախորդները, անտարբեր չեն թողնի Մոսկվային։ Փորձագետն ագրեսիվ հայտարարություններ է ակնկալում Ռուսաստանից, ավելի հավասարակշիռ արձագանք՝ Իրանից ու տարածաշրջանային մյուս խաղացողներից։
«Դրանք, հավանաբար, կլինեն ոչ միայն պաշտոնական մակարդակում, այլ՝ ավելի շատ և ավելի ագրեսիվ կլինեն փորձագետների և մեդիաներկայացուցիչների կողմից։ Իրանը հավասարակշռված կլինի. Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների հետ կապված էլ Իրանը մշտապես պահում է որոշակի հավասարակշռվածությունը և երբևէ Իրանի կողմից ընդդիմադիր հայտարարություններ Հայաստանի արևմտյան քաղաքականության վերաբերյալ մենք չենք տեսել։ Ինչ վերաբերում է Թուրքիային, կարծում եմ, այստեղ ընդհանրապես որևէ արձագանք չի լինի, քանի որ ՄՆ-ն և Թուրքիան բոլորովին այլ մակարդակում են համագործակցում»։
Ռազմական փորձագետ Լևոն Հովհաննիսյանի կարծիքով՝ այս ձևաչափը, անկախ բոլոր հանգամանքներից, Հայաստանի համար կարևոր է խաղաղապահ ներուժը ՆԱՏՕ-ի և արևմտյան ուժերի չափանիշներին համահունչ դարձնելու առումով։
«Մասնավորապես, հաշվի առնելով մեր բանակի՝ վերջերս ընդունված բարեփոխումների հայեցակարգը, որի կոնտեքստում՝ ավելի դեպի Արևմուտք ուղղված, դեպի ՆԱՏՕ համակարգերին և ռազմական գործելաոճին ուղղված այս նոր կուրսը եթե հաշվի առնենք, այդ կոնտեքստում գոնե ռազմական առումով բավականին մեծ փորձի փոխանակում է տեղի ունենում»։
Փորձագետը նկատում է նաև, որ զորավարժանքներում բժշկական բաղադրիչի շեշտադրումը՝ տարհանումների և մարդասիրական արձագանքման տեսանկյունից, ընդգծում է ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը։ Այսպիսի զորավարժությունները, ըստ էության, նպաստում են տարածաշրջանային կայունության ամրապնդմանը՝ ցույց տալով, որ Հայաստանը կարող է գործել որպես պատասխանատու դերակատար միջազգային խաղաղապահ ճակատում։