Մինչ Գյումրիում երկու օր է՝ ակտիվորեն շրջանառվում է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանին ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի՝ աշխատանքից հեռացված Գագիկ Ֆարզադյանի փոխարեն տնօրեն նշանակելու մասին, Aravot.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Սարիկ Մինասյանը շուտով կնշանակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որը ՔՊ կուսակցության արտաքին կապերի պատասխանատուն է, ԱՄՆ-ում կնշանակվի ՀՀ դեսպան՝ Լիլիթ Մակունցի փոխարեն։ Նրա դեսպան նշանակվելու ագրեմանն, ըստ մեզ հասած տեղեկությունների, արդեն հաստատվել է ( ի դեպ, Նարեկ Մկրտչյանի եղբայրն ԱՄՆ-ում է բնակվում)։
Սարիկ Մինասյանն էլ, որը սոցիալական ոլորտում աշխատանքի փորձ ունի, զբաղեցրել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի ղեկավարի պաշտոնը, կնշանակվի նախարար։
Նշենք, որ ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղից մեզ երկու օր առաջ վստահեցնում էին, որ Սարիկ Մինասյանը կնշանակվի տնօրեն, ըստ որոշ տեղեկությունների՝ նա արդեն իսկ հասցրել էր լինել այդ կառույցում, այսօր, սակայն, տեղեկացրեցին, որ բան է փոխվել, ամենայն հավանականությամբ տնօրենի թեկնածուն Սարիկ Մինասյանը չէ։
Aravot.am-ը զանգահարեց Սարիկ Մինասյանին՝ նրանից պարզաբանում ստանալու, սակայն նա, չգիտես ինչու, մշտապես չի պատասխանում մեր լրատվամիջոցի հեռախոսազանգերին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: