
Բարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները:
Սրտաբանության գծով ԱՆ խորհրդատու Համլետ Հայրապետյանը ներկայացրել է հիմնական վտանգները.
- տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է իջեցնել զարկերակային ճնշումը,
- մեծանում է քրտնարտադրությունը, ինչի շնորհիվ օրգանիզմը կարողանում է պահել իրեն անհրաժեշտ ջերմային ռեժիմը, սակայն կարող է առաջանալ ջրազրկում,
- մեծանում է թրոմբոզների հավանականությունը օրգանիզմում,
- էլեկտրոլիտների դեֆիցիտ, որի հետևանքով կարող են առաջանալ առիթմիաներ, սրտի աշխատանքի տարբեր տեսակի խանգարումներ՝ ընդհուպ մինչև կյանքին վտանգ սպառնացող:
Ո՞ւմ համար է հատկապես վտանգավոր շոգը
- Սրտային անբավարարություն ունեցողներ,
- Ցածր կամ բարձր զարկերակային ճնշում ունեցողներ,
- Սրտի իշեմիկ հիվանդություն ախտորոշմամբ անձինք,
- Սրտի ռիթմի խանգարումներ ախտորոշմամբ անձինք,
- Տարեցներ, որոնց ջերմակարգավորման մեխանիզմներն ավելի թույլ են:
Խորհուրդներ
- Հեղուկների ընդունում, հատկապես մաքուր ջուր։ Խուսափել ալկոհոլից և սուրճից։ Անհրաժեշտության դեպքում համաձայնեցնել հեղուկի օգտագործման քանակը բուժող բժշկի հետ:
- Խուսափել բարձր ջերմաստիճանի ժամերին դուրս գալուց (ժ.11:00–17:00):
- Պահպանել դեղերի ընդունման ժամանակացույցը և խորհրդակցել բժշկի հետ՝ արդյո՞ք անհրաժեշտ է հարմարեցնել դեղաչափը շոգ եղանակին։
- Մնալ սառը կամ օդափոխվող տարածքներում։
- Հետևել արյան ճնշմանը և սրտի զարկերին՝ անհրաժեշտության դեպքում` խորհրդակցել բժշկի հետ։