
«Փաշինյանը ոչ թե ճանաչում է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու ինքնակառավարումը, այլ անամոթաբար, ցինիկաբար խառնվում է մեր սուրբ եկեղեցու ինքնակառավարմանը». – Ամենայն Հայոց կաթողիկոսի նոր ընտրության՝ վարչապետի նախապատրաստությունը սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ապօրինի է որակում: Նրան չեն համոզել Փաշինյանի ու թիմակիցների հավաստիացումները, որ կաթողիկոսի կուսակրոնությունը նրանց հետաքրքրում է բացառապես որպես հայ քրիստոնյաների:
Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն իրեն Առաքելական եկեղեցու մոլեռանդ հետևորդ համարի, նա գործում է որպես Հայաստանի վարչապետ, ասում է Վարդան Պողոսյանը, թվարկում Սահմանադրության ու օրենքների արգելքները. Մայր օրենքով եկեղեցին անջատ է պետությունից, առանձին օրենքով էլ պետությունն իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին, նաև հոգևորականների ընտրության, նվիրապետության կարգին.:
«Երբ որ ինքը նման հայտարարություններ է անում Առաքելական սուրբ եկեղեցու, Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին, նա խախտում է՝ որպես
Հայաստանի վարչապետ, այն չեզոքության պատվիրանը, որը պարունակում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը», – «Ազատության» հետ զրույցում ասաց սահմանադրագետը:
Վարչապետը նախ կաթողիկոսից կուսակրոնության ուխտը խախտելու հրապարակային պարզաբանումներ ուզեց, ապա Գարեգին Երկրորդի անխախտ լռության պայմաններում հայտարարեց, որ փաստեր ունի՝ կաթողիկոսը, ըստ նրա, խախտել է կուսակրոնության ուխտը, զավակ ունի, ապա պահանջեց նրա հեռացումը: Իսկ երեկ արդեն կաթողիկոսի նոր ընտրության կազմակերպչական հարցերին լծվեց, համակարգող խմբի անդամի չափանիշները հրապարակեց, դրանց մեջ նաև՝ Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ կարդալը, վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ Մեծ պահքը պահելն էր մտնում: Առաջին տասնյակի ընտրությամբ բազմազբաղ վարչապետը որոշել է անձամբ զբաղվել:
«Ես խնդրում եմ, որ դուք էդ մասով կասկած չունենաք: Ընդհանուր առմամբ, մեր բոլոր գործողությունները, որոնք վերջին յոթ տարվա ընթացքում եղել են, եղել են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում», – այսօր հայտարարեց տարածքային կառավարման նախարար, ՔՊ-ական Դավիթ Խուդաթյանը:
Խուդաթյանը երեկ մասնակցել է իշխող ուժի ղեկավար մարմնի նիստին: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հաստատել էր՝ կաթողիկոսի հարցն էլ են այդ նիստում քննարկել:
«Դուք աշխատանքային խմբի աշխատանքի բնույթը գիտե՞ք, աշխատանքային խումբը հրապարակե՞լ է, օրինակ, ինչով է ինքը զբաղվելու: Երբ որ հրապարակի, երբ որ իր աշխատակարգը հստակ լինի, դուք կտեսնեք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և գործող օրենքներին այն ոչ մի կերպ չի հակասում: Ես ինքս բացառում եմ էդպիսի իրավիճակ, երբ որ մենք գնանք օրենքներին և Սահմանադրությանը և նաև բարոյականությանը հակառակ», – շեշտեց Խուդաթյանը: