
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Էդուարդ Աղաջանյանը, Աննա Գրիգորյանը, Լուսինե Բադալյանը, Քրիստինե Վարդանյանը, Նելլի Բավեյանը և Նարեկ Բաբայանը նոյեմբերի 9-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը։
Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանն ու տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին, բարձր գնահատել երկու երկրների միջև առկա դարավոր բարիդրացիական հարաբերությունները։
Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է, որ Հայաստան-Իրան կապերը վերջին շրջանում դինամիկ զարգանում են, ինչը տարածաշրջանային համագործակցության ու հարաբերությունների զարգացման լավ օրինակ է։ Պատգամավորը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում։
Կողմերը փաստել են տնտեսական, էներգետիկ, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում կապերի ակտիվ զարգացումն ու ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի հարավում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում իրանական կազմակերպությունների զգալի ներգրավվածությանը։
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։
Մտքեր են փոխանակվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ։
Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են, որ հարաբերությունների զարգացման գործում ակտիվ փոխայցերն ունեն ուրույն դերակատարում ու քննարկվել երկկողմ այցերի կազմակերպմանն առնչվող հարցեր: