Երկուշաբթի օրը կայացած ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների XIV տարեկան հանդիպման ընթացքում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն անդրադարձել է հետխորհրդային տարածքի երկրներում էներգակիրների գների հետ կապված իրավիճակին, ինչպես նաև պարենային անվտանգության հարցերին։
Խոսելով էներգետիկ շուկայում տիրող իրավիճակի մասին՝ Շոյգուն նշել է, որ հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում եվրոպական էներգակիրների գնումները չեն ուղեկցվում բնակչության կենսամակարդակի համապատասխան բարելավմամբ։ Որպես օրինակ՝ նա հիշատակել է Մոլդովան և Ուկրաինան։
«Շատ երկրներում էներգակիրները եվրոպական են, իսկ կյանքը՝ ամենևին ոչ եվրոպական։ Մի կողմ թողնենք նույն Մոլդովան ու Ուկրաինան։ Եթե խոսքը Մոլդովայի մասին է, ապա եվրոպական հագուստ հագնելուց առաջ լավ կլիներ մտածել սեփական ներքնազգեստի մասին», — հայտարարել է Շոյգուն։
Անդրադառնալով պարենային անվտանգության հարցերին՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանում պարենամթերքի հիմնական տեսակներն արտադրվում են ավելցուկով, և երկիրը պատրաստ է դրանցով կիսվել հարևան պետությունների ու բարեկամ երկրների հետ։
«Ինչ վերաբերում է պարենային անվտանգությանը, ապա Ռուսաստանի պարագայում կարող եմ ասել, որ մեզ մոտ պարենամթերքի բոլոր հիմնական տեսակներն արտադրվում են ավելցուկով։ Մենք կարող ենք դրանցով կիսվել ինչպես մեր հարևանների, այնպես էլ մեր բարեկամների հետ», — հանդիպման արդյունքներն ամփոփելիս ասել է Շոյգուն։
Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանն աշխարհում առաջատար դիրքերից մեկն է զբաղեցնում պարարտանյութերի մատակարարման ոլորտում։