Իրանին ԱՄՆ-ի հարվածը դարձյալ կանխատեսվում է 48 ժամում – Live News

Իրանի գերագույն առաջնորդն ԱՄՆ-ին սպառնացել է տարածաշրջանային պատերազմով

 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 28-ին հայտնել էր, որ «հսկայական արմադա» է շարժվում Իրանի ուղղությամբ՝ «Abraham Lincoln» ատոմային ավիակրի գլխավորությամբ, և Թեհրանին սպառնացել էր ավելի ուժեղ հարվածով, քան 2025թ. ամռանը։

«Հուսանք, որ Իրանն արագ կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի արդար և իրավահավասար (իրականում՝ անազնիվ և ոչ իրավահավասար.- Ա. Հ.) համաձայնագիր՝ առանց միջուկային զենքի, որը ձեռնտու կլինի բոլոր կողմերին»,- գրել էր Թրամփն իր «Truth Social» սոցցանցում:

Եթե մնացյալ ամբողջը, որը հայտնի է մեզ, նույնիսկ մի կողմ թողնենք, ապա ի՞նչ արդար և իրավահավասար համաձայնագրի կնքման մասին կարող է խոսք լինել, եթե այն պարտադրվում է՝ ուղեկցվելով սպառնալիքով: Իրանը, ինչպես հայտնի դարձավ РБК-ի հրապարակումից , հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցություններից, քանի դեռ Թրամփը չի դադարել սպառնալ: Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության նվազեցման շուրջ բանակցությունները չպետք է սկսվեն սպառնալիքներով:

Իրանն ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների մեջ չի մտնի, եթե ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփը չդադարեցնի սպառնալը. այս մասին հունվարի 30-ին, «The New York Times»-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: Ըստ Արաղչիի, Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության նվազեցման շուրջ բանակցությունները պետք է հիմնված լինեն «արդար և իրավահավասար» մոտեցման վրա և չեն կարող սկսվել սպառնալիքներով:

«Ինչպես մենք պատրաստ ենք բանակցությունների, այնպես էլ մենք պատրաստ ենք պատերազմի»,- ասել է Արաղչին:

Նա նաև բացառել է իրանական բալիստիկ հրթիռների վերաբերյալ ցանկացած քննարկում՝ դրանք կենսական համարելով երկրի անվտանգության համար:

«Միևնույն ժամանակ, ես պետք է հայտարարեմ շատ հստակ և միանշանակ. իրանական հրթիռները, իրանական պաշտպանական համակարգը երբեք որևէ բանակցությունների առարկա չեն դառնա»,- հայտարարել է Արաղչին:

Իրանի միջուկային ծրագիրն Իսրայելի սիոնիստական վարչակարգի և համաշխարհային սիոնիզմի գործիք Թրամփի համար ընդամենը պատրվակ է: Այդ ճիվաղի նպատակն Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կառավարմանը վերջ տալն է, ինչի ուղղակի և բացահայտ կոչով հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահը: Նա կոչ է արել վերջ դնել այաթոլլա Ալի Խամենեիի կառավարմանը, որին զրպարտչորեն մեղադրել է երկիրն ամբողջությամբ ավերելու և «նախկինում չտեսնված մասշտաբներով բռնություն կիրառելու» մեջ:

Իրանն ընդհանրապես ավերված չէ, ԱՄՆ-ը և Իսրայելն ուզում են այն ավերել: Իսլամական Հանրապետության որոշ միջուկային և ռազմական օբյեկտներ անցյալ տարի ավերվել են, սակայն ոչ թե Իրանի գերագույն առաջնորդի կողմից կամ նրա մեղքով, այլ ԱՄՆ-ի նախագահի հանցավոր հրամանով իրականացված հրթիռա-ռմբային հարվածների հետևանքով:

Եթե Թրամփն այաթոլլա Ալի Խամենեին մեղադրել է երկիրն ամբողջությամբ ավերելու մեջ՝ նկատի ունենալով Իրանում ստեղծված սոցիալ- տնտեսական ծանր վիճակը, հսկայական գնաճը և Իրանի ազգային վճարամիջոցի՝ ռիալի բազմապատիկ արժեզրկումը, ապա Իրանի և հայերիս համար ցավալի, բայց Թրամփի և իր հանցախմբի համար շատ հաճելի այդ իրողությունը նույնպես ոչ թե այաթոլլա Ալի Խամենեիի վատ կառավարման հետևանքն է, այլ Թրամփի և, ընդհանրապես, ամերիկյան վարչակարգի կողմից Իրանի նկատմամբ տարիներ շարունակ կիրառվող խեղդող պատժամիջոցների: Ինչ վերաբերվում է «նախկինում չտեսնված մասշտաբներով» բռնության կիրառմանը, ապա Իրանի իշխանությունները ստիպված են գնացել այդ քայլին՝ երկրում ԱՄՆ-ի և Իսրայելի նախաձեռնած, կազմակերպած պետական հեղաշրջումը թույլ չտալու նպատակով:

Այն, որ Իրանի միջուկային ծրագիրն ընդամենը պատրվակ է նրան հարվածելու համար, պարզ է դառնում նույնիսկ ամերիկյան «New York Times»-ի հրապարակումից, որը վկայակոչելով ԱՄՆ-ի հետախուզական տեղեկություններին ծանոթ աղբյուրներին, «РИА Новости»-ի փոխանցմամբ , գրել է. «Արևմտյան հատուկ ծառայությունները նշաններ չեն հայտնաբերել, որ բարձր մակարդակի հարստացում է իրականացվում ռումբի պատրաստման համար պիտանի նյութի արտադրության կամ իրական մարտագլխիկի ստեղծման այլ գործողությունների համար»:

Իրանին ԱՄՆ-ի հարվածի կանխատեսված վերջնաժամկետը հունվարի 31-ի ավարտով լրացավ: Միացյալ Նահանգները հետաձգեց իր ռազմական ագրեսիան, քանի որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ էին սկսվել: Թրամփը երեկ, Life.ru- ի փոխանցմամբ , հույս էր հայտնել, որ Իրանը կհամաձայնի այն պայմաններին, որոնք կբավարարեն Վաշինգտոնին:

«Հուսով եմ, որ նրանք կհամաձայնեն ինչ-որ ընդունելի բանի շուրջ»,- լրագրողներին ինքնաթիռում, դեպի Ֆլորիդա ճանապարհին ասել էր ԱՄՆ-ի նախագահը և հավելել, որ Թեհրանն ամերիկյան կողմի հետ լուրջ բանակցություններ է վարում:

Սակայն, հնարավոր է, բանակցություններն այս անգամ էլ ԱՄՆ-ի առավելապաշտական, Իրանի համար ստրկացուցիչ ու նվաստացուցիչ, ինչպես նաև երկրի ազգային անվտանգությանը սպառնացող և ինքնիշխանությունն արհամարհող պահանջների պատճառով չեն հանգեցրել հարձակումը կանխող, խաղաղություն ապահովող պայմանավորվածության: Այս եզրակացությանը կարելի է հանգել՝ ծանթանալով բոլորովին թարմ հետևյալ տեղեկություններին…

Ասպարեզ է բերվել, այսպես կոչված, «միջուկային հոտառուն»: Համարվում է, որ դրանով իսկ ապացույցներ են ձեռք բերվել Իրանին հարվածելու ԱՄՆ-ի ծրագրի վերաբերյալ: Բրիտանական Սաֆոլկ կոմսությունում գտնվող «RAF Mildenhall» ավիաբազայում վայրէջք է կատարել ԱՄՆ-ի ՌՕՈւ-ի «WC-135r Constant Phoenix» հետախուզական եզակի ինքնաթիռը, որը փորձագիտական շրջանակներում վաղուց անվանել են «միջուկային հոտառու»: Ռազմական փորձագետ Յուրի Կնուտովը բացատրել է, թե «WC-135r Constant Phoenix-ն ինչպես է միջուկային գաղտնի արտադրություններ փնտրում, և նրա հայտնվելն ինչու կարող է Իրանի օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածի նախանշան լինել:

Եվրոպայում նրա անսպասելի հայտնվելը վերլուծաբանների շրջանում անմիջապես առաջացրել է հարցերի մեծ ալիք: Ինչպես նշել է Բրիտանական «The Telegraph» թերթը, դա կարող է կապված լինել միջուկային գործարքի ձախողման մասին Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո Իրանի շուրջ կտրուկ սրված իրավիճակի հետ:

Ռազմական փորձագետ Յուրի Կնուտովն «Аргументы и факты»-ի հետ զրույցում  հաստատել է, որ նման հատուկ ինքնաթիռի ժամանումը միշտ էլ նշանակալի և անհանգստացնող իրադարձություն է հետախուզության մեջ: Չնայած այն հանգամանքին, որ հիշյալ ինքնաթիռը ստեղծվել է դեռևս անցյալ դարի 60-ական թվականներին, այն բազմիցս արդիականացվել է, և այսօր աշխարհի ամենակատարյալ օդային լաբորատորիաներից մեկն է, որը թուլ է տալիս իրականացնել ճառագայթման առցանց վերլուծություն, և ոչ միայն…

Իսկ ո՞րն է եզակիությունը… Կնուտովը պարզաբանել է. «Հետախուզական ինքնաթիռը, այսպես կոչված, «միջուկային հոտառուն» տարբերվում է նրանով, որ դրա վրա տեղադրված են սենսորներ, որոնք օդի նմուշներ են վերցնում։ Եվ այն սարքավորումները, որոնք գտնվում են ինքնաթիռում, առցանց կատարում են դրա չափումներ և վերլուծություն: Այսինքն՝ ինքնաթիռը վայրէջք չի կատարում՝ նմուշներ վերցնելու, լաբորատորիա տանելու և այլն, ինչը երկար ժամանակ է պահանջում։  Ամեն ինչ միանգամից է կատարվում»։

Ինքնաթիռի սարքավորումները կարող են իրական ժամանակում որոշել մթնոլորտի ռադիոակտիվ աղտոտումը, հատուկ իզոտոպների առկայությունը և, որ ամենակարևորն է, հաշվարկել դրանց աղբյուրի կոորդինատները:

«Այսպիսով որոշվում է օդի ռադիոակտիվ աղտոտումը, տարբեր իզոտոպների առկայությունը,- նշել է փորձագետը։- Վերլուծության արդյունքում բացահայտվում են այն վայրերը, որտեղ պահվում կամ արտադրվում է միջուկային զենքը»:

Սա, նրա հավաստմամբ, թույլ է տալիս հայտնաբերել նույնիսկ խնամքով թաքցված օբյեկտները: «WC-135r Constant Phoenix»-ը կարող է հայտնաբերել նաև միջուկային զենքի ստորգետնյա փորձարկումները։ Նշված ինքնաթիռի հնարավորությունները չեն սահմանափակվում ռադիոակտիվ նյութերի և միջուկային զենքի գործող արտադրությունների մոնիտորինգով։ Ինքնաթիռի սարքավորումներն այնքան զգայուն են, որ կարող են որսալ վերջին ստորգետնյա միջուկային պայթյունների հետքերը, որոնք, կարծես, ամբողջովին մեկուսացված են մթնոլորտից:

«Դա, ըստ էության, հետախույզ է, որը դիտարկում է մթնոլորտի վիճակը,- ասել է Կնուտովը։- Եթե միջուկային պայթյուն է տեղի ունեցել, օրինակ, ստորգետնյա, ապա ինքնաթիռի սարքավորումներն օդային նմուշների վերլուծության միջոցով դա կբացահայտեն: Գործի են դրվում նաև ցամաքային սեյսմիկ սարքավորումները»:

Տեխնոլոգիաների այս համադրությունը «WC-135r Constant Phoenix»-ը դարձնում է անփոխարինելի գործիք միջուկային փորձարկումների արգելման և զենքի չտարածման պայմանագրերի կատարումը վերահսկելու համար: Նրա տվյալներն ԱՄՆ-ում համարվում են հիմնավոր ապացույց, չնայած, ինչպես կտեսնենք հաջորդիվ, այս «օբյեկտիվությունը» հաճախ կասկածի տակ է դրվում:

Փորձագետը հիշեցնում է նախադեպը. «Նախորդ անգամ, երբ ամերիկացիները գործողություն էին նախապատրաստում Իրանի դեմ, նրանք արդեն նման ինքնաթիռ էին տեղափոխում։ Այն նույնպես նման թռիչքներ էր իրականացնում։ ԱՄՆ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, թե իբր կան օբյեկտներ, որտեղ գտնվում է զենքի համար պատրաստվող ուրանը, և հարված էին հասցրել դրանց»։

Սակայն, ինչպես ընդգծել է Կնուտովը, «նման տեղեկատվությունը սովորաբար չի ապահովվում ոչ մի օբյեկտիվ տվյալով և անկախ աղբյուրներով»։ Սա լուրջ մտավախություններ է առաջացնում, որ «միջուկային հոտառուից» ստացված հետախուզական տվյալները կարող են օգտագործվել հարձակման համար արհեստական առիթ ստեղծելու համար:

«Չի բացառվում, որ արհեստական առիթ ստեղծվի միջուկային զենքի արտադրության մեջ իբր ներգրավված ձեռնարկությանը կանխարգելիչ հարված հասցնելու համար»,- զգուշացրել է ռազմական վերլուծաբանը:

Մտահոգությունները թեժացնում է նաև աշխարհագրական գործոնը։ «WC-135r Constant Phoenix»-ի թռիչքի հեռավորությունը կազմում է մոտ 6400 կիլոմետր, Իրանը հասանելիության գոտում է։ 6400 կիլոմետրն ավելին է, քան անհրաժեշտ է Մեծ Բրիտանիայի ավիաբազայից Մերձավոր Արևելքի երկրներ թռչելու և Իրանի սահմանների մոտ օդային տարածքի մանրակրկիտ մոնիթորինգ անցկացնելու համար։

«Ինքնաթիռը կարող է հասնել Մերձավոր Արևելք, Իրանի հարևան պետություններ, կամ թռչել չեզոք ջրերի վրայով և իրականացնել օդային նմուշառում,- ասել է Կնուտովը:- Ստացված եզրակացությունը կարող է հիմք հանդիսանալ երկրի տարածքին հրթիռային հարված հասցնելու համար»:

Այսպիսով, «միջուկային հոտառու»-ի ժամանումը ոչ թե տեխնոլոգիայի սովորական ռոտացիա է, այլ լուրջ ռազմավարական ազդանշան: Սա Իրանի անմիջական հարևանությամբ «ապացուցողական բազա» հավաքելու ԱՄՆ-ի պատրաստակամության դրսևորում է։

Այն պայմաններում, երբ Թեհրանի հետ դիվանագիտական ուղիները գրեթե փակված են, նման գործողությունները կտրուկ բարձրացնում են լարվածության աստիճանը։  Համաշխարհային հանրությանը մնում է ուշադիր հետևել խորհրդավոր «WC-135r Constant Phoenix»-ի թռիչքների երթուղիներին, որի տվյալները բառի բուն իմաստով կարող են պատերազմի առիթ դառնալ։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

 

Leave a Comment