Հետո կանջատվեն ՆԱՏՕ-ի, ողջ Եվրոպայի լույսերը, հնարավոր է, նաև ԱՄՆ-ի և աշխարհի, ողջ մարդկության լույսերը, կլինի միայն խավար. 2

Վլադիմիր Վլադիմիրովիչը մի անգամ հայտարարել է, որ եթե Ռուսաստանը չլինի, ապա այդ դեպքում ինչու մեզ պետք է նման աշխարհը

 

Սկիզբը՝ այստեղ

ՌԴ Կալինինգրադի մարզի շրջափակման կամ ուժային գրավման մասին ՆԱՏՕ- ի երկրների քաղաքական գործիչների հայտարարությունները զառանցանք են, այդ խոսքերում տկարամտություն է նկատվում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Արևմտյան ամենագլխավոր քաղաքական գործիչների կողմից մերթ ընդ մերթ հայտարարություններ են հնչում Բալթիկ ծովը Դաշինքի (ՆԱՏՕ-ի.- Ա.Հ.) ներքին ծովի վերածելու ցանկության մասին,- ասել է Զախարովան լրատվամիջոցների համար այսօրվա ճեպազրույցի ժամանակ։- Սրանք հիվանդ ֆանտազիաներ են, սա զառանցանք է Կալինինգրադի մարզի հնարավոր շրջափակման թեմայով։ Նույնիսկ պայմանավորվել են մինչև ինչ-որ հնարավոր ուժային գրավումը: Պարզապես տկարամտությունն ու խիզախությունն են առկա այդ հայտարարություններում»:

Այո, հենց դա էլ վտանգավոր է, երբ խիզախությունը զուգորդվում է տկարամտության հետ, թեև չենք բացառում, որ այստեղ խնդիրը տկարամտությունը չէ:

 

Ռուսատյացությամբ թունավորված արևմտյան ամենագլխավոր քաղաքական գործիչները կանգնած են երկու ընտրության առջև

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և ուրիշներ, տեսնում են, որ տանուլ են տալիս Ռուսաստանի դեմ իրենց պրոքսի պատերազմում (Ուկրաինայի միջոցով) և հիբրիդային պատերազմում (ներառյալ, որպես դրա բաղադրիչ, հակամարտությանն իրենց ղեկավարած պետությունների անմիջական ու մասնակի մասնակցության) ու չեն հասնում Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու իրենց նպատակին:

Արևմտյան ամենագլխավոր քաղաքական գործիչները, միաժամանակ, շատ լավ հասկանում են, որ Ռուսաստանի հաղթանակից հետո կորցնելու են իրենց իշխանությունը, ամենաուշն առաջիկա ընտրություններում չեն ընտրվելու, իսկ նրանք (ընդդիմությունը, իրենց հակառակորդները), ովքեր կգան իշխանության, կհասնեն նրան, որ իրենք կանգնեն քրեական պատասխանատվության առջև և շատ երկար ժամանակով ազատազրկվեն Ուկրաինային սպառազինության մատակարարման գործընթացում կոռուպցիոն գործարքների, ինչպես նաև պետական բյուջեից միլիարդների հասնող գումարներ վատնելու համար:

Հետևաբար Զախարովայի ասած արևմտյան ամենագլխավոր քաղաքական գործիչների ընտրությունը երկուսն է՝ կամ համակերպվել այդ մտքին և առաջիկայում, որպես քրեական հանցագործներ, շատ երկար ժամանակով ազատազրկվել, կամ Ռուսաստանի կործանման իրենց նպատակին հասնելու համար խիզախել ու գնալ ինքնասպանության՝ Կալինինգրադի մարզի վրա հարձակվելով կամ նրա շրջափակմամբ սադրելով միջուկային զենքի լայնամասշտաբ կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմ: Կարծում ենք, բոլորին հասկանալի է, որ այս վերջին ընտրությունը կլինի ոչ միայն Ռուսաստանի, այլև ողջ Եվրոպայի և աշխարհի կործանումը:

 

Կալինինգրադի մարզը պաշտպանում է Ռուսաստանի ողջ հզորությունը

Ինչպես դեկտեմբերի 22-ին «Վալդայ» ակումբի քննարկման ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, Կալինինգրադի մարզը, որպես Ռուսաստանի անբաժանելի մաս, գտնվում է պետության ողջ հզորության պաշտպանության ներքո: Նա հավելել, որ այդ մոտեցումը կիսում է բելառուսական կողմը:

«Կալինինգրադի մարզը Ռուսաստանի Դաշնության անբաժանելի մասն է,- РБК-ի տեղեկացմամբ, ասել է Ռյաբկովը «(Ոչ)ռազմավարական կայունություն-2025. տարվա արդյունքները միջազգային անվտանգության ոլորտում» քննարկման ժամանակ։- Նրա անվտանգությունն ու բնականոն կենսագործունեությունը կերաշխավորվեն ռուսական պետության ողջ հզորությամբ»:

Ռյաբկովն առաջին անգամ չէ, որ նման հայտարարություններ է անում։ Նա օգոստոսին նույնպես ընդգծել էր, որ Կալինինգրադի մարզի անվտանգությունը կապահովվի բոլոր միջոցներով։

«Կալինինգրադի մարզը մեր երկրի անբաժանելի մասն է, և այս համատեքստում ոչ մի կերպ քննարկման ենթակա չէ»,- ասել է նա այն ժամանակ և հավելել, որ «բոլոր դեմարշներն արվում են, բոլոր ազդանշանները հասցվում են տեղ»: Այնուհանդերձ, չնայած արդեն շուրջ 4 ամիս է անցել, արևմտյան ամենագլխավոր քաղաքական գործիչները շարունակում են խոսել Բալթիկ ծովը ՆԱՏՕ-ի ներքին ծովի վերածելու, Կալինինգրադի մարզի շրջափակման ու նույնիսկ գրավման մտադրության կամ ցանկության մասին:

 

Լեհաստանում Կալինինգրադը համարել են իրենցը, ՆԱՏՕ-ում ծրագրել են Կալինինգրադի մարզում ռուսական ուժերի կարողության ճնշում

Տարածաշրջանը Ռուսաստանի հիմնական տարածքից առանձնացված է Եվրամիության երկրների սահմաններով։ Լեհաստանը և ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Կալինինգրադ ռազմական ներխուժման հնարավորությունը Ռուսաստանի կողմից զինված ագրեսիայի դեպքում: Այս մասին մոտ երկու շաբաթ առաջ հայտնել է Եվրոպական կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Յարոսլավ Գրոմաձինսկին:

«Արժե բարձրացնել Կալինինգրադի հարցը, որն, իմ կարծիքով, Լեհաստանի տարածքն է»,- 2022 թվականի գարնանը հայտարարել է երկրի ցամաքային զորքերի նախկին հրամանատար Վալդեմար Սկշիպչակը։

Լիտվայում հնարավոր է համարվել Կալինինգրադ տարանցման սահմանափակումը որպես Ռուսաստանի և Բելառուսի վրա ճնշման խիստ միջոցներից մեկը, իսկ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հոկտեմբերի 26-ին առաջարկել է ոչ միայն փակել Բելառուսի հետ սահմանը, այլև սահմանափակել տարանցումը Կալինինգրադի մարզ:

Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ-ի բանակի հրամանատար և ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Քրիստոֆեր Դոնահյուն ս. թ. հուլիսին ասել է, որ ՆԱՏՕ-ում ծրագրել են Կալինինգրադի մարզում ռուսական ուժերի կարողության ճնշում: ՌԴ արտգործնախարարությունում դրան պատասխանել են, որ տարածաշրջանի անվտանգությունը կապահովվի բոլոր միջոցներով։ Ռուսաստանցի դիվանագետները սպառնալիք են տեսել, մասնավորապես, Դանիայի կողմից։

 

Պուտին. Կալինինգրադի մարզի շրջափակումը հակամարտությունը կընդլայնի՝ ընդհուպ մինչև լայնամասշտաբ զինված հակամարտություն

Վերջերս կազմակերպված և մամուլի ասուլիսի հետ զուգորդված ուղիղ գծի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարցրել են, թե ինչպիսի՞ն կարող է լինել Ռուսաստանի պատասխանը եվրոպական պետությունների կողմից Կալինինգրադի մարզի հնարավոր շրջափակման դեպքում:

Պուտինը նախ հույս է հայտնել, որ դա տեղի չի ունենա։

«Եթե մեզ նման սպառնալիքներ ստեղծեն, այդ սպառնալիքները մենք կոչնչացնենք»,- РБК-ի տեղեկացմամբ, ասել է Պուտինը:- Եվ բոլորը պետք է դա հասկանան և դրանում իրենց հաշիվ տան, որ նման գործողությունները պարզապես կհանգեցնեն հակամարտության մինչև այս պահը չտեսնված էսկալացիայի։ Եվ նրան բոլորովին այլ մակարդակի կհասցնեն ու կընդլայնեն՝ ընդհուպ մինչև լայնամասշտաբ զինված հակամարտություն»:

 

ԱՄՆ-ի բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Դենիել Դևիսն X սոցիալական ցանցում գնահատել է ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի ուղիղ բախման հավանականությունը և նախազգուշացրել Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև ուղիղ բախման աճող ռիսկի մասին:

«Աշխարհը սրընթաց շարժվում է դեպի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի բախում,- գրել է պաշտոնաթող փոխգնդապետը։- Եվրոպացիները ցանեցին ապագա հակամարտության սերմերը, և այժմ դրանք ջրվում և պարարտացվում են: Ես զգուշացնում եմ, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման վտանգը տարեցտարի մեծանում է»:

Դևիսն ընդգծել է, որ վերջին 4 տարվա ընթացքում այդ սպառնալիքի նվազման նշաններ չեն նկատվել։ Նա նախազգուշացրել է, որ խաղադրույքները չափազանց բարձր են, «եթե գոնե մեկ միջուկային զենք կիրառվի, բոլորը կպարտվեն»:

 

Արթուր Հովհաննիսյան

 

 

 

Leave a Comment