Երաժշտական կատարսիս կամ Պրոկոֆեւից մինչեւ Խաչատրյան

Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում դեկտեմբերի 𝟭𝟳-ին կայացած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը լավագույններից էր: Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ինչպես միշտ մնաց իր բարձրության վրա՝ վաստակելով հոտնկայս ծափահարությունների հերթական չափաբաժինը:

Երեկոյի ընթացքում հնչեց Պրոկոֆեւի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը՝ կատարողական բարձր տեխնիկայով, խորությամբ ու նրբագեղությամբ հայտնի դաշնակահար Դենիս Կոժուխինի կատարմամբ: Բիս բացականչություններից հետո Կոժուխինը կատարեց Առնո Բաբաջանյանի հայտնի «Նոկտյուրնը» ՝ էլ ավելի ալեկոծելով ոգեւորված դահլիճը:

Համերգի երկրորդ բաժնում կատարվեցին հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» եւ «Գայանե» բալետների սյուիտներից։ Ասել, որ դահլիճը ցնծության մեջ էր, կնշանակի՝ ոչինչ չասել: Երեկոն իսկապես ստացված էր, այն ասես յուրօրինակ կատարսիս լիներ ունկնդրի համար: Համերգի ընթացքում կայացավ նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ AZAT MARD ապրանքանիշի համագործակցության շնորհանդեսը, ինչպես նաեւ ներկայացվեց վերջինիս նվիրված ջինգլը:

Դահլիճում մեծ թիվ էին կազմում նաեւ օտարերկրացիները, ինչը վերստին գալիս է փաստելու, որ մշակույթը փոխկապակցված է զբոսաշրջության հետ:

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը մեկնարկել էր դեկտեմբերի 9-ին: Այն կեզրափակվի դեկտեմբերի 19-ին՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Սիմֆոնիկ Նոր տարի․ Խաչատրյան գումարած ջազ» տոնական համերգով։ Խաչատրյանական փառատոնը 2013 թ. հիմնադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ ի նշանավորումն մեծանուն կոմպոզիտորի հոբելյանի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment