
Պետական եկամուտների կոմիտեն 8 մլն դրամով տուգանել է «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությանը։ Բանն այն է, որ իր ցանցում բազմաթիվ ռեստորաններ, արտադրություններ ունեցող ընկերությունը ավելի քան 3 տասնյակ աշխատողների չի գրանցել՝ խուսափելով հարկերից։
Կոմիտեն խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում այլ ընկերությունների մոտ նույնպես բացահայտել է աշխատողի չձևակերպման դեպքեր։ 8 մլն դրամով տուգանվել է նաև «Էլաքսի» ընկերությունը, որի տնօրինությունն էլ 32 աշխատակից չի գրանցել։ Նշենք, որ այս ընկերությունը հաճախ է մասնակցում պետական գնումների համար հայտարարվող մրցույթներին։
«Սմարթ Ագրո Սոլուշընս» ընկերությունը, որ հիմնադրվել է 3 տարի առաջ, արտադրում ու արտահանում է BellyBella ապրանքանիշով պրեմիում դասի մրգեր, տուգանվել է 5 մլն 250 հազար դրամով։ Նա չի գրանցել 21 աշխատակից։
Հաջորդ խոշոր չափով տուգանվածը «Զեն Նի» ընկերությունն է, որի հիմնած ռեստորանում ամեն բան թանկ է։ Այս ընկերությունը չի գրանցել 11 աշխատակցի և տուգանվել է 2 մլն 750 հազար դրամ։
«13 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել են 136 չգրանցված աշխատողներ և առաջադրվել է 34 մլն դրամ տուգանք, իսկ 24 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 128,2 մլն դրամ տուգանք։ Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը»,-նշում են ՊԵԿ-ից։