Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել – Live News

Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։

Հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը նշում է, որ ինքնավնասում առաջացնող վարքագիծը խոսում է երեխայի մոտ հոգեկան աններդաշնակության մասին

Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը

Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։

Ամենահաճախ հանդիպող ձևերն են.

  • կտրվածքները,
  • այրվածքները,
  • այլ տեսակի ֆիզիկական վնասվածքները։

Այս վարքագիծը հաճախ ծառայում է որպես հուզական ցավը, սթրեսը կամ դատարկության զգացողությունը հաղթահարելու մեխանիզմ։

Պատճառներ և ռիսկի գործոններ

Ինքնավնասող վարքագծի հիմնական պատճառներն են․

  • զգացմունքների կառավարման դժվարությունները, հատկապես` սթրեսային կամ կոնֆլիկտային իրավիճակներում,
  • հոգեկան խանգարումներ՝ դեպրեսիա, անհանգստության խանգարումներ,
  • տրավմատիկ փորձառություններ՝ բռնություն, բուլինգ, մտերիմ մարդու կորուստ:

Ծնողներն ու մանկավարժները պետք է ուշադրություն դարձնեն հետևյալ ախտանշաններին․

  • անհասկանալի կտրվածքներ, այրվածքներ կամ կապտուկներ,
  • տաք եղանակին երկարաթև հագուստի մշտական կրում,
  • մեկուսացում, փակվածություն, հետաքրքրությունների կորուստ,
  • հաճախակի տրամադրության փոփոխություններ, գրգռվածություն, դեպրեսիվ վիճակ,
  • բարկության, դատարկության կամ անզորության զգացումներ:

Ինչպե՞ս աջակցել դեռահասին.

  • բաց երկխոսություն՝ զրուցե՛ք երեխայի հետ առանց մեղադրանքների,
  • մասնագետի օգնություն՝ հոգեբանի կամ հոգեբույժի խորհրդատվությունը կօգնի բացահայտել վարքի պատճառները և մշակել օգնության ծրագիր,
  • անվտանգ միջավայրի ստեղծում՝ ընտանիքում ձևավորե՛ք վստահության մթնոլորտ, խուսափե՛ք քննադատությունից և ճնշումից,
  • տեղեկացվածություն՝ ուսումնասիրե՛ք ինքնավնասող վարքագծի վերաբերյալ նյութեր երեխայի վիճակը ավելի լավ հասկանալու համար։

Leave a Comment