Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։
Հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը նշում է, որ ինքնավնասում առաջացնող վարքագիծը խոսում է երեխայի մոտ հոգեկան աններդաշնակության մասին
Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը
Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։
Ամենահաճախ հանդիպող ձևերն են.
- կտրվածքները,
- այրվածքները,
- այլ տեսակի ֆիզիկական վնասվածքները։
Այս վարքագիծը հաճախ ծառայում է որպես հուզական ցավը, սթրեսը կամ դատարկության զգացողությունը հաղթահարելու մեխանիզմ։
Պատճառներ և ռիսկի գործոններ
Ինքնավնասող վարքագծի հիմնական պատճառներն են․
- զգացմունքների կառավարման դժվարությունները, հատկապես` սթրեսային կամ կոնֆլիկտային իրավիճակներում,
- հոգեկան խանգարումներ՝ դեպրեսիա, անհանգստության խանգարումներ,
- տրավմատիկ փորձառություններ՝ բռնություն, բուլինգ, մտերիմ մարդու կորուստ:
Ծնողներն ու մանկավարժները պետք է ուշադրություն դարձնեն հետևյալ ախտանշաններին․
- անհասկանալի կտրվածքներ, այրվածքներ կամ կապտուկներ,
- տաք եղանակին երկարաթև հագուստի մշտական կրում,
- մեկուսացում, փակվածություն, հետաքրքրությունների կորուստ,
- հաճախակի տրամադրության փոփոխություններ, գրգռվածություն, դեպրեսիվ վիճակ,
- բարկության, դատարկության կամ անզորության զգացումներ:
Ինչպե՞ս աջակցել դեռահասին.
- բաց երկխոսություն՝ զրուցե՛ք երեխայի հետ առանց մեղադրանքների,
- մասնագետի օգնություն՝ հոգեբանի կամ հոգեբույժի խորհրդատվությունը կօգնի բացահայտել վարքի պատճառները և մշակել օգնության ծրագիր,
- անվտանգ միջավայրի ստեղծում՝ ընտանիքում ձևավորե՛ք վստահության մթնոլորտ, խուսափե՛ք քննադատությունից և ճնշումից,
- տեղեկացվածություն՝ ուսումնասիրե՛ք ինքնավնասող վարքագծի վերաբերյալ նյութեր երեխայի վիճակը ավելի լավ հասկանալու համար։
