
Ուկրաինայի զինված ուժերն արդեն երկու օր է՝ զանգվածային հարձակման են ենթարկում Մոսկվան։ Մայրաքաղաքի մատույցներում միայն այս գիշեր խոցվել է 40 անօդաչու թռչող սարք, իսկ հանգստյան օրերի ընթացքում՝ 119։ Այս մասին հայտնում է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Հարձակումը սկսվել է մարտի 14-ի կեսօրից հետո, և այդ ժամանակից ի վեր քաղաքապետի Telegram-ալիքում գրեթե անընդհատ հաղորդագրություններ են հրապարակվում դրոնների «ոչնչացման» մասին։ Նմանատիպ վերջին գրառումը հայտնվել է մարտի 16-ի առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում։
Ըստ Սոբյանինի տվյալների՝ երկու օրվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվայի մատույցներում և դեպի քաղաք տանող «երկրորդ բնագծում» ոչնչացրել են շուրջ 250 անօդաչու սարք։ Սա ռեկորդային ցուցանիշ է Ռուսաստանի կողմից դեպի Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր։ Մինչ այս ամենախոշորը համարվում էր 2025 թվականի մարտի 11-ի հարձակումը, երբ մայրաքաղաքի մոտակայքում խոցվել էր 91 դրոն, իսկ Մոսկվայի մարզում զոհվել էր երեք մարդ։
Ականատեսները պատմել են, որ այս գիշեր պայթյուններ են լսվել Օդինցովոյի, Դոմոդեդովոյի և Պոդոլսկի շրջաններում։ Անօդաչու սարքեր են նկատվել նաև Մոսկվայի Տրոիցկի վարչական շրջանում, Իստրայում, Մոժայսկում, Նարո-Ֆոմինսկում, Սոլնեչնոգորսկում և Դուբնայում։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը զեկուցել է գիշերվա ընթացքում 145 ԱԹՍ-ների որսման մասին, այդ թվում՝ 53-ը՝ Մոսկվայի տարածաշրջանի վրա։ «Ռոսավիացիան» սահմանափակումներ էր մտցրել «Դոմոդեդովո», «Շերեմետևո», «Ժուկովսկի» և «Վնուկովո» օդանավակայաններում։ Այս պահին բնականոն հունով աշխատում է միայն վերջինը։ Մյուսները չվերթներն ընդունում և իրականացնում են «համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ»։ Միջոցառումները բացատրվում են «թռիչքների անվտանգության ապահովմամբ»։