Նոր անուն․ Երիտասարդ բարիտոն Արտակ Ղուլիջանյանի հայաստանյան բեմելը (տեսանյութ)

Օրերս Երևանում Մոսկվայի տանը կայացավ ռուսաստանաբնակ երիտասարդ տաղանդավոր երաժիշտ, դաշնակահար, բարիտոն Արտակ Ղուլիջանյանի հայաստանյան բեմելը։ Միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկրի համար հայրենիքի փոքր բեմում ելույթն անշուշտ հուզումնալի էր, քանի որ այս անգամ պետք է գոհացներ ոչ թե օտար ժյուրիին, այլ իր հայրենակիցներին, իր հայրենիքում։ Սակայն առաջին իսկ նոտաներից նա հանդիսատեսինն էր, հուզմունքը տարրալուծվեց և թովիչ բարիտոնը կլանեց հանդիսատեսին։ 

Երեկոյին հնչեցին Սվիրիդովի «Աստվածամայրը քաղաքում», Ռախմանինովի «Օ, ո՛չ, աղաչում եմ, մի՛ գնա» ստեղծագործությունները՝ մաեստրո Վարդգես Դադայանի նվագակցությամբ, Դալիդայի «Սերը Պորտաֆինոյում»-ը (love in Portofino), խորհրդային հայտնի ֆիլմերի սաունթրեքներ: Մենահամերգը երիտասարդ երգիչը եզրափակեց կոմիտասյան «Սարերի հովին մեռնեմ» երգով՝ դաշնամուրային սեփական նվագակցությամբ։ 

Արտակը 2016 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի քոլեջի դաշնամուրի բաժինը, 2022-ին՝ ​​կոնսերվատորիայի դասական վոկալի բաժինը, 2024-ին՝ կոնսերվատորիայի ասպիրանտուրան, երեք հաստատությունն էլ նա ավարտել է գերազանցությամբ։ Այժմ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պատրաստվում է ելույթի՝ որպես հրավիրված արտիստ։

Մայրիկը՝ Անուշ Ղազարյանը պատմում է, որ Արտակը երգել և ելույթներ է ունեցել երեք տարեկանից։ Իր ծննդավայր ՌԴ Գագարինում Արտակը մասնակցելով «Առավոտյան աստղ» երաժշտական մրցույթին, մի քանի տարի շարունակ հաղթել է, և մրցակիցներն ուղղակի հրաժարվել են մասնակցել մրցույթին։ Չտապալելու համար ծրագիրը, նրան խնդրել են մրցութային մասին չմասնակցել, այլ երգել որպես հյուր, որպեսզի մյուս մասնակիցներին ևս շանս տրվի։ 

Leave a Comment