ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ուկրաինական կարգավորման ծրագրից հետո Եվրոպան այլևս չի կարող Միացյալ Նահանգներին դաշնակից համարել, կարծում է Եվրոպական Միության դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը։
«[Ուկրաինական կարգավորման] 28 կետանոց ծրագրով ԱՄՆ-ն Թրամփի օրոք այլևս չի կարող համարվել Եվրոպայի դաշնակից, որի հետ նույնիսկ չեն խորհրդակցում սեփական անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ», — գրել է նա X-ում։
Բորելը կարծում է, որ ԵՄ-ն պետք է ճանաչի ամերիկյան քաղաքականության «փոփոխությունը» և «համապատասխանաբար արձագանքի»։ «Զիջումները նրա պահանջներին՝ կապված ռազմական ծախսերի, թվային կարգավորման, մաքսատուրքերի և էներգակիրների հետ, ոչ մի բանի չեն հանգեցրել», — գրել է Բորելը։
Անցյալ շաբաթ հաղորդվել էր, որ Վաշինգտոնը առաջարկել է ուկրաինական կարգավորման 28 կետանոց ծրագիր, որը զայրացրել է Կիևի եվրոպացի գործընկերներին ։
Նոյեմբերի 23-ին Միացյալ Նահանգները և Ուկրաինան Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել Վաշինգտոնի խաղաղության ծրագրի շուրջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպումը անվանել է ողջ հակամարտության ընթացքում «ամենաարդյունավետը»։ Politico-ն ավելի ուշ՝ հղում անելով աղբյուրին, հայտնել է, որ բանակցությունները լարված են եղել։ Ուկրաինական կողմը պնդել է, որ ծրագրի տեքստում փոփոխություններ կատարվեն։
Politico-ն գրել է, որ ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլը երեքշաբթի օրը Աբու Դաբիում կայանալիք հանդիպման ժամանակ ռուսական կողմին կներկայացնի 28-ի փոխարեն ուկրաինական հակամարտության կարգավորման 19 կետից բաղկացած ծրագիր։ Financial Times-ը հայտնել է, որ Դրիսկոլը նախատեսում է հանդիպել Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովի հետ։ Պարբերականը չի նշել, թե արդյոք Դրիսկոլի խորհրդակցությունները ներառում են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ եռակողմ շփումներ։