
Ամեն տարի շնչառական վարակների սեզոնի ընթացքում նկատվում է հատկապես գրիպի, ռեսպիրատոր սինցիտիալ և SARS-CoV-2 վիրուսային վարակների ակտիվության բարձրացում` հանգեցնելով առողջապահական համակարգերի ծանրաբեռնվածությանը: Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի (ECDC) հրապարակումների` սուր շնչառական վարակների (ՍՇՎ) սեզոնում գրիպը հանգեցնում է Եվրոպայի բնակչության շրջանում ախտանիշներով հիվանդության տարեկան մինչև 50 միլիոն և մահվան 15,000-ից 70,000 դեպքերի: Գնահատվել է, որ տարեկան գրիպով հիվանդանում է բնակչության մինչև 20%-ը: Ընդ որում տուժում են բոլոր տարիքային խմբերը, սակայն հիվանդացության ավելի բարձր մակարդակ արձանագրվում է երեխաների շրջանում: Նրանք հակված են առաջինը հիվանդանալ և այն փոխանցել իրենց ընտանիքի անդամներին, ինչը հանգեցում է համայնքներում վարակի տարածմանը: Ավելի մեծ ազդեցություն է նկատվում փակ կազմակերպություններում, ինչպիսիք են երկարատև խնամքի հաստատությունները, որտեղ սեզոնային գրիպի բռնկումները կարող են հանգեցնել բարձր հիվանդացության և մահացության:
Եվրոպական երկրներում գնահատվել է 2025-2026թթ. սեզոնի ՍՇՎ-ների ակտիվությունը: Համաձայն ECDC-ի ՍՇՎ-ների համաճարակաբանական դիտարկման տվյալների` այս տարի գրիպի սեզոնը եվրոպական երկրներում սկսվել է երեք-չորս շաբաթ ավելի շուտ` համեմատած նախորդ երկու տարիների։ Ինչպես նախկինում, համաճարակաբանական իրավիճակը տարբեր երկրներում տարբեր է, բայց բոլորը հայտնում են գրիպի A տեսակի գերակշռության մասին: Ընդ որում վերջին շաբաթների ընթացքում դեպքերի աճի միտումը հիմնականում պայմանավորված է գրիպի՝ A(H3N2) ենթատեսակով: Հարկ է նշել, որ շրջանառության մակարդակն ամենաբարձրն է 5-ից 14 տարեկան երեխաների շրջանում: Որոշ երկրներում հոսպիտալացումների կտրուկ աճ է նկատվում, որն ազդում է բոլոր տարիքային խմբերի վրա, բայց առավելապես 65 տարեկան և բարձր տարեկանների տարիքային խմբում: 2025թ.-ի 40-46-րդ շաբաթվա ընթացքում (01.10-16.11.2025) գրիպի վիրուսի հաստատված նմուշների թիվը կազմել է 993, որից 22%-ը` վերջին 46-րդ շաբաթվա ընթացքում: Գրիպի հաստատված ընդհանուր դեպքերի 24%-ը (237 դեպք)` A(H1)pdm09 ենթատեսակն է, 27%-ը (272 դեպք)`A(H3), 8%-ը (83 դեպք)` անհայտ, 1%-ը (10 դեպք)` գրիպի B տեսակը: Հարկ է նշել, որ դեպքերի գերակշռող մասը` 62%-ը, եղել է առաջնային բուժօգնության դիմողների շրջանում:
Ներկայումս նկատվում է ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսային (ՌՍՎ) վարակի դեպքերի աստիճանաբար աճի միտում, ինչը սկսվել է մեկ շաբաթ ավելի ուշ, քան նախորդ սեզոնին: Աճը նկատվում է մի քանի երկրների ինչպես առաջնային, այնպես էլ հիվանդանոցային բժշկական օգնության դիմողների շրջանում, առավելապես մինչև հինգ տարեկան երեխաների տարիքային խմբում: 2025թ.-ի 40-46-րդ շաբաթվա ընթացքում ՌՍՎ վարակի 208 դեպք, որից 18%-ը` վերջին շաբաթվա ընթացքում, դեպքերի 53%-ը եղել են հոսպիտալացվածների շրջանում:
2025թ.-ի 40-46-րդ շաբաթվա ընթացքում SARS-CoV-2 վիրուսային վարակի դեպքերը եղել են 2264, որից 8%-ը` վերջին շաբաթվա ընթացքում: Գնահատվել է SARS-CoV-2-ի շրջանառության նվազում բոլոր տարիքային խմբերում, դեպքերի գերակշռող մասը` 67%-ը, եղել է առաջնային բժշկական օգնության դիմողների շրջանում:
Ըստ պաշտոնական հրապարակումների` Հայաստանում 2025–2026թթ. սեզոնի 45-րդ շաբաթվա ընթացքում պացիենտներից ընտրանքային կարգով վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում արձանագրվել է գրիպի A (H3N2) ենթատեսակը։
Հարկ է նշել, որ բացի սեզոնային գրիպի վաղ շրջանառությունը, հրապարակվել է նաև եվրոպական երկրներում վերջերս ի հայտ եկած գրիպի A(H3N2) k ենթադասի մասին, որը կազմում է ընդհանուր A(H3N2) ենթատեսակի մեկ երրորդը: Այս համատեքստում ECDC-ն գնահատել է հնարավոր հետևանքները իրազեկությունը բարձրացնելու և հանրային առողջապահական մարմիններին առաջարկություններ ներկայացնելու համար: Ներկայիս տեղեկատվության հիման վրա բնակչության համար սեզոնային ռիսկը գնահատվել է չափավոր: Ծանր հիվանդության զարգազման բարձր ռիսկ ունեն 65 տարեկանից մեծ անձինք, երեխաները, նյութափոխանակության, թոքերի, սիրտանոթային համակարգի, նյարդամկանային և այլ քրոնիկ հիվանդություններ ունեցողները, հղիները, իմունային անբավարարությամբ անձինք:
Ելնելով վերոնշյալից` առաջարկվում է`
Բարձրացնել բնակչության ներգրավվածությունը պատվաստումներում, հատկապես՝ ռիսկի խմբի անձանց:
Կարևոր է իմանալ, որ COVID-19-ի դեմ պատվաստումը շարունակում է պաշտպանել ծանր հիվանդություններից, սակայն հետպատվաստումային իմունիտետի պաշտպանիչ մակարդակը ժամանակի ընթացքում թուլանում է, և բարձր ռիսկի խմբի անձինք պետք է պարբերաբար պատվաստվեն COVID-19-ի դեմ՝ համաձայն ազգային ուղեցույցների:
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը օգնում է սահմանափակել հիվանդության ծանր ելքերը ռիսկի խմբի անձանց շրջանում: Գրիպի պատվաստումների բավարար մակարդակի ապահովումը զգալի նվազեցնում է հոսպիտալացման և մահվան դեպքերը:
Պահպանել շնչառական հիգիենան` հազալու և փռշտալու վարվելակարգը, անհրաժեշտության դեպքում դիմակ կրել:
Պահպանել ձեռքերի հիգիենան` հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը:
Ապահովել բնակարանների, տարածքների բավարար օդափոխությունը:
Ախտանիշների առկայության դեպքում դիմել բժշկի խորհրդատվությանը:
ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոն