Սառնաղբյուր գյուղից բացի թուրքական ջարդարարներին հերոսական դիմադրություն են ցուցաբերել նաև Արթիկ, Պեմզաշեն և Լեռնակերտ գյուղերը

1918թ․-ին Հայաստանի վրա թուրքական արշավանքի ժամանակ առավել հայտնի է եղել Սառնաղբյուրի հերոսական դիմադրությունը։ Սակայն թուրքական աղբյուրների ուսումնասիրության արդյունքում պարզում ենք, որ Շիրակի մի շարք գյուղեր ևս արժանի հակահարված են տվել թուրքական բանակին՝ պատճառելով մեծ նյութական ու մարդկային կորուստներ։ Այդ գյուղերը հրաժարվել են հլու-հնազանդ հպատակվել թուրք ջարդարարներին։

Թուրքական զորաբանակների դեմ կազմակերպված դիմադրությամբ հատկապես աչքի են ընկել Արթիկ, Շիրվանջուղ (Լեռնակերտ), Մահիուջուղ (Պեմզաշեն) գյուղերը։

Լեռնակերտի եկեղեցին, 20-րդ դարսակիզբ

Թուրքերը գազազած Շիրվանջուղի (Լեռնակերտ) բնակիչների դիմադրությունից պատժիչ արշավախումբ են ուղարկում, որը կազմակերպված հակահարված է ստանում տեղի և մերձակա գյուղերի բնակիչների կողմից։ Թեժ մարտում երկու կողմն էլ մեծ թվով սպանվածներ ու վերավորներ են տալիս։

Այս գյուղերում հերոսական դիմադրության մասին գրում են հենց թուրքերը։ Այսպես՝ Ալեքսանդրապոլի շրջանի թուրքական պարետ Մեհմեդ Թեջիրը իր գաղտնի հրամանում նշում էր, որ հայկական Արթիկ, Շիրվանջուկ/ղ, Մահիուջուկ/ղ գյուղերի բնակչությունը «Զինվորական օրենքների ամենայն խստությամբ պատժվեց»՝ թուրքական զորքերի դեմ զինված ելույթներ ունենալու համար: Նա իր ենթականերից պահանջում էր ազգաբնակչությանը նորից տեղեկացնել այն մասին, որ թուրքերի դեմ զենք բարձրացրած բոլոր գյուղերն անհապաղ կոչնչացվեն:

Մակարավանքը, Պեմզաշեն, Շիրակ, 1913

Հայ գյուղացիների համառ պայքարի մասին վկայում է նաև Քյազիմ Կարաբեքիրը. «Ալեքսանդրապոլից դեպի հարավ, Շիրվանջուկի ու Մահմուդջուկի շրջաններում գյուղական բնակչությունը, ոչնչացնելով թուրքական պահեստները և սպանելով դրանք հսկող զինվորներին, զենքը ձեռքին անցավ սարերը»:

Թուրք ջարդարարներին այս գյուղերի ցույց տված հերոսական դիմադրության մասին գրեթե հիշատակումներ չկան։ Բայց կարծում ենք, որ հանրության լայն շրջանակները անպայման պետք է տեղեկանան իրենց նախնիների հերոսական անցյալի մասին։

Գլխավոր լուսանկարում՝ Արթիկի Սուրբ Գևորգ եկեղեցին, 1890թ.

Դերենիկ ՄԱԼԽԱՍՅԱՆ

«Ալեքսանդրապոլ․Լենինական․Գյումրի» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր-համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment