«Երկրի տնտեսական նորությունների թարմացումը Հայաստանի համար կատարվում է ՀՀ-ի համար վճռորոշ պահի։ COVID-19 համավարակից հետո երկրում արագ աճ արձանագրվեց, սակայն այն դեռ բախվում է կառուցվածքային այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են՝ տնտեսության սահմանափակ բազմազանեցումը, ինչի հետևանքով բարձրանում է ցնցումների ազդեցության ենթարկվածությունը, սահմանափակ մրցակցությունը, զսպված նորարարությունը և նվազող ներդրումները»,-ամրագրված է Համաշխարհային բանկի նոր՝ «Հայաստանի տնտեսական զարկերակ․ արդար շուկաներ՝ հանուն ներառական աճի» զեկույցում։
Փաստաթղթի «Վերջին տնտեսական զարգացումները և հեռանկարը» վերնագրված գլխում նշված է․ «2022-2023-ի բարձր աճի ժամանակահատվածից հետո՝ 2024-ին և 2025-ի առաջին կիսամյակում Հայաստանի աճը աստիճանաբար դանդաղեց, քանի որ աճը խթանող ժամանակավոր գործոնները պակասեցին»։
Նշենք, որ այդ ժամանակավոր գործոններն էին վերաարտահանումն ու կապիտալի ներհոսքերը, որոնք երկուսն էլ շեշտակի աճեցին Ուկրաինա՝ ՌԴ-ի ներխուժումից հետո․ 2024-ից սկսած դրանք թուլանում են։ 2025-ի առաջին կիսամյակի աճը՝ ըստ զեկույցի մասնավոր սպառման և ներդրումների, ինչպես նաև ծառայությունների և շինարարության ճյուղերի հաշվին էր՝ առաջարկի առումով։
2025-ի առաջին կիսամյակում ըստ զեկույցի տվյալների՝ առևտրային պակասուրդը մեծացավ 86 տոկոսով․ «Ապրանքների ու ծառայությունների հաշվեկշռի վատթարացման պատճառով ընթացիկ հաշվի պակասուրդը մեծացավ՝ 2025-ի առաջին կիսամյակում հասնելով ՀՆԱ-ի 4,4 տոկոսին»։ Նվազել են արտահանումն ու ներմուծումը՝ համապատասխանաբար 52,8 և 39,9 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ըստ զեկույցի՝ «կառուցվածքային համարձակ բարեփոխումներ են անհրաժեշտ»։ Կանխատեսումները չափավոր աճի հեռանկար են ցույց տալիս՝ որոշակի ռիսկերով։ Զեկույցում ամրագրված է․ «Կանխատեսվում է տնտեսական աճի տեմպի թուլացում՝ 2025-ին կազմելով 5,2 տոկոս նախքան մինչև 2027-ի 4,7 տոկոսին մոտենալը»։ Ըստ զեկույցի՝ գնաճը կդանդաղի, երկարաժամկետ հեռանկարում կկայունանա, իսկ բյուջեի պակասուրդը կմեծանա՝ 2025-ին կազմելով ՀՆԱ-ի 5 տոկոսը։ Ընթացիկ հաշվի դեֆիցիտը կշարունակի վատթարանալ մինչև 5 տոկոս 2025-ին և կկայունանա ՀՆԱ-ի 4,8 տոկոսի սահմաններում մինչև 2027 թվականը։
Զեկույցում նշված է՝ ավելի ուժեղ մրցակցությունն առանցքային է Հայաստանի աճի համար, քանի որ կենտրոնացված շուկաները նվազեցնում են արդյունավետությունն ու արդարությունը, նշվում է այսօր հրապարակված զեկույցում։
«Հայաստանի տնտեսական զարկերակ․ արդար շուկաներ՝ հանուն ներառական աճի» զեկույցը կոչ է անում բարելավել մրցակցային կանոնների կիրարկումը և մատակարար-վաճառող ավելի արդար հարաբերություններ հաստատել՝ գները իջեցնելու, սպառողների ընտրության հնարավորություններն ընդլայնելու և փոքր արտադրողներին մրցունակ դարձնելու համար: Ըստ վերլուծության՝ այս գործողությունների ձեռնարկումը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը և ավելի արդյունավետ տնտեսությանը։
Զեկույցի շնորհանդեսի ժամանակ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարը Ֆաբրիցիո Ձարկոնեն հայտարարել է․ «Մրցակցությունը միայն գների մասին չէ, այն հնարավորությունների մասին է։ Երբ շուկաները բաց են և թափանցիկ, փոքր ընկերություններն աճում են, սպառողները օգտվում են ավելի լավ ընտրության հնարավորություններից և գներից, իսկ արտադրողականության աճը վերածվում է ավելի լավ աշխատատեղերի և համատեղ բարգավաճման»։
Վերլուծությունում նշվում է, որ Հայաստանի տնտեսության մակրոտնտեսական հիմքերը կայուն են։ Աճը 2025 թվականին մինչ օրս սպասվածից ավելի արագ էր, ինչը պայմանավորված էր սպառողական ծախսերի, ներդրումների և ծառայությունների ու շինարարության ոլորտներում աճով։ Հոկտեմբերին գնաճը բարձրացել էր մինչև 3.3%՝ հիմնականում սննդամթերքի գների աճի պատճառով, մինչդեռ գործազրկությունը նվազել էր մինչև 12.3%։
Զեկույցի հատուկ գլխում ներկայացված վերլուծությունը հաստատում է, որ վերջին տարիներին իրականացված բարեփոխումների արդյունքում Հայաստանը մրցակցության պաշտպանության և սպառողների պաշտպանության ոլորտներում առավել մոտեցել է միջազգային լավագույն փորձին՝ դրական ազդեցություն ունենալով մրցակցային միջավայրի վրա։
Ըստ զեկույցի՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են․ «Զգալիորեն թուլացել են նաև զուտ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքերը՝ 2009-2016-ի միջինը ՀՆԱ-ի 4,6 տոկոսից 2017-2023-ին կազմելով ՀՆԱ-ի 2․1 տոկոսը, 2023-ին ավելի նվազելով՝ հասնելով մինչև ՀՆԱ-ի 20,5 տոկոսը և 2024-ին հասնելով պատմական նվազագույնին՝ ՀՆԱ-ի 0,3 տոկոսին նախքան 2025-ի առաջին կիսամյակում համեստ վերականգնումը մինչև տարեկան ՀՆԱ-ի 0,6 տոկոսը։ Այս անկումն արտացոլում է ներդրողների խաթարված վստահությունը՝ պայմանավորված քաղաքականության հաճախակի փոփոխություններով և աշխարհաքաղաքական լարվածությունների ազդեցություններով»։
Անդրադարձ կատարելով ՀՀ-ում մրցակցության խթանմանը և ընդհանուր մրցակցային միջավայրին՝ զեկույցում այսպիսի եզրակացության են հանգում․ «Թեպետ Հայաստանի մրցակցության կարգավորման իրավական դաշտն ընդհանուր առմամբ համահունչ է միջազգային չափանիշներին, գործնականում խզումները և կառուցվածքային խնդիրները խաթարում են արդի շուկայական գործառնությունները»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ֆեյսբուքյան էջի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:


