Հետանկախական եւ հետհեղափոխական հայերեն քաղաքական խոսույթների վերլուծություն. մաս Ա

Ազգերի համար շրջադարձային զարգացումները հանգեցնում են քաղաքական խոսույթում փոփոխությունների։ Այդպես է լինում հատկապես շրջադարձային իրադարձությունների ժամանակահատվածում, երբ, օրինակ՝ ժողովրդական ճնշման արդյունքում քաղաքական խոշոր փոփոխություն է տեղի ունենում։ Հայաստանում նմանօրինակ երկու փոփոխության մասին կարելի է խոսել։

Առաջինը 1990 թվականն է։ Գերագույն խորհրդի ընտրության արդյունքում Հայաստանում 70 տարի իշխած կոմունիստները պարտվեցին ժողովրդավարներին։ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց նախ ԳԽ նախագահ, այնուհետեւ՝ Հանրապետության առաջին նախագահ։ Երկրորդը տեղի ունեցավ 2018 թվականին, երբ ժողովրդական ճնշմամբ Սերժ Սարգսյանը հեռացավ վարչապետի պաշտոնից եւ այդ պաշտոնում նշանակվեց ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե, 1998 թվականի իշխանափոխությունը եւս կարելի է համարել շրջադարձային իրադարձություն, բայց ուսումնասիրությունը կկենտրոնանա 1990-ի եւ 2018-ի վրա, քանզի այդ թվականներին կատարված փոփոխությունները տեղի են ունեցել ժողովրդական մեծածավալ մասնակցությամբ։

Հայաստանի անկախության ձեռքբերման, Ղարաբաղի ազատագրման եւ դրանց հաջորդած ժամանակահատվածներում հայերեն քաղաքական խոսույթը էապես տարբերվում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում եւ ցայսօր հնչող հայերեն քաղաքական խոսույթից։ Հոդվածը կուսումնասիրի 90-ականների սկզբի եւ վերջին յոթ տարիների հայերեն քաղաքական խոսույթների տարբերությունները՝ հատկապես կենտրոնանալով լեզվի մասին օրենսդրության, բառաստեղծությունների, խորհրդարանական խոսույթի, խորհրդարանում դիմելաձեւերի, արցախյան հակամարտության եզրութաբանության, նախագահ Տեր-Պետրոսյանի եւ վարչապետ Փաշինյանի հանրային խոսքի առանձնահատկությունների վրա։

Հետազոտության շրջանակում ուսումնասիրել ենք ՀՀ օրենքը լեզվի մասին, 90-ականներին հրատարակված քաղաքական հոդվածներ, դիտել ենք ԳԽ նիստեր, հատուկ ուշադրություն ենք դարձրել նախագահ Տեր-Պետրոսյանի բառերի ընտրությանը։ Դիտել ենք նաեւ գործող Ազգային ժողովի նիստեր եւ հատուկ ուշադրություն ենք դարձրել վարչապետ Փաշինյանի խոսույթին։ Հետազոտության համար սահմանափակում է հանդիսացել համացանցում 90-ականների խորհրդարանական նիստերի տեսագրությունների սակավությունը՝ գործող խորհրդարանի տեսագրություններին համեմատ։

Պաշտոնատար անձանց՝ գրական հայերենով խոսելու պարտականությունը

Հայերեն քաղաքական խոսույթը մեկնաբանելիս պետք է սկսել 1993 թվականին ընդունված Լեզվի մասին ՀՀ օրենքից։ Քաղաքական խոսույթի համատեքստում առավել նշանակալի է Օրենքի երրորդ հոդվածը։ Այն սահմանում է, թե ինչպիսին պետք է լինի հայերեն քաղաքական խոսույթը։

«ՀՈԴՎԱԾ 3. Քաղաքացիների լեզվական պարտականությունները

Պաշտոնատար անձինք եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին:

Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն գրական հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին:

Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել գրական հայոց լեզվի անաղարտությունը»:

Օրենքի առաջին մասի համաձայն՝ Հայաստանի «պաշտոնատար անձանց» վրա դրված է գրական հայերենին տիրապետելու պարտականություն։ Նույնանման պահանջներ կարող ենք գտնել նաեւ Սահմանադրության մեջ։

Ըստ Սահմանադրության՝ նախագահ, պատգամավոր, կարգավորող մարմինների անդամ ընտրվելու, վարչապետ, կառավարության այլ անդամ նշանակվելու համար հայերենին տիրապետելը պահանջ է։

Օրենքի երկրորդ մասում տեսնում ենք նաեւ պաշտոնական ելույթները գրական հայերենով մատուցելու դրույթը, ինչը ենթադրում է, որ օրինակ՝ նախագահը կամ վարչապետը պարտավոր է ելույթ ունենալ գրական հայերենով։ Երրորդ մասում պաշտոնական խոսքով հանդես եկողների վրա դրվում է նաեւ լեզվի անաղարտությունը պահպանելու պարտականությունը։

Ուշագրավ է, որ Օրենքի հինգերորդ հոդվածը պատասխանատվություն է ենթադրում Օրենքի խախտման համար։ Արդյո՞ք Օրենքը խախտող պաշտոնատար անձինք ենթարկվում են պատասխանատվության։ Վիճելի է։

Լեզվի մասին օրենքի հեղինակներից է 1990-1999 եւ 2012-2017 թվականներին ՀՀ ԳԽ, այնուհետեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը, որը 1990-ին ընթերցել է Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը, 1991-ին էլ՝ անկախ պետության հռչակման մասին որոշումը։

Մանուկյանը նշում է. «Լեզվի մասին օրենքն օգտագործվում է եւ միշտ պետք է օգտագործվի որպես ինքնության հենասյուն։ Հատկապես Ազգային ժողովը եւ մնացյալ պետական մարմինները պետք է օրինակ ծառայեն։ Այս օրենքը դաստիարակման միջոց է՝ լեզուն անաղարտ պահելու համար։ Եթե դահլիճներից, էկրաններից հնչում է անաղարտ լեզու, դա տարածվում է ամբողջ հասարակության մեջ»։

Մանուկյանը նաեւ հատկանշական է համարում փաստը, որ առաջին գումարման ԳԽ-ն երրորդ հանրապետության միակ խորհրդարանն էր, որը լեզվի հարցերով մշտական հանձնաժողով էր ստեղծել։

Ամբոխավարությունը, օրինակարգությունը, շնորհապետությունը եւ մյուս բառաստեղծությունները

Հետաքրքրական են նաեւ անկախությանը համահունչ հայերեն քաղաքական խոսույթում տեղ գտած բառաստեղծությունները եւ չկիրառվող բառերի վերադարձը խոսույթ։ Դրանցից որոշները դիմացան ժամանակի փորձությանը եւ այսօր կիրառվում են քաղաքագիտության մեջ։

Մանուկյանի փոխանցմամբ՝ Տեր-Պետրոսյանն, օրինակ, հեղինակել է դեմագոգիա, լեգիտիմություն, մերիտոկրատիա, պոպուլիզմ եւ կլեպտոկրատիա օտար բառերի հայերեն համարժեքները։ Դրանք են, համապատասխանաբար, ամբոխավարությունը, օրինակարգությունը, շնորհապետությունը, ամբոխահաճությունը եւ ավազակապետությունը։ Հարկ է հավելել միայն, որ «ավազակապետությունը»՝ որպես պետական համակարգի անվանում, Տեր-Պետրոսյանը ստեղծել է ոչ թե 90-ականներին, այլ 2007-ին՝ նկարագրելու համար նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը։

«Ամբոխավարություն» եւ «ամբոխահաճություն» բառերը անգամ տեղ են գտել 1996 թվականին ՀՀ նախագահի երդման տեքստում։ Տեր-Պետրոսյանը երդվել է մերժել ամբոխավարությունն ու ամբոխահաճությունը։

Նկատելի է նաեւ, որ անկախությունից հետո «սեսիա» եզրույթին փոխարինելու եկավ «նստաշրջանը»։ Նմանապես, երեւան եկան քաղաքագիտական եզրույթների հայերեն համարժեքներն, ինչպիսիք են մարդու իրավունքները, խորհրդարանը, ժողովրդավարությունը, նախագահը։

Կառուցելու իմաստով առաջացած «շինիչ քաղաքականությունը» եւ «դեպուտատին» փոխարինելու եկած «երեսփոխանը» օրինակներ են այն բառերի, որոնք չդիմացան ժամանակի փորձությանը, թեպետ պետք է նշել, որ «երեսփոխանը» մինչ օրս արդիական է արեւմտահայերենում, իսկ արդի արեւելահայերենում «դեպուտատի» փոխարեն կիրառվում է «պատգամավոր» եզրույթը։

«Պարո՛ն նախագահը»՝ հարգանք պետականության հանդեպ

Հետաքրքիր է Հայաստանի խորհրդարանում պատգամավորների կողմից դիմելաձեւերի փոփոխությունը։ 1991 թվականի ԳԽ նիստերում մեծ տարածում ուներ ԳԽ խոսնակի՝ Տեր-Պետրոսյանի համար նախատեսված «պարո՛ն նախագահ» դիմելաձեւը։ Հատկանշական է այդ դիմելաձեւի ֆորմալությունը։ «Պարո՛ն նախագահը» պատգամավորների կողմից կիրառվում է թե՛ ելույթների մեկնարկին, թե՛ ելույթների ընթացքում։

Սա համեմատելի է Միացյալ Թագավորության եւ վեստմինստերյան այլ խորհրդարանների հետ, որտեղ պատգամավորներն իրենց խոսքի ընթացքում մի քանի անգամ կիրառում են «Mr. Speaker» դիմելաձեւը։ Նկատենք նաեւ, որ ԳԽ նախագահ Տեր-Պետրոսյանին «Պարո՛ն նախագահ» էին դիմում ոչ միայն իր համակիր պատգամավորները, այլեւ գաղափարական մրցակիցները։ Պարտադիր չէ, որ այդ դիմելաձեւը արտացոլեր դրական վերաբերմունք Տեր-Պետրոսյանի անձի նկատմամբ, բայց այն հարգանքի նշան էր խորհրդարանի, խորհրդարանի խոսնակի, պետականության նկատմամբ։

1991 թվականի մարտին, երբ քննարկվում էր Հայաստանում անկախության հանրաքվե անցկացնելու համար ընթացակարգերը, Տեր-Պետրոսյանի այդ ժամանակվա գլխավոր գաղափարական մրցակից, մի քանի ամիս անց նախագահական ընտրությանը Տեր-Պետրոսյանի դեմ պայքարած Պարույր Հայրիկյանն ասում էր. «Նախ, ես կուզենայի իմանալ, պարո՛ն նախագահ, Դուք ո՞ր ֆրակցիայի անունից եք խոսում»։

Դավիթ Վարդանյանն ասում էր. «Ես նույնպես այս ձեւի դեմ բողոք ունեմ, պարո՛ն նախագահ։ Դուք ասում եք՝ քաղաքական բանավեճ չբացենք, բայց Դուք ինքներդ բացում եք այդ բանավեճը»։

Վալերի Միրզոյանն էլ ելույթի ժամանակ ասում էր. «Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ես կոչ եմ անում մի քիչ հանդուրժող դառնալ միմյանց նկատմամբ։ Ես էլ էի պատրաստվում դիմել պարոն նախագահին, որ չմեկնաբանի մեր խմբի կարծիքը, բայց դա արդեն ավելորդ է»։

Այսօր պատկերն այլ տեսք ունի։ Նախ, ԱԺ խոսնակին չեն դիմում «Պարո՛ն նախագահ»։ Գերակշռում է «Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ» տարբերակը։ Երբ ԱԺ-ում է վարչապետը, կիրառվում է «Մեծարգո՛ պարոն վարչապետ» դիմելաձեւը։ Կարեւոր է նկատել, որ այս դիմելաձեւերը ֆորմալություն չեն։ ԱԺ նախագահին կամ վարչապետին «մեծարգո» անվանող պատգամավորները կիրառում են այդ ածականը՝ ցուցադրելու համար իրենց դրական վերաբերմունքն այդ պաշտոնյաների հանդեպ։

Այդ պատճառով է, որ «Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ» եւ «Մեծարգո՛ պարոն վարչապետ» դիմելաձեւերը կիրառում են բացառապես իշխանական պատգամավորները։ Հարցեր բարձրաձայնելիս ընդդիմության ներկայացուցիչները գերադասում են կա՛մ բաց թողնել դիմելաձեւը, կա՛մ կիրառել «պարո՛ն ազգանուն» տարբերակը՝ այդպես խուսափելով խոսքի հասցեատիրոջ պաշտոնի անվանումը հնչեցնել։ Դա քաղաքական քայլ է։

Հայհոյախոսությունն ու գռեհկաբանությունն այսօր

Վերեւում 91-ի նիստերից մեկի համառոտ մեջբերումներից ակնհայտ է դառնում մեկ այլ էական հանգամանք։ Չնայած անհամաձայնություններին, եւ անհամաձայնություններ, անտարակույս, կային կապված Հայաստանի հետագա ուղու, Արցախի, Ցեղասպանության ճանաչման, տնտեսության զարգացման հետ կապված, քաղաքական խոսույթը հանդուրժողական էր եւ կառուցողական։ Կիրառվում էր գերազանցապես գրական հայերեն։

Գործող ԱԺ-ում քաղաքական բանավեճը հաճախ է վերածվում անձնական բնույթի մեղադրանքների։ Նվազում է նաեւ գրական հայերենի կիրառումը։ Օրինակ, ուսումնասիրելով ԱԺ նիստերը՝ արձանագրում ենք, որ երբ վարչապետը, կառավարության մնացյալ անդամները, պատգամավորները նախօրոք պատրաստված տեքստ չեն ընթերցում եւ մտքեր են արտահայտում համպատրաստից, «է» օժանդակ բայի կիրառումը գրեթե ամբողջապես դուրս է նետվում։ Կիրառվում է խոսակցական «ա» օժանդակը։

Ոչ միայն խորհրդարանական, այլեւ ընդհանուր քաղաքական խոսույթում տեղ են գտել գռեհկաբանությունները։ Գռեհիկ եւ հայհոյախառն քաղաքական խոսույթի տարածման համար «մեծ ջանքեր ներդրեց» նախկին ոստիկան, «Դոգ» մականունով հայտնի բլոգեր Վարդան Ղուկասյանը: Անհրաժեշտ չենք համարում մեջբերումներ ներկայացնել, քանզի նրա խոսույթը հայտնի է լայն հասարակությանը։

Անսպասելի էր, սակայն, որ գռեհիկ եւ հայհոյախառն բառապաշարով որոշակի պարբերականությամբ հանդես են գալիս վարչապետ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը։ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դ****լ, ինձ հետ ի՞նչ գործ ունես»,- մայիսին Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը։ Խորհրդարանի նիստերի դահլիճում նա ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսին անվանել է «համբալ»։

Մի քանի մեջբերում ԱԺ-ի ընթացիկ տարվա մայիսի նիստերից մեկից

Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորներից մեկին. «Ասեցի՝ վեր ընգի՛ տեղդ, ասեցի։ Ներվերս չուտե՛ս»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. «Քեզ նորմալ պահի՛։ Չափերդ բոլոր անցել ես։ Չափերդ բոլոր դու անցել ես։ Հանգստացի՛։ Ի՞նչ պիտի անես»։

Սիմոնյանը՝ Վարդանյանին. «Դուրս կշպրտեմ քեզ էս դահլիճից»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյան. «Ալեն Սիմոնյանը թող իմանա ու ուշադիր լինի։ Երբ որ իրան դուրս շպրտեմ էնտեղից, բարձր ա նստած, շատ ցավոտ ա լինելու»։

ԱԺ նախագահի տեղեկալ Հակոբ Արշակյանը՝ Քոչարյանին. «Այ տղան էլ ես դու, չափերդ էլ դու ճանաչի, արա այ տղա… Լսի՛ ես քեզ ինչ եմ ասում, արա Լեւոն։ Արա Լեւոն, լսի՛, նստի՛ տեղդ ու լսի՛ ինչ եմ ասում»։

1992-1994 թվականներին ՀՀ նախագահի մամուլի քարտուղար եւ 1994 թվականից ցայսօր «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը 30 տարի է, ինչ վավերագրում է հայաստանյան քաղաքական զարգացումները։

Քաղաքական խոսույթի փոփոխության առնչությամբ Աբրահամյանն ասում է. «Հակադրությունն ավելի քաղաքական էր։ Ավելի հազվադեպ էին անցնում անձնական մեղադրանքների, որը հիմա շատ-շատ է ընդունված»։

Եվ իսկապես, վերեւում մեջբերված բառապաշարով լեզվակռիվներ դժվար է գտնել 90-ականների խորհրդարանից, թեպետ, ինչպես նշում է Աբրահամյանը, հակադրություն, միեւնույն է, կար, բայց այդ հակադրության բնույթը քաղաքական էր։

Աբրահամյանը կարծում է, որ քաղաքական խոսույթի որակական անկման մեջ դեր է խաղացել համացանցի տարածումը։ Համացանցի շնորհիվ այսօր քաղաքական մեկնաբանություններ կարող են կատարել նաեւ քաղաքականապես ոչ հասուն օգտատերեր։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Երկրորդ՝ ամփոփիչ մասը՝ հաջորդ համարում

«Առավոտ» օրաթերթ
20.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment