Գյուլագարակ համայնքի ավագանու որոշմամբ, համայնքի բյուջեից պարբերաբար գումարներ են փոխանցվում «Վարդաբլուր համայնք» ներդրումային հիմնադրամին:
Հրապարակ թերթը գրել է․ Ըստ պետռեգիստրի՝ հիմնադրամի տնօրենը Սամվել Օհանյանն է՝ Գյուլագարակի համայնքապետի առաջին տեղակալ Ռուսլան Օհանյանի եղբայրը: Հիմնադրամն էլ գրանցված է Լոռվա մարզի Վարդաբլուր համայնքի Սարի թաղամաս տ. 4 հասցեում: Այդ հասցեում է հաշվառված նաեւ Գյուլագարակի համայնքապետի առաջին տեղակալ Ռուսլան Օհանյանը:
Մենք Ռուսլան Օհանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ գործունեություն է իրականացնում հիմնադրամը, եւ ինչու են համայնքապետարանի բյուջեից գումարներ փոխանցվում հիմնադրամին։
««Խազեր» ՀԿ-ի, համայնքապետարանի եւ այլ ներդրողների հետ հիմնադրամը ծրագիր է իրակացնում համայնքի համար: Արվել է լուսավորության ծրագիր, եւ 10 կվտ արեւային պանելներ են տեղադրվել մշակույթի տան տանիքին»:
5 տարվա ընթացքում միայն այդ 2 ծրագի՞րն եք արել։ «Հիմնադրամը գրանցված է եղել, բայց ֆինանսական ներդրումներ չեն եղել: Ծրագիրը, որ եղել է, արեւային պանելները նվիրել ենք համայնքին, ինչ գումար ծախսվել է արեւայինի համար, դա գումարի տեսքով հետ պիտի գար, մի մասը համայնքը պահեր իր հաշվին, մյուսը՝ փոխանցեր հիմնադրամին: Հիմնադրամը ստեղծվել է այն ժամանակ, երբ որ ես Վարդաբլուր համայնքի վարչական ղեկավարն էի:
Քանի որ վարչական այլ լիազորություններ չուներ, այդ նպատակով էլ ստեղծեցինք այդ հիմնադրամը, որ համայնքի համար ծրագրեր իրականացնենք: Ասեմ, որ 2016 թվականին խոշորացումից հետո դարձել եմ վարչական ղեկավար, 2020 թվականի ապրիլի 30-ին իմ դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից՝ նախկին համայնքի ղեկավարի հետ խնդիրների պատճառով: Հիմնադրամին փոխանցված գումարներն արտադրված հոսանքի գումարն են, որը նշված է մեր պայմանագրերում, գործում է օրենքի սահմաններում, ստեղ որեւէ շահերի բախում չի կարա լինի»,- ասաց Ռուսլան Օհանյանը:
«Պարոն Օհանյան, ավագանու մեկ այլ որոշման մեջ նշված է. ««ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնք» ՀՈԱԿ-ի գործունեությունը ժամանակավորապես իրականացնելու նպատակով տալ համաձայնություն՝ համայնքի կողմից վարձակալելու ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի բնակիչ Ռուսլան Սանասարի Օհանյանի սեփականություն հանդիսացող՝ ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի Կենտրոնական փողոց թիվ 33/1 հասցեում գտնվող բնակելի տունը, ամսական 90 000 (իննսուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով»»: «2023 թվականին սկսել են Վարդաբլուր մանկապարտեզի շինարարությունը: Ճիշտն ասած, ոնց որ գյուղում ազատ տարածք չէին գտնում՝ տրամադրելու համար, որ մանկապատեզը չփակվի, մինչեւ շենքը կառուցեն: Ինձ առաջարկել են, կոնկրետ այդ նիստում էլ որ հաստատել են ու վարձակալել են, այդ նիստին ես չեմ մասնակցել, որպեսզի շահերի բախում չլինի:
Նորմատիվներով, իրավական փաստաթղթերով վարձակալել են եւ ամսական 90 հազար դրամ համայնքապետարանից գումար են փոխանցում, մաքուր 81 հազար դրամ: Այդ տարածքը որպես հյուրատուն է եղել: Ճիշտն ասած, ինձ էլ ձեռք չի տալիս, որովհետեւ գիտեք, էլի, երեխեքն ինչ ձեւ են հաճախում: Դե, ռեմոնտի հետ կապված շատ բաներ են վնասել: Մանկապարտեզի շինարարությունն ավարտվել է, արդեն 2 շաբաթ է՝ մանկապարտեզը գործում է»:
