Թբիլիսին քննարկում է իր մասնակցությունը TRIPP-ին․Վրաստանի խորհրդարանի առաջին փոխնախագահը՝ «Ռադիոլուրին»

Վրաստանում այս օրերին ակտիվ քննարկումներ են Թրամփի ուղուն աջակցելու և մասնակցելու առումով։ Այդ նպատակով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Թբիլիսիում քննարկումներ է անցկացնում, Հայաստանի նախագահի՝ Վրաստան պաշտոնական այցի շրջանակում հարևան երկրում հանդիպումներ են ունեցել նաև Հայաստանի փոխարտգործնախարարը, էկոնոմիկայի նախարարը։ 

Վրաստանում այս օրերին հանգամանորեն ծանոթանում են Թրամփի «Միջազգային խաղաղության և բարգավաճման ճանապարհին»՝ TRIPP-ին, որի մասին համաձայնագիրն օգոստոսի ութին Վաշինգտոնում նախաստորագրեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։

Հայաստանի Սյունիքով անցնելիք «Թրամփի ուղին» նոր հնարավորություն է դիտարկվում նաև հարևան Վրաստանի համար։ Թեև բուն ճանապարհը Վրաստանով չի անցնելու, սակայն Վրաստանին ևս ապահովելու է նոր երթուղիներով, ինչը ենթադրում է տնտեսական ու հաղորդակցային նոր կապեր ու հնարավորություններ։

Թբիլիսիում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում Վրաստանի մասնակցությունը TRIPP-ին իրական և փոխշահավետ է գնահատում։ 

«Իհարկե, Վրաստանը կարող է մասնակցել նախագիծը միայն Հայաստանի համար չէ, դրա շահառուներն, ըստ էության, ոչ միայն Հայաստանն ու մեր հարևաններն են, այլև՝ տարածաշրջանի բոլոր երկրները։ Այս կոնտեքստում TRIPP-ը միացնում է Հայաստանը երկաթուղով Թուրքիային, բայց նաև այդ եղանակով մենք միանում ենք վրացական երկաթուղուն, հետևաբար, դա շատ ավելի մեծ ցանցի մաս է»։

Գևորգ Պապոյանը տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման ընձեռելիք հնարավորությունները դիտարկում է հարևան երկրների մասով ևս ու շեշտում․

«Նաև իրանական երկաթուղին է միանում Ադրբեջանի տարածքով, և ստացվում է, որ Հայաստանի տարածքով իրանական և վրացական երկաթուղիներն են իրար հետ ուղիղ կապի մեջ լինելու՝ շատ ավելի կարճ կապի։ Այդ առումով դա բոլորիս համար փոխշահութաբեր, բոլոր երկրների համար հետաքրքրիր նախագիծ է»։

Հայկական կողմը բազմիցս է նշել, որ հայ-ադրբեջանական Խաղաղության համաձայնագրի շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, ու որ  դրա բաղկացուցիչ մաս կազմող հաղորդակցությունների ապաշրջափակումը ուղիղ առնչվում է Հարավային Կովկասին։ Այդ մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ուղերձն օրերս հնչեց Թբիլիսիում․

«Հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաև Վրաստանը, ընդհանուր տարածաշրջանը: Դրանից կշահի նաև ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածությունը»։

TRIPP-ին Վրաստանի աջակցության հարցն այս օրերին Թբիլիսիում քննարկվում է ԱՄՆ-ի մասնակցությամբ ևս։ Վրաստանում ԱՄՆ դեսպանատան փոխանցմամբ՝ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոնաթան Ասքոնասը Վրաստանի ԱԳՆ-ի, կառավարության աշխատակազմի և միջազգային ֆինանսական հաստատությունների հետ քննարկում է Վրաստանի աջակցությունը «Թրամփի ուղուն»։ 

Վրաստանի կառավարության հաղորդագրության համաձայն՝ գործադիրում հանդիպմանը նշվել է TRIPP-ի հնարավոր դրական ազդեցությունը տարածաշրջանի վրա՝ Միացյալ Նահանգների կողմից բեռների տեղաշարժի համար անվտանգության երաշխիքներ ստեղծելու տեսանկյունից։

Ամերիկյան կողմին տեղեկատվություն է տրամադրվել երկաթուղային, ճանապարհային և նավահանգստային ենթակառուցվածքներում տարանցիկ գործառույթը զարգացնելու ուղղությամբ Վրաստանի կառավարության ներդրումների և հնարավոր ներդրումների մասին։
Պաշտոնական Թբիլիսին ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը՝ իր աջակցությունը և պատրաստակամությունը հայտնելով տարածաշրջանի երկարատև կայունության հարցում։
Վրաստանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Գիա Վոլսկին «Ռադիոլուրի» հետ զրույցում, խոսելով Թբիլիսիի մասնակցության մասին, ասում է․

«Մեզ համար սա նշանակալի որոշում է։ Թբիլիսին տարածաշրջանում խաղաղության և կայունության ջատագովն է։ Իրականում այդ մանրամասները քննարկվում են, սակայն Թբիլիսին ամբողջությամբ սատարում է այդ նախագծին։ Եւ մենք մտածում ենք, որ այս հարցում ԱՄՆ-ի ներգրավվածությունն անելու է ամեն ինչ այդ նպատակի իրագործման հարցում»։

Պատմական իրադարձություն տարածաշրջանի և ողջ աշխարհի համար․ սա պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումն է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված փաստաթղթերի և բանակցությունների առնչությամբ, սակայն դրա կողքին մտահոգություններ կան ներքաղաքական դաշտում , որոնք սկսվեցին դեռ օգոստոսից, երբ Վաշինգտոնում Թրամփի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության եկան։

Վրաստանում հիմնականում ընդդիմադիր փորձագետները մի կողմից քննադատում են իշխանություններին, որ ներկա չէին կամ գոնե հեռակա չէին մասնակցում պատմական փաստաթղթի ստորագրմանը իր երբեմնի ռազամարական գործընկեր ԱՄՆ-ի հետ, մյուս կողմից մտահոգություններ կան Վրաստանի տարանցիկ դերակատարության նվազման առումով։

Տես Նաև՝ Վրաստանում ևս քննարկում են TRIPP-ը․ շնորհավորանքի կողքին ներքին վիճակի շուրջ դեբատներ են

Leave a Comment