Հայաստանի ազգային հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոան Ռանոսը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրի՝ Հունգարիայի ընտրանու դեմ կայանալիք տնային խաղից առաջ հարցազրույց է տվել հունգարական Nemzeti Sport պարբերականին։
– Հավատո՞ւմ եք, որ Հայաստանը կարող է խմբում երկրորդ տեղը զբաղեցնել, թե՞ դուք արդեն կորցրել եք շանսերը։
«Մենք պատրաստվում ենք՝ գիտակցելով, որ փլեյ-օֆֆ փուլը մոտ է։ Բայց գիտենք, որ մեզ լուրջ մարտահրավեր է սպասվում․ առաջին քայլը պետք է լինի Հունգարիայի նկատմամբ հաղթանակը սեփական հարկի տակ»
– Դուք 2:1 հաշվով հաղթեցիք Իռլանդիային Երևանում։ Ո՞րն էր հաջողության գաղտնիքը։
«Մեր սեփական երկպագուների առաջ մենք պաշտպանվեցինք կազմակերպված և կարգապահ ձևով ու օգտվեցինք մրցակցի դարպասի առջև ստեղծված հնարավորություններից։ Վաղվա խաղում նույնպես անհրաժեշտ կլինի առավելագույն կենտրոնացում․ պետք է ջանասիրաբար գործենք պաշտպանությունում, իսկ հարձակման գծում՝ արդյունավետ եզրափակումներ իրականացնենք»
– Ի՞նչ կարծիք ունեք Հունգարիայի մասին՝ առաջին խաղից հետո։
«Իմ կարծիքով՝ Հունգարիան բարձրակարգ թիմ է, որը լի է միջազգային փորձ ունեցող ֆուտբոլիստներով։ Դոմինիկ Սոբոսլայը, որպես թիմի ավագ, նրանց ամենավտանգավոր խաղացողն է։ Բայց մենք կվերլուծենք մրցակցին՝ նրանց թույլ կողմերը գտնելու համար»
– Որքա՞ն հուզիչ է, որ հայկական ֆուտբոլի մեծագույն աստղ Հենրիխ Մխիթարյանը ավարտեց ելույթները ազգային հավաքականում։
«Իհարկե, բոլորը կցանկանային նրան կրկին տեսնել հավաքականում, հատկապես ես, քանի որ մենք երբեք միասին ֆուտբոլ չենք խաղացել։ Սակայն պետք է հարգենք նրա որոշումը և կենտրոնանանք այն խաղացողների վրա, որոնք հասանելի են՝ նրանց հետ փորձելով հասնել մեր նպատակներին»
– Ձեր տարածաշրջանից Վրաստանը հաջող հանդես եկավ խոշոր մրցաշարում։ Ի՞նչ է պետք, որ Հայաստանը նույնպես մասնակցի աշխարհի կամ Եվրոպայի առաջնությանը։
«Ես լուծումը տեսնում եմ կայունության մեջ։ Պետք է ֆուտբոլ խաղանք կենտրոնացված և պատրաստված, քանի որ այս մակարդակում յուրաքանչյուր խաղ դժվար է։ Կարող ենք հաջողության հասնել միայն այն դեպքում, երբ բոլորը հարյուր տոկոսով կենտրոնացած լինեն իրենց առաջադրանքի վրա», — նշել է Ռանոսը Nemzeti Sport-ի հետ զրույցում։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրի Հայաստան – Հունգարիա հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 13-ին, Երևանի ժամանակով 21։00-ին։