Ինչին հետևեց 2016-ի քառօրյա պատերազմը․ Նիկոլ Փաշինյանի բացահայտումը բանակցություններից

Ստորև ներկայացնում ենք 2023թվականին 44-օրյա պատերազմի
հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացահայտումներից հատված․

 

Պրոցեսը լիարժեք հասկանալու համար անհրաժեշտ է արձանագրել, որ
2007թ. նոյեմբերի 29-ի ԵԱՀԿ նախարարական կոմիտեի նիստում պաշտոնապես ներկայացված Մադրիդյան
սկզբունքներում նման բան չկա գրված: Չկա գրված, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ստանա
միջանկյալ կարգավիճակ, այլ ասված է, որ միջանկյալ ժամանակահատվածում ԼՂ-ն սեփական կյանքի
կազմակերպման համար կօգտվի որոշակի իրավունքներից և չկա ասված, որ Ադրբեջանին պետք
է վերադարձվի միայն 5 շրջան: Ասվում է, որ վերադարձվում են բոլոր 7 շրջանները: Վերապահում
է արված միայն Քելբաջարի համար, որ պիտի վերադարձվի 5 տարի անց, բայց այդ ընթացքում
չպիտի լինի հայկական կողմի լիարժեք վերահսկողության ներքո և պետք է խրախուսվի այնտեղ
բնակվող հայերի դուրսբերումը: Այսինքն՝ վերը նշված երկու կետը, որ արտահայտվում են
կազանյան գործընթացում, ոչ թե հիմնարար սկզբունքներ են, այլ բանակցային կոմպրոմիսային
առաջարկներ, որոնք արտահայտվել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների
2009 և 2010 թվականների Լաքվիլայի և Մուսկոկայի հայտարարություններում, հանրահայտ երեք
սկզբունքների և վեց տարրերի տեսքով:

 

Եվ հաճելիորեն կազանյան գործընթացը գնում է առաջ, կողմերը կառուցողական
բանակցում են և տպավորություն կա, որ Ադրբեջանը համաձայն է: Իսկ ի՞նչ կարող է սա նշանակել:
Մի պարզ բան. եթե կողմերը նման փաստաթուղթ են ստորագրում, Ղարաբաղը ստանում է միջանկյալ
կարգավիճակ, որն ապագա հանրաքվեի տեղի չունենալու պարագայում, ըստ էության, դառնում
է տևական կարգավիճակ, գումարած՝ Քելբաջարն ու Լաչինը մնում են հայկական կողմին: Սա,
իսկապես, բավականին լավ է:

 

Կողմերը համանախագահների և Ռուսաստանի ամենաակտիվ մասնակցությամբ
համաձայնեցնում են փաստաթուղթը, և գալիս է ստորագրման պահը, որը նշանակվում է 2011
թվականի հունիսի 24-ին՝ Կազանում: Ու տեղի է ունենում առաջին հայացքից զարմանալի, բայց
վերը շարադրվածի համատեքստում խիստ տրամաբանական մի բան. Ադրբեջանի նախագահը հրաժարվում
է ստորագրել կազանյան փաստաթուղթը՝ ներկայացնելով լրացուցիչ 10 առաջարկություն:

Հանդիպման արդյունքներով՝ ընդունվում է ոչինչ չասող մի փաստաթուղթ
և գործընթացը փաստորեն, հայտնվում է փակուղում: Թվում է, թե այս մերժումից հետո Ադրբեջանը
պետք է հայտնվի չափազանց ծանր դրության մեջ՝ որպես բանակցությունների ոչ կառուցողական
պահվածքի կրող: Իրականության մեջ, սակայն, տեղի է ունենում ուղիղ հակառակը: Ադրբեջանը
Կազանի առանցքային միջնորդի՝ Ռուսաստանի հետ կնքում է շուրջ, տարբեր գնահատականներով,
3 կամ 4 միլիարդ ամերիկյան դոլարի ռազմատեխնիկական պայմանագիր: Զուգահեռ սկսում է լարել
իրադրությունը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում՝ ճնշում
գործադրելով հայկական կողմի վրա:

Ըստ այդմ, 2012 թվականի ընթացքում արձանագրվում է հրադադարի խախտման
5972 դեպք, տեղի է ունենում չորս դիվերսիոն հարձակում՝ Տավուշի մարզի Բերդ և Չինարի
գյուղերի, Ճամբարակի և Հորադիզի հատվածում: 2013 թվականին արձանագրվում է հրադադարի
ռեժիմի խախտման 12 հազար 986 դեպք, աճը նախորդ տարվա նկատմամբ՝ 117 տոկոս: Դիվերսիոն
հարձակումների թիվը մնում է նույնը: 2014 թվականին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը
դառնում են 37 հազար 535, ինչը 2012 թվականի համեմատ ավելի է 528 տոկոսով: Դիվերսիոն
հարձակումների թիվն արդեն վեց է: Այդ տարի է խոցվում հայկական ռազմական ուղղաթիռը՝
Լեռնային Ղարաբաղի շփման գծի մոտակայքում: 2015 թվականին արդեն դիվերսիոն հարձակումների
թիվը 14 է, որոնք տեղի են ունենում թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին:
Հրադադարի ռեժիմի խախտումներն այնքան են հաճախանում, որ 2015 թվականի երկրորդ կեսին,
ըստ էության, վեր են աճում մինի պատերազմների:

Չնայած սրան, միջազգային հանրությունն արգելք չի դնում Ադրբեջանի
զենքի ձեռքբերումների վրա, Ադրբեջանը պատժամիջոցների չի ենթարկվում, չի դատապարտվում:
Տեղի է ունենում ուղիղ հակառակը. 2015 թվականի աշնանը, իսկ ավելի պաշտոնապես՝ 2016
թվականի հունվարին, համանախագահները՝ ի դեմս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ներկայացնում
են կարգավորման նորացված առաջարկ, որտեղ «Լեռնային Ղարաբաղն ստանում է միջանկյալ կարգավիճակ»
արտահատությունը տեղ չի գտնում: Միջնորդների անունից նաև Հայաստանին ասվում է, որ լավ
կլինի հրաժարվել Լեռնային Ղարաբաղին այդպիսի միջանկյալ կարգավիճակ հաղորդելու ակնկալիքից:

Այսինքն՝ առնվազն 5 շրջանները պետք է Ադրբեջանին վերադարձվի առանց
Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի, մինչդեռ այդպիսի կարգավիճակն արձանագրվում էր
2011 թվականի կազանյան փաստաթղթում:

Հայկական կողմն, ըստ էության, մերժում է այս խիստ անընդունելի առաջարկը
և դրանից ընդամենը երկուսուկես ամիս անց՝ սկսվում է 2016 թվականի ապրիլյան քառօրյա
պատերազմը, որն ավարտվում է հայկական կողմի համար 700 կամ 800 հեկտար տարածքի կորստով
և բանավոր ձեռքբերված հրադադարով: Ուշադրություն դարձրեք, 2016 թվականի 4-օրյա պատերազմը
դադարեցնելու մասին փաստաթուղթ գոյություն չունի: Սա նշանակում է, որ 2016 թվականի
ապրիլի 4 օրից հետո այդ պատերազմը չէր ավարտվել:

Կարևոր է արձանագրել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հասցեական չեն
դատապարտում Ադրբեջանին՝ 4-օրյա պատերազմի համար, և 2016 թվականի հուլիսին կողմերին
են ներկայացնում կարգավորման նորացված փաթեթ, որն, ըստ էության, կրկնում է հունվարի
առաջարկի բովանդակությունը:

 

Leave a Comment