Ռուսաստան–Ադրբեջան–Վրաստան–Հայաստան երկաթգծով ռուսական ցորենն ավելի շուտ հասավ Հայաստան, քան ղազախականը, թեև հենց Ղազախտանում էր Ադրբեջանի նախագահը հայտարարել, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով հայկական բեռներ տեղափոխելու սահմանափակումը։ Ղազախական ցորենն այս պահին Ադրբեջանի տարածքում է, առաջիկա օրերին կհասնի Հայաստան։
Իսկ նոյեմբերի 6-ի գիշերը Տավուշի մարզի Այրում կայարան է հասել 1 տ ցորեն Ռուսաստանից։ Նույնքան ցորեն ևս 15 վագոնով գալիս է Ղազախստանից։ Հայաստանի կառավարությունն այս իրադարձությունները պատմական է որակում։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Այրումում գիշերը դիմավորել է Ռուսաստանից ժամանած գնացքը։
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումը կազմակերպելու ընթացքն ու արագությունը անսպասելի են անգամ Հայաստանի կառավարության համար։ Վարչապետ Փաշինյանը քանիցս ողջունել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որը նա արել էր Ղազախստանում՝ Ադրբեջանի տարածքով անցնող հայկական բեռների համար սահմանափակումները հանելու մասին։
«Իրավիճակն անսպասելի և դինամիկ զարգացումներ է ունենում, ամեն օր բան է փոխվում, որովհետև ի սկզբանե նախատեսված էր, որ Ղազախստանից պետք է գա առաջին գնացքը։ Ընկալումն այդպիսին էր։ Բայց դրանից հետո պարզվեց, որ Ադրբեջանը նման հնարավորություն տալիս է նաև Ռուսաստանից եկող գնացքներին։ Ես գիտեմ, որ հայտեր են գեներացվում։ Իրավիճակն անընդհատ փոխվում է, որովհետև նորանոր հայտեր են առաջանում։ Հիմա պետք է նաև գործնականում պարզվի, թե արդյոք հակառակ ուղղությամբ ապրանքներն ինչպես են «հոսելու»։ Այսինքն` Հայաստանից Վրաստանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան կամ Ղազախստան կամ այլ երկրներ»։
Արձագանքելով իրավիճակին՝ Հայաստանը պատրաստ է հենց այսօրվանից Մարգարա– Կոռնիձոր երթուղով ապահովելու Ադրբեջանից Թուրքիա և Թուրքիայից Ադրբեջան բեռների տարանցումը՝ կառավարության նիստից հետո հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Ղազախստանում Ալիևի հայտարարությունից հետո Հայաստանում կարծում էին, որ որոշումը վերաբերելու է սահմանափակ թվով բեռնափոխադրումների։ Մոսկվան, սակայն, շտապեց հայտարարելու, որ Ռուսաստան–Հայաստան ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը ներդրում է խաղաղության գործի մեջ։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝ մինչև 2026 թ․ հունվարի վերջ նախատեսվում է այս երթուղով առաքել ևս 132 վագոն ցորեն։ Նախատեսվում է քննարկել նաև այլ տեսակի բեռների տեղափոխման հնարավորությունը։
Ռուսաստանի ակտիվությունն այս հարցում վարչապետ Փաշինյանը ողջունում է․
«Եվ ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ երբ օգոստոսի 8–ից հետո հնչում էին գնահատականներ, որ Ռուսաստանի համար սա նեգատիվ զարգացում էր, Իրանի Իսլամական Հանրապետության համար սա նեգատիվ զարգացում էր․ մեր դիրքորոշումը ո՞րն էր։ Մենք ասում էինք` ո՛չ, այս որոշումը նպաստելու է նաև Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների զարգացմանը և խորացմանը։ Տեսեք, ընդամենը 2–3 ամիս հետո մենք ունենք կոնկրետ զարգացումներ՝ 130 վագոն։ Մենք պատկերացնում ենք, չէ՞, թե այդ 130 վագոնը քանի բեռնատար է։ Ես ողջունում եմ այդ ակտիվությունը և ուզում եմ ընդգծել, որ դա լիարժեքորեն համապատասխանում է օգոստոսի 8–ից հետոյի զարգացումների մեր պատկերացումներին»։
Ռուսաստանից 15 վագոն՝ 1.000 տ ցորենով, նույնքան վագոն ցորեն էլ՝ Ղազախստանից։ Ադրբեջանի տարածքով Հայաստան մտնող բեռների մասին հայտնի է այսքանը։
Նոյեմբերի 6–ի գիշերը Տավուշի մարզի Այրում կայարանում այս աղմուկը, ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, պատմական է։
«Գրեթե երեքուկես տասնամյակ այս երկաթուղային երթուղով Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռ չի տեղափոխվել և, իհարկե, հակառակ ուղղությամբ էլ չեն գնացել։ Այդ առումով այսօր պատմական օր է։ Ռուսական ցորենը Ադրբեջանի, այնուհետև Վրաստանի տարածքով եկավ Հայաստանի Հանրապետություն։ Առաջիկա օրերին սպասում ենք նաև ղազախական ցորենին, որն այս պահին Ադրբեջանի տարածքում է։ Ըստ էության՝ կարող ենք ասել, որ այս երթուղին արդեն գործարկված է, և սա շատ կարևոր նշանակություն ունի տնտեսական և լոգիստիկ քաղաքականությունների դիվերսիֆիկացիայի տեսանկյունից։ Սա Վաշինգտոնում հաստատված խաղաղության գործնական արտացոլումն է և տնտեսական ամենաառաջին արդյունքներից մեկը։ Բնականաբար, մենք հույս ունենք, որ այս պրոցեսը զարգացում կապրի»։
Ո՞ր ընկերությունն է տեղափոխել ցորենը, Հայաստանն Ադրբեջանին տարանցման գումար վճարե՞լ է, թե՞ ոչ․ այս հարցերը դեռ անպատասխան են անգամ Հայաստանի վարչապետի համար։
«Անկեղծ ասած՝ չեմ կարող պատասխանել, մանրամասնել` որ ընկերությունն է, ինչքան է վճարվել, վճարվել է, թե չի վճարվել։ Ես կարծում եմ, որ մենք կարող ենք մեր լրատվական քաղաքականության շրջանակում այդ հարցերը պարզաբանել, որովհետև այդ մանրամասներին չեմ տիրապետում»։
Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող քաղաքական խնդրահարույց հայտարարություններին, իսկ ավելի ճիշտ՝ պատմական բանավեճ հրահրելուն, ապա Փաշինյանն այդ օրակարգը վտանգավոր է համարում խաղաղության համար։ Վարչապետի համար անընդունելի է նաև քարտեզների և տեղանունների մասին բանավեճը։
«Եթե ցարական քարտեզներով գնանք, դրանից առաջ՝ սուլթանական, դրանից առաջ՝ շահական, դրանից առաջ՝ խանական, դրանից առաջ` խալիֆայական։ Օրինակ՝ կարող է պարզվել` այդ քարտեզի վրա Հայաստան կա, իսկ Ադրբեջան չկա, իսկ դա ո՞նց մեկնաբանենք։ Ես դրա համար եմ ասում՝ դա անօգուտ գործողություն է։ Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում դա, որովհետև կան 2025 թ․ օգոստոսի 8–ի ստորագրված և նախաստորագրված փաստաթղթերը, և կա 2024 թ․ սեպտեմբերի երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ Այսինքն` հիմա ընկնել պատմական բանավեճերի հետևից՝ այստեղ սա է գրված ․․․ Ո՞վ է ասել, որ այդ անուններն ադրբեջանական են։ Այդ անունները թուրքական են, պարսկական են, արաբական են, մոնղոլական են, երբեմն էլ կլինեն ռուսական։ Եվ ի՞նչ։ Ի՞նչ է դա փոխում։ Ոչ մի բան էլ չի փոխում»։
Ինչ վերաբերում է Ալիևի՝ ադրբեջանցիների՝ ավտոմեքենաներով Հայաստան գալու մասին հայտարարությանը, Հայաստանի վարչապետը կարծում է, որ խաղաղությունը հենց դրա համար է․ Հայաստանից մարդիկ կարող են ավտոմեքենայով գնալ Բաքու, Ադրբեջանից էլ՝ գալ Երևան: