
«Հովհաննավանքը սեփականության իրավունքով պատկանում է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին։ Հստակ է, որ Հովհաննավանքում այսօր խախտված է տեղի օրինավոր սպասավորների ծառայությունը, լիարժեքորեն խախտված է հավատացյալների հոգևոր խնամքն իրականացնելու ողջ գործընթացը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նրա խոսքով, Հովհաննավանքի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է լուծվի իրավական, օրինականության ճանապարհով՝ հույս հայտնելով, որ իրավապահները կկատարեն իրենց գործը։
«Մյուս ճանապարհները, որոնք հարցի լուծանն են ուղղված, օրինակ, խմբով գնալ, դուրս վռնդել այնտեղից, մեզ համար անընդունելի են, կարող են տանել բախումների»,- ասել է Տեր Եսային։
Անդրադառնալով կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի հայտարարություններին, նա ասել է. «Այդ անձը կեղծիքը կեղծիքի հետևից տարածում է՝ ամեն օր մի նոր կեղծիք, նախորդ օրվա ասածը հերքում է, վերաձևակերպում է և այլն։ Ցավոք սրտի, այս երևույթին, այս սուտի ու կեղծիքի տարածմանը մենք ականատես ենք ամեն օր։
Ինչ վերաբերում է մկրտության կամ պսակադրության վկայականներին, ինքը իրավունք չունի և չի կարող որևէ վկայական տալ, և ինքը շատ լավ դա հասկանում է։ Սկզբում փորձեց մարդկանց խաբել, թե կտանք, հետո հասկացավ, որ այդ կեղծիքը երկար կյանք չունի, որովհետև ինքը որևէ կնիք չունի, որևէ իրավասություն չունի և որևէ կերպ չի կարող մարդկանց օրինական վկայական տալ։ Կարող է թղթի վրա ինչ-որ բան գրի, բայց դա որևէ օրենքի ուժ չունի և որևէ տեղ չի կարող ճանաչվել։
Եվ մյուս կարևոր հանգամանքը, եթե մարդը պսակադրվում է կամ մկրտվում է կարգալույծ հոգևորականի ձեռամբ, այդ մկրտությունը մկրտություն չի և այդ պսակը պսակ չի։ Այսինքն, եթե այդ անձը հետո ուզենա գնալ որևէ այլ եկեղեցի պսակադրվելու, իրեն պետք է նորից մկրտենք։ Այսինքն դա նորից չի, որովհետև նախորդ կատարած ծեսն անվավեր է, այդ մարդը պիտի մկրտվի, որովհետև ինքը ուրիշ տարբերակ կամ ուրիշ ճանապարհ չունի»,- ասել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։