Ասելիք աշխարհին 33 րոպեում․ Փաշինյանի փարիզյան ուղերձները և նոր առաջարկները

Ֆրանսիայում աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի վարչապետն ունեցել է տարբեր հանդիպումներ, երկու ելույթով հանդես եկել տարբեր լսարանների առաջ, արժանացել Ֆրանսիայի նախագահի ջերմ ընդունելությանն ու մասնակցել Մակրոնի անունից ի պատիվ Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումին մասնակից պետությունների ղեկավարների տրված ընթրիքին: Ելույթների ընթացքում վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, տարածաշրջանում իրավիճակին, ապաշրջափակման ուղղությամբ քայլերին: Փաշինյանը  Հայաստանի և Ադրբեջանի միջև  խաղաղությունը ձևավորված է համարել և բարձր գնահատել ԱՄՆ նախագահ Թրամփի անձնական ջանքն ու ներդրումը։

Հայաստանի վարչապետից Ֆրանսիայում 33 րոպե է պահանջվել՝ միջազգային հանրությանը փոխանցելու պաշտոնական Երևանի առանցքային ուղերձները, որոնք առավելապես խաղաղության օրակարգին են առնչվել և Հայաստանի նոր առաջարկներին՝  կարևոր հատկապես Հարավային Կովկասի համար։

Փաշինյանը երկու ելույթ է ունեցել՝ 8 րոպե հենց խաղաղության համաժողովին, ևս 25 րոպե՝ որպես բանախոս «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկմանը: Այս հարթակներից հնչած ուղերձներից առաջինն այսպես ձևակերպվեց․

«Շատ կարևոր նրբություն կա տարածաշրջանային փոխկապակցվածությունը, մեր պատկերացմամբ, նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը հնարավորություն կունենան միմյանց տարածքներն օգտագործել ներքին, երկկողմ և միջազգային կապերի համար։ Նշանակում է, որ մեր տարածքով նոր ուղի կբացվի միջազգային տարանցման համար, և, հաշվի առնելով, որ հիմա աշխարհում մատակարարման շղթաների ճգնաժամ կա, դա միջազգային առևտրի տեսանկյունից կարող է իրավիճակ փոխել, իրավիճակ փոխել նաև մեր տարածաշրջանում»։

Փաշինյանը համարում է, որ տարածաշրջանում արդեն իրավիճակ է փոխվել, ինչն էլ  հնարավորություն է տվել աշխարհին դիմել նոր առաջարկներով։ Այդ հնարավորությունը բացվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախաստորագրմամբ։ Պատմական այդ քայլին, ըստ Փաշինյանի, վերջերս հաջորդեց մեկ այլ որոշում՝ կրկին պատմական, երբ  Ադրբեջանը հայտարարեց իր տարածքով հայկական բեռների տարանցման բոլոր սահմանափակումները հանելու մասին։ Այս քայլը փոխադարձելով՝ պաշտոնական Երևանը պատրաստակամություն հայտնեց բացել իր հաղորդակցության ուղիները Ադրբեջանի համար, երթուղիներ տրամադրել Թուրքիայից Ադրբեջան  ընթացող բեռնատարներին։

Այս համատեքստում վարչապետը հիշատակել է նախաստորագրված համաձայնագրի կետերը, որոնցով, ըստ միջազգային սկզբունքների, ապաշրջափակվող երթուղիները շահագործվում են՝ առանց վնասելու պետությունների ինքնիշխան իրավունքները։   

«Բազմաթիվ փաստարկներ և քննարկումներ կան, որ միգուցե բազմաթիվ ուժեր կան շահագրգռված չեն այս հաղորդակցության ուղիների բացմամբ, բայց իրականում բոլոր խաղացողները կշահեն այս նախագծից։ Ադրբեջանի հետ  հաղորդակցության ուղիների բացման արդյունքում, ի վերջո, կունենանք բաց հաղորդակցության ուղիներ Պարսից ծոցի, Օմանի ծոցի և Սև ծովի միջև։ Կունենանք նոր կապեր Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև։ Կունենանք նոր հնարավորություններ։ Հայաստանը կունենա երկաթուղային կապ Իրանի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ։ «Թրամփի ուղի՝ հանուն խաղաղության և բարեկեցության» ծրագիրը, որն ի կատար կածվի Հայաստանի Հանրապետության տարածքում, կարևորագույն նշանակություն ունի, քանի որ մեզ անհրաժեշտ է արևելքից արևմուտք հասանելիություն ունենալ։ Ե՛վ Հայաստանին, և՛ Ադրբեջանին է դա անհրաժեշտ»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր դարձավ, երբ հասկացանք, որ որոշ հարցերում շահերը համընկնում են՝ ձևակերպեց Փաշինյանը՝ Հարավային Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի անկախության ձեռք բերման պատմության մեջ համընկնումներ տեսնելով։

«1991-ին մենք անկախություն ձեռք բերեցինք միաժամանակ, միասին և որոշ ժամանակ անց հասկացանք, որ միգուցե կարող է լինել ընդհանուր վտանգ մեր անկախությունների համար։ Եվ  որոշեցինք կենտրոնանալ մեր պետականությունների վրա, մեր անկախությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու վրա։ Իմ կարծիքով՝ դա շատ կարևոր գործոն է, թեպետ ես համոզված չեմ, որ գնահատականը նույնը կլինի Ադրբեջանի կողմից»։

Հայաստանի վարչապետը հաստատեց, որ ադրբեջանական կողմի հետ ամենօրյա ռեժիմով աշխատում են՝ ձևավորելու հարաբերությունների հաստատման իրավական հիմքերը, պարբերություններ են համաձայնեցնում, հստակեցնում ձևակերպումներ։

«Այժմ ամեն ինչ առաջ է շարժվում դրական ձևով։ Որևէ կանխատեսում չկա, որ ինչ-որ բան կանգ կառնի և այլն, ամեն ինչ կիրականացվի, ես համոզված եմ` որևէ խոչընդոտ չի լինի»։

Փաշինյանը լավատես է նաև Հայաստան-Թուրքիա բանակցությունների հարցում, որոնց վրա դրական կերպով է ազդել Ադրբեջանի հետ պայմանագրի նախաստորագրումը։ Եվ, չնայած դրան, դժվարանում է սահմանի բացման ժամկետներից խոսել։

«Ես կարծում եմ, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, Թուրքիայի հետ սահմանի բացումը ընդամենը ժամանակի հարց է, քանի որ հիմա սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման որևէ էական խոչընդոտ չկա։ Ես կարծում եմ, որ մենք հասնում ենք մի հանգրվանի, որում կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, կունենանք բաց սահմաններ,  տնտեսական և քաղաքական համագործակցություն և կլինենք նորմալ հարևաններ։ Ես հավատում եմ, որ այդ պահը մոտենում է և կգա շուտով։ Բայց թե ստույգ ե՞րբ, չեմ կարող ասել հիմա»։

Հայաստանի վարչապետը խոսել է նաև գլոբալ մարտահրավերների մասին՝ ապատեղեկատվության ու մանիպուլյացիայի։ Սա արդեն՝ Տեղեկատվության  և անկախ լրատվության վերաբերյալ բարձր մակարդակի միջազգային կոնֆերանսին:

Փաշինյանը նկատել է, որ արտաքին ուժերի կողմից տեղեկատվական միջամտությանը և մանիպուլյացիային առնչվող մտահոգություններն ավելանում են, և այդ սպառնալիքների հաղթահարումը պահանջում է իրական  գործակցություն պետությունների միջև, որոնք կիսում են մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնարար արժեքները։

Փարիզյան ելույթներում վարչապետը Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին քաղաքական մեծ նշանակություն է տվել նախ խաղաղության գործընթացի, ապա նաև հետագա բարեկեցության առումով։

Leave a Comment