Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթի հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող թեմաների: Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը ևս մեկ անգամ ընդգծել են, որ երկկողմ փոխգործակցությունը ունի ռազմավարական նշանակություն ու պատրաստակամություն հայտնել շարունակելու հետևողական քայլերն այդ ուղղությամբ:
Հաջորդիվ քննարկվել են տարածաշրջանային նշանակության հարցրեր: Ֆրանսիայի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով և շեշտել Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանի տարածքային ինքնիշխանությանն ու խաղաղության ամրապնդմանը:
Մտքեր են փոխանակվել TRIPP նախագծի և տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ: Այդ համատեքստում, վարչապետն անդրադարձել է իրականացվող աշխատանքների ընթացքին:
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգով հարաբերությունների հետևողական ընդլայնումը:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
