Աստված մեզ չի թողնի․ Նա մեզ տվել է զորություն՝ դիմանալու, սեր՝ ներելու, և զգաստություն՝ չմոլորվելու համար․ Տ. Մաշտոց աբեղա Մխիթարյան

Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ՝ զորության, սիրո և զգաստության»

Բ Տիմոթեոս 17-8

Սիրելի հավատացյալներ, ընկերներ և բարեկամներ,

Վերջին օրերին մեր Սուրբ Եկեղեցին անցնում է փորձությունների նոր շղթայով ապօրինի ձերբակալվում և կալանավորվում են մեր բարձրաստիճան ու կրտսեր հոգևորականները։ Սա ուղղված չէ միայն նրանց դեմ, այլ մեր Եկեղեցու, մեր ազգային ինքնության և միասնականության դեմ՝ պատված կեղծ «Աստվածսիրության» ու «եկեղեցասիրության» քողով։

Սակայն ճշմարիտ հավատքը, ինչպես հիշեցնում է Հակոբոս առաքյալը, խոսքով միայն չէ, այլ գործով. քանզի հավատքը առանց գործերի մեռած է։ Քծնանքով, մեղադրանքներով կամ շողոքորթ խոսքով հավատք չեն զորացնում և Եկեղեցի չեն շենացնում։

Հավատում եմ, որ այս փորձությունների մեջ Աստված մեզ չի թողնի։ Նա մեզ տվել է զորություն՝ դիմանալու, սեր՝ ներելու, և զգաստություն՝ չմոլորվելու համար։

Աղոթում եմ մեր Սուրբ Եկեղեցու անսասանության, մեր սրբազան հայրերի ազատության և մեր ժողովրդի միաբանության համար։ Թող մեր հավատքը ամրապնդվի, քանզի այն հիմնված է Քրիստոսի վրա, և ոչ մի ուժ չի կարող խարխլել այն։

Տ. Մաշտոց աբեղա Մխիթարյան

Leave a Comment