Վաղը՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին «Մեր ձեւով» ժողովրդական շարժումը կոչ է անում միավորվել և բարձրացնել ժողովրդական ձայն՝ արդարության, ազգային արժեքների ու ինքնության պաշտպանության համար։ Քաղաքական ու իրավական ոլորտի մի շարք գործիչներն ու «Մեր ձեւով» շարժման աջակիցները համացանցում հանրահավաքի իրազեկման ֆլեշմոբ են սկսել: Ֆլեշմոբին է միացել նաեւ Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթեւիկ Կարապետյանը:
-Երբ երկրում մարդկանց ձերբակալում են ոչ թե արարքների, այլ խոսքերի համար, դա այլեւս արդեն մեկ առանձին վերցված մարդու խնդիրը չէ:Խնդիրն այլ . ինչպիսի՞ն է լինելու Հայաստանը՝ ազա՞տ, թե ՞ վախեցած: Երբ երկրում հարցերը լուծում են վիրավորանքներով, սոցիալական ցանցերում, իսկ այդ ժամանակ քո երկիրը շփոթում են Կամբոջայի կամ Ալբանիայի հետ, դա վերաբերում է բոլորիս, մեր պատվին,- ֆլեշմոբի շրջանակներում քաղաքացիներին է իր կոչով դիմում Տաթեւիկ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ արդեն 121 օր է՝ իր ընտանիքը կանգնած է ոչ միայն հարազատ մարդու կողքին, այլեւ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու իրավունքների ու արժեքների պաշտպանության համար. «Իմ հայրը կալանքի տակ է այն խոսքերի համար, որ կանգնած է եկեղեցու կողքին: Մենք բոլորս կանգնած ենք ու շարունակելու ենք կանգնել եկեղեցու կողքին ու պաշտպանել մեր արժեքները: Հայրս միշտ հիշեցնում է՝ եթե քարը մոռանա, թե որ լեռից է պոկվել, այն վերածվում է փոշու: Մեզ չեն կարող վերածել փոշու»:
Բարերարի դուստրը նաեւ կոչ է արել վաղը՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին միանալ Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին ոչ թե ինչ-որ մեկի, այլ ամեն մեկն իր ու մեր Հայաստանի համար:
-Եթե դուք էլ ինձ պես ձեր տեղը չեք գտնում, մեր երկրում կատարվող ապօրինություններից, եթե հաշտ չեք այն իրողության հետ, որ օրը ցերեկով մեր եկեղեցին փակում ու խուզարկում են, որ ապօրինաբար ազատազրկված է արդեն երրորդ սրբազան հայրը, որ երկարաձգվեց բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի ազատազրկումը, որ ազատազրկում են մեր նահատակված հերոսների ծնողներին, ապա մենք ունենք անելիք: Վաղը բոլորիս տեղը Ազատության հրապարակն է: Հավաքվում ենք Ազատության հրապարակում ցույց տալու ոչ միայն այս իշխանությանը, այլեւ ամբողջ աշխարհին, որ մենք՝ հայերս ունենք կարմիր գծեր ու հաշտ չենք այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում մեզ հետ, մեր եկեղեցու ու մեր ազգային ինքնության հետ,- ֆլեշմոբի շրջանակներում քաղաքացիներին կոչ է անում սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանը եւս վաղը Ազատության հրապարակում է լինելու եւ կոչով դիմել է քաղաքացիներին միանալ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, հալածվող եկեղեցու նախատեսված հանրահավաքին:
-Ես Ազատության հրապարակում եմ լինելու, քանի որ դեմ եմ քաղաքական ռեպրեսիաներին , իսկ դո՞ւք,- ֆլեշմոբի ժամանակ դիմել է քաղաքացիներին Դումիկյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: