
Ալեքսանդր Կոչուբաևի ապօրինի կալանքի պատասխան քայլերից մեկը լինելու է նաև իմ գործադուլը՝ անորոշ ժամկետով։ Այս մասին հայտարարել է նաև փաստաբան Ռոման Երիցյանը։
«Լիովին գիտակցում եմ, որ այս որոշումը կարող է որոշակի անհարմարություններ պատճառել իմ վստահորդներին, և վերստին հայցում եմ բոլորի ներողամտությունը։ Սակայն Կոչուբաևի հետ տեղի ունեցածն արշավ է ոչ միայն փաստաբանական համայնքի, այլև ձեր բոլորի նկատմամբ։
Կրկնում եմ՝ իշխանությունը փաստացի արժեզրկել է փաստաբանի դերը։ Ուստի ավելի լավ է պայքարել և դիմանալ այս փորձությանը, քան թույլ տալ անդառնալի հետևանքներ։
Այսօր 4 դատական նիստերին մասնակցելուց արդեն հրաժարվել եմ։ Շնորհակալ եմ բոլոր այն դատավորներին, ովքեր ըմբռնումով մոտեցան այս հարցին»։
Գործադուլ է հայտարարել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Ավելի վաղ փաստաբան Տիգրան Աթանեսյանը փաստաբանական համայնքին առաջարկել էր գործադուլ անել՝ Ալեքսանդր Կոչուբաևին ազատելու պահանջով։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին դատական նիստից դուրս գալուց հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ ձերբակալվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):
Նշենք, որ Ա. Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառման համար: Մասնավորապես՝ անդրադառնալով Մկրտիչ Սրբազանին կալանավորելու հանգամանքին՝ փաստաբանը նշել էր, որ «հոգին սատանային վաճառած քննիչների, դատախազների, դատավորների պատիժը երկնային է լինելու և աղոթում է Տիրոջը, որպեսզի նրանց չների և պատիժը քավեն սերունդներով»։ Փաստաբանը նաև կոշտ այլ արտահայտություններ է արել քննիչների, դատախազների ու դատավորների հասցեին՝ առանց որևէ մեկի անունը նշելու: