
Հոգևորականներից բացի, ձերբակալվել են նաև Արագածոտնի առաջնորդարանի հաշվապահը, գլխավոր հաշվապահը, գործավար-քարտուղարը։ ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Նրա խոսքով` նշված անձինք կանայք են։
Ֆարմանյանին ու մյուս փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել ՔԿ։ Շենքի մուտքը հսկում են ոստիկանության աշխատակիցները։
Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ այս ընթացքում ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները ԱԱԾ-ի հատուկջոկատայինների հետ մտան Արագածոտնի առաջնորդարան։
ԱԻՆ աշխատակիցներն առաջնորդարան մտան հատուկ սաղավարտներով ու լինգերով։
Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ փրկարար ծառայության աշխատակիցներից մեկը սնդուկ է հանել առաջնորդանից և փորձում է լինգով բացել այն։
Հիշեցնենք, որ այսօր բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի 11 հոգևորականներ, այդ թվում՝ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Ըստ ՔԿ-ի` նրանց ձերբակալել են հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում:
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։