Զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողները եւ հարազատները բողոքի ցույց են անում Գլխավոր դատախազության շենքի առաջ՝ ի պաշտպանություն կալանավորված Արսեն Ղուկասյանի, որն ունի կալանքի հետ անհամատեղելի բազմաթիվ հիվանդություններ: Ծնողները եւ հարազատները նշում են, որ Հայաստանում օրեցօր աճում են բռնաճնշումները, կալանքի միջոցով մարդկանց լռեցնելու եւ ճնշելու արատավոր երևույթները: Արսեն Ղուկասյանը պատերազմում կորցրել է եղբորը, իսկ եղբոր որդին անհետ կորած է:
«Մեր ակցիան խաղաղ է, հանկարծ չփորձեն հրահրել…Հավաքվել ենք, որովհետեւ Արսեն Ղուկասյանի առողջական վիճակը, սրտի հետ կապված խնդիրները, ստենդավորումը, բաց վիրահատությունը եւ այլն, արդեն իսկ արգելք են նրա ապօրինի կալանքի համար: Իսկ եթե Մասիս Մելքոնյանն է դատավորը, կարելի է էլ չլինել դատարանի դահլիճում եւ իմանալ, որ միանգամից կալանք է արձանագրվելու: Ով դեմ է այս իրականությանը, այս պարտված իշխանությանը, փորձում են լռեցնել:
5 տարի է՝ ընթացքի մեջ է այս ամեն ինչը, մի դավաճանի դեռ հրապարակավ չեն դատել, ու այսօր դատում են այն մարդկանց, որոնք 2020 թվականից եղել են Արցախում, որոնողական փրկարարական աշխատանքներում, տղաների մասունքները հատ առ հատ սրբորեն ուղարկել են Հայաստանի Հանրապետություն: Ու այդ ամենը այստեղ քանդած, տարբեր սառցարաններում լցրած, երեխաների ԴՆԹ-ները պղծած…Սա է ներկայիս իշխանությունը:
Ամեն մեկն իր հերթին, երբ գալիս է պատասխանատվության ժամանակը, փոխում են պաշտոնավորումը, մինչդեռ պետք է ամեն ինչի համար պատասխան տային»,- լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում անմահացած Լեւոն Գալստյանի հորեղբայրը՝ Սերգո Գալստյանը:
«Ինչ են ուզում ծնողներից…Ինչ խուլիգանություն է արել Արսեն Ղուկասյանը: Արսեն Ղուկասյանը նախապես իր ծննդյան օրը, որն ամենադաժան օրն է՝ սեպտեմբերի 27-ը, իրազեկել է պետական մարմիններին, որ պաշտպանության նախարարությանն ենք տվել մեր երեխեքին: Իրենց ասել էին՝ այսինչ օրը կգաք, կհանդիպեք: Գալիս է այդ օրը, մարդկանց հետ սկսում են արհամարհանքով վերաբերվել: 5 տարի արհամարհել են այն մարդկանց, որոնք պայքարում են: Ու հետո այս հանրությունը պետք է գիտակցի Արսեն Ղուկասյանի կարգավիճակը… Ինչ վերապրում է, զգում է Արսեն Ղուկասյանը, նույնը մաղթում եմ նրան վարկաբեկողներին, ֆեյք տեղեկատվություն տարածողներին…Եթե մենք Հայաստանի Հանրապետությունում ենք, Թուրքիայի վիլայեթում չենք, մեր ակցիան պետք է արդյունք տա»,-ասում է անմահացած զինծառայողի հորեղբայրը:
Ցույցն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: