
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական շարժընթացի պայմաններում, մեր «Խաղաղության խաչմերուկի» գաղափարն իրականություն է դառնում՝ ունենալով ողջ ներուժը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև՝ շատ ավելի ընդգրկուն աշխարհագրությամբ ամբողջ դինամիկան փոխելու համար»,- ասել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում անցկացվող «Համաշխարհային դարպասներ» երկրորդ համաժողովի ժամանակ։
Նա ընդգծել է՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովի ժամանակ, նախագահ Թրամփի աջակցությամբ, Հայաստանը և Ադրբեջանը, ի թիվս այլ հարցերի, համաձայնության եկան տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման շուրջ՝ հիմնվելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների վրա։
«Ավելին, Հայաստանը և ԱՄՆ-ն, երկուստեք որոշվելիք երրորդ կողմերի հետ համատեղ, կիրականացնեն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը, որը զգալի ազդեցություն կունենա տարածաշրջանում և դրանից անդին կապակցվածության ամրապնդման վրա՝ ամբողջովին համահունչ լինելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տեսլականին։
Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ մեր տարածաշրջանը թե՛ քաղաքականապես, թե՛ լոգիստիկապես պատրաստ է բացահայտել իր չօգտագործված ներուժը և ինտեգրվել Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև ավելի ընդգրկուն, անխոչընդոտ կապակցվածության մեջ։ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը, որը հայտնի է նաև որպես «TRIPP» ուղի, խոստումնալից ներդրումային ծրագիր է, որը համագործակցության մեծաթիվ հնարավորություններ է բացում՝ երկաթուղիներից մինչև էներգետիկա։
Հետևաբար, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Եվրոպական միության ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում շատ ճիշտ պահի, և Հայաստանը պատրաստ է կամուրջ կառուցել այս տարածաշրջանների միջև՝ խթանելով ոչ միայն ենթակառուցվածքային կապերը, այլև թվային, էներգետիկ և կարգավորող դաշտի փոխգործունակությունը և կառուցակարգային համապատասխանեցումը Եվրամիության հետ։ Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել։ Զարգացող այս գործընկերությունը եզակի հնարավորություններ է ստեղծում, որպեսզի Հայաստանն ավելի խորը և ռազմավարական մակարդակում մասնակից դառնա Եվրոպայի կապակցվածության զարգացող տեսլականին, մասնավորապես՝ «Համաշխարհային դարպասներին», Սևծովյան ռազմավարությանը, Միջին միջանցքին, Անդրեվրոպական տրանսպորտային ցանցին և այլոց»,-ասել է նա ելույթում։