Գործողներ, նախկիններ ու նորեր․ ընտրություններից 10 ամիս առաջ պատկերն ուրվագծվում է

2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ աստիճանաբար ուրվագծվում են պայքարի պատրաստվող քաղաքական միավորներն ու հնարավոր ձևաչափերը։ Քաղաքական մի շարք ուժեր արդեն հրապարակայնորեն հայտ են ներկայացրել , որոշ ուժեր փակագծերն ամբողջությամբ չեն բացել և չեն բացահայտել առաջին դեմքերին։ Սակայն արդեն պարզ է, որ նախընտրական պայքարն ընթանալու է գործողների, նախկինների և նորերի միջև։  

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ասուլիսին արտահայտած որոշ մտքեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռակա բանավեճի առիթ են դարձել։ Քոչարյանը համոզված է, որ քաղաքական երեք խոշոր միավորներով առաջիկա ընտրություններում ընդդիմությունը կկարողանա հաղթել գործող իշխանությանը։ Սրան ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ թարմացնում է բանավեճի թեման։

«Դուք եռյակով էն ասեք՝ բանավեճի գալու եք, թե ոչ»։

Քոչարյանը Փաշինյանի հետ բանավեճի թեման իր համար փակված է համարում։ Անգամ նախընտրական շրջանը և թեմայի ընտրությունը կարևոր չեն։

«Ամենից հետաքրքիրը հետևյալն է․ կար պատճառ, հարց, որի շուրջ բանավեճի ձեռնոց էր նետվել։ Հիմա այդ հարցերը, որոնց շուրջ նետվել էր ձեռնոցը, բոլորը մոռացել են, «բանավեճ» բառը սկսել է ապրել իր կյանքով։ Երկրորդը՝ ընդդիմության համար կոնկրետ Փաշինյանի հետ բանավիճելը որոշակի տոքսիկ գործոն ունի»։

Նախորդ՝ 2021-ի ընտրությունների ժամանակ և դրանից հետո կարծիք կար, որ եթե նախկին նախագահները ընտրապայքարի մեջ չմտնեին, ապա ընդդիմությունն ավելի լավ արդյունք կարձանագրեր։ Արդյո՞ք այդ նպատակին հասնելու համար 2026-ին Քոչարյանը պատրաստ կլինի հեռանալու քաղաքականությունից․ այս հարցին ուղիղ պատասխան չի տրվում։

«Ես ուրիշ նախագահների անունից իրավունք չունեմ խոսելու և չեմ ուզում խոսել։ Ինչ վերաբերում է կոնկրետ ինձ, կարծում եմ` 21 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ ես ունեմ ինչ-որ չափի ազդեցություն և ինչ-որ զանգվածի, որի չափի մասին չեմ ուզում խոսել, կոնսոլիդացման հնարավորություն։ Իմ թիմը մասնակցելու է։ Ինչ վերաբերում է կոնկրետ իմ դեմքով մասնակցելուն կամ չմասնակցելուն, ապա եթե մեր թիմում հայտնվի մեկը, որը վիճակագրորեն ավելի շատ ձայներ կարող է հավաքել, ես միայն ուրախ կլինեմ։ Ձևաչափի առումով մենք հիմա այդ որոշումը չունենք, իսկապես չենք քննարկել։ Ֆորմատի վերաբերյալ որոշումները կլինեն հունվար-փետրվար ամսին։ Ես գիտեմ, որ հիմա քաղաքական դաշտում տարբեր կուսակցություններ իրար հետ բանակցում են, և միայն ողջունում եմ դա․ խնդիր կա ձայները չփոշիացնելու։ Ես ենթադրում եմ, որ մարդիկ նաև այդ պատասխանատվությունը զգում են և գնում են խոշորացման»։ 

Գործող իշխանության և Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի քաղաքական հարաբերությունները օրերս ԱԺ-ում գնահատեց հենց վարչապետ Փաշինյանը։ Քաղաքական այդ միավորին նա «գանձ» էր անվանել, ինչն էլ Քոչարյանը դրական որակում էր համարել։ ԱԺ-ում վերջին հարցուպատասխանի ժամին՝ հերթական բանավեճի  ժամանակ, «Հայաստան» խմբակցության անդամներին դիմելով՝ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր․

«Եթե գանձերի մասին ենք խոսում, ձեզնից և ձեր ֆրակցիայից ավելի ուժեղ գանձ չկա, և հետևաբար մենք մեր երազանքի գանձերը գտել ենք։ Եթե գանձ եք փնտրում, հայելու մեջ նայեք ձեզ։ Ձեզնից ավելի արժեքավոր գանձ մեզ համար պարզապես գոյություն չունի»։   

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հենարանը ԱԺ-ում՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը և Հանրապետական կուսակցությունը, հերթական ընտրություններին պատրաստվելու փոխարեն այլ գործընթաց են նախաձեռնել։ Թեև մեկ տարուց էլ քիչ ժամանակ է մնացել, բայց փորձում են կյանքի կոչել վարչապետին անվստահություն հայտնելու ծրագիրը։ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խոսում է այդ գործընթացին ՔՊ-ական պատգամավորների միանալու հավանականության մասին, բայց անուններ չի նշում։

«Ըստ պլանի՝ շարունակում ենք մեր գործողությունները։ Իմփիչմենթի գործընթացը՝ առանց ժողովրդի աջակցության, առանց հասարակական լայն զանգվածների, առանց փողոցային պայքարի հնարավոր չէ։ Դա անբաժանելի և կարևորագույն մասն է վարչապետին անվստահություն հայտնելու, և հենց այդպես էլ տեղի է ունենալու ՔՊ-ից պատգամավորների միացումը գործընթացին։ Ինչ վերաբերում է ՔՊ-ականների հետ բանակցություններին կամ քննարկումներին, բնականաբար նույնիսկ այն ժամանակ, երբ այդ ստորագրությունը այդ թղթի վրա լինի, շատ վտանգավոր է դա հանրայնացնելը, էլ ուր մնաց բանակցային փուլում հանրայնացնելը, որովհետև շատ արագ իշխանությունները իրենց ողջ ռեպրեսիվ ապարատը կօգտագործեն այդ անձանց ուղղությամբ»։    

2026-ի խորհրդարանական ընտրություններին առնվազն երկու նոր քաղաքական ուժի մասնակցություն արդեն հաստատված է։ Այդ քաղաքական միավորների ձևավորումը դեռ ավարտված չէ, բայց քաղաքական հայտերը ներկայացված են։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական նոր միավոր է ստեղծում․ անունը դեռ հայտնի չէ։ Քաղաքական հայտը ներկայացվեց նախօրեին․

«Սա հայտ է ոչ թե հին կանոններով շարժվելու, այլ այդ կանոնները փոխելու մասին։ Պետք է միասին վերականգնենք քայքայված քաղաքական համակարգը և ձևավորենք իրավունքի պետություն։ Ես հայտ եմ ներկայացնում քաղաքականությունն օգտագործելու մարդկանց միավորման ու երկրի առաջընթացի համար` հանուն իրական խաղաղության»։

Քաղաքական մեկ այլ նոր միավորի անունն այս պահին հայտնի է, բայց ձևավորման գործընթացը դեռ ավարտված չէ։ «Մեր ձևով» շարժման գրանցման ժամկետի մասին խոսում է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։ Թիմում կարծում են, որ շարժումը պետք է որոշակի ճանապարհ անցնի, հետո քաղաքական միավոր դառնա։

«Կարծում ենք, որ հունվարին արդեն կարող ենք քաղաքական միավորի մասին պրոցեսները սկսել։ Մենք կներկայացնենք շարժման ուղին, թե ինչ աշխատանքներ են կատարվել շարժման անդամների և հազարավոր կամավորների շնորհիվ մեր երկրում»։

Այս գործընթացներին զուգահեռ՝ ընտրություններից առաջ կա նաև ինտրիգ «Կուսակցությունների մասին» օրենքին առնչվող, որի մասին խոսում են  իշխող քաղաքական թիմում։ Վարչապետը նույնպես այդ մասին ակնարկել է։

«Սա էլ է այն դեպքը, որ ժողովրդավարությունը օգտագործվում է ժողովրդավարության դեմ։ Հայաստանի կուսակցությունների 90 %-ով վարչության կազմը կամ ղեկավար մարմնի կազմը մեկ կամ երկու հոգի են գրում, երբեմն ցույց էլ չեն տալիս։ Հետո մարդիկ մամուլից են իմանում, թե ինչ եղավ, ոնց ընտրվեց։ Ժողովրդավարական երկիր ենք, ուրեմն պետք է գտնենք մեխանիզմներ, որ այն կուսակցությունները, որ գործում են մեր երկրում, համապատասխանեն ժողովրդավարության և թափանցիկության կանոններին։ Դա կարող է ընդհուպ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հնարավորություն տալ-չտալու հարց առաջացնել, որովհետև կոնսպիրատիվ կառույցները ինչի՞ համար են ընտրություններին մասնակցում։ Թող գնան զբաղվեն կոնսպիրացիայով, մենք էլ իրենց բացահայտենք»։

Վարչապետի այս հայտարարությունը «խաղի կանոնները» փոխելու կասկածներ էր առաջացրել։ Ի պատասխան դրանց՝ իշխանությունը հստակեցումներ առայժմ չի կատարել։

Leave a Comment