Կարմիր գորգ, պաշտոնական ընդունելություն, նախատեսված ու չնախատեսված հանդիպումներ, նաև՝ քաղաքական կատակներ․Կոպենհագենում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի յոթերորդ գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թեև հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը գագաթնաժողովում օրակարգային չի եղել, բայց թեման տարբեր ձևաչափերում քննարկվել է։ Կոպենհագենում հանդիպել են նաև Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Առանց պատվիրակության անդամների, կլոր սեղանի շուրջ դեմ առ դեմ հանդիպման մասին Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերը գրեթե նույնաբովանդակ հաղորդագրություններ են տարածել։
Նյու Յորքում, Ստրասբուրգում, ապա Երևանում՝ ԱԺ հարց ու պատասխանի ժամին արտահայտած տարակուսանքն ու դժգոհությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելու հնարավորություն ունեցավ նաև Կոպենհանգենում՝ անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի նիստից առաջ առաջ տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հերթական դեմ առ դեմ հանդիպումը։ Հրապարակված կարճ տեսանյութից և վարչապետի գրասենյակի տարածած պաշտոնական հաղորդագրությունը չի մանրամասնում, թե արդյոք Նիկոլ Փաշինյանն Ալիևին ուղիղ ներկայացրել է հայկական կողմի դժգոհությունը ոչ լեգիտիմ խոսույթի կիրառման, մասնավորապես այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման շահարկման առնչությամբ։ Կոպենհագեն մեկնելուց ժամեր առաջ Աժ–ում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր․
«Երբ հնչում են արտահայտություններ, որոնք չկան այդ թղթերի մեջ, լավ, հարց է ծագում` որտեղի՞ց այդ արտահայտությունը։ Մենք բացում ենք, կարդում ենք այս թուղթը։ Ադրբեջանի նախագահի հետ այս թուղթը ստորագրել ենք, Միացյալ Նահանգների նախագահն էլ իր հերթին ստորագրել է։ Այստեղ կա՞ այդպիսի արտահայտություն, չկա։ Երբևէ որևէ տեղում մենք ունե՞նք ընդունած թուղթ, որտեղ նման արտահայտություն կա, չկա նման արտահայտություն։ Հետևաբար դա ինչի՞ համար է օգտագործվում։ Կարծում եմ` արժի, որ պարզաբանում հնչի։ Ակնհայտ է, որ մեր հանրության շրջանում այդ արտահայտությունը նյարդ է առաջացնում հանգամանքների բերումով։ Հիմա պետք է հասկանանք` դա ինչի՞ համար է օգտագործվում։ Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ չի կարող լինել այլ բնորոշում, և իմ ասածը լեգիտիմ է»։
Պաշտոնական հաղորդագրությունը փաստում է, որ երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածություններով շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։
Իսկ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետին ու Ադրբեջանի նախագահին ուղղված շնորհավորանքների ու գործընթացին վերաբերող ակնարկների պակաս չկար։ Այդ թեմային անդրադարձով է սկսվել նիստը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին «պատմական խաղաղության հասնելու կապակցությամբ»։
Բայց սա Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին առնչվող միակ անդրադարձը չէր։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում պանելային քննարկման ժամանակ նույնպես ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը մեծ ձեռքբերում է։ Ըստ Մակրոնի՝ եվրոպական համայնքը կենտրոնացած է Հարավային Կովկասում և Արևմտյան Բալկաններում տեղի ունեցող իրադարձությունների վրա։
Քաղաքական կատակները Ալբանիայի վարչապետից էին։ Էդի Ռաման Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի հետ զրույցում կատակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրիպակի շուրջ: ԱՄՆ նախագահը վաշինգտոնյան համաձայնագրերի մասին խոսելիս մի քանի անգամ Հայաստանի փոխարեն Ալբանիա էր ասել։
Համացանցում տարածված տեսանյութում Ռաման Մակրոնին ասում է, որ վերջինս պետք է ներողություն խնդրի, քանի որ չի շնորհավորել իրեն և Ալիևին Ալբանիայի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի միջնորդությամբ խաղաղության հաստատման համար: Ի պատասխան՝ ներկաները ծիծաղում են, իսկ Մակրոնն ասում է, որ շատ է ցավում չշնորհավորելու համար։
Առանձին, ընդգծված ջերմ հանդիպում տեղի է ունեցել Մակրոնի և Փաշինյանի միջև։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը և ընդգծել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։
Տարածաշրջանային զարգացումները, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններն ու «TRIPP» նախագծի իրականացմանը վերաբերող հարցերը նույնպես քննարկման օրակարգում էին։
«TRIPP» նախագիծը նաև Փաշինյան–Ալիև առանձնազրույցի թեմաներից մեկն էր։ Հայաստանի վարչապետն, ի դեպ, նախօրեին պարզաբանում էր, որ «Զանգեզուրի միջանցք» խոսույթին վերաբերող ճշգրտումների անհրաժեշտությունը որևէ կերպ չի փոխել Հայաստանի դիրքորոշումը հաղորդուղիների ապաշրջափակման հարցում։ Դրանք չեն կարծրացել, չեն թուլացրել, չեն փոխվել՝ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա մենք առանց որևէ խնդրի կարող ենք սկսել գազամուղերի, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի մալուխների նախագծումը և կառուցումը։ Մենք հիմա երկաթուղու նախագծումը պետք է սկսենք և տեսնենք՝ էլ ինչ ենթակառուցվածքներ կան, որ մենք պետք է վերաբացենք։ Մենք պատրաստ ենք գնալ և գնալու ենք պարզեցումների, որպեսզի մեր մաքսային, սահմանային հսկողությունները համապատասխան լինեն աշխարհի լավագույն ժամանակակից ստանդարտներին։ Բայց այդ պարզեցումներն էլ է սահմանափակված 5 սկզբունքով` ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, իրավազորություն և իհարկե, փոխադարձություն՝ ներքին, երկկողմ և միջազգային փոխադրումների համար։ Մեր կամքը և վճռականությունը որևէ կերպ չի սասանվել։ Ադրբեջանին հիմա էլ կարող եմ ասել` ինչո՞ւ ենք այդ բառերի շուրջ վեճ ստեղծում, եկեք գնանք գետնի վրա իրականացնենք այն ինչ պայմանավորվել ենք։ Մենք րոպե առաջ անելու ենք դա, և մենք շատ ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ»։
Եվրոպական քաղաքական համայնքի յոթերորդ գագաթնաժողովը կենտրոնացել է Եվրոպայում անվտանգության ընդհանուր իրավիճակի և աշխարհաքաղաքական իրավիճակում Եվրոպան ավելի ուժեղ ու անվտանգ դարձնելու հարցերի վրա։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ձևակերպմամբ՝ Եվրոպան դժվար ժամանակներ է ապրում։
Եվրոպացի պաշտոնյան մտահոգությունն առաջին հերթին պայմանավորում է Ռուսաստան–Ուկրաինա չավարտվող հակամարտությամբ։ Գագաթնաժողովի լիագումար նիստին հաջորդել են մի քանի կլոր սեղան–քննարկումներ, որոնք կենտրոնացել են Եվրոպայում անվտանգության իրավիճակի տարբեր ասպեկտների վրա, այդ թվում՝ ավանդական և հիբրիդային սպառնալիքներ, տնտեսական անվտանգություն և միգրացիա։
Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպումները տեղի կունենան Հայաստանում և Իռլանդիայում։