«Անսար Ալլահի» առաջնորդը հայտարարել է, որ հութիները երկու շաբաթվա ընթացքում 38 գործողություն են իրականացրել Իսրայելի դեմ

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման առաջնորդ Աբդել Մալիկ ալ-Հուսիթին հայտարարել է, որ ապստամբները վերջին երկու շաբաթվա ընթացքում Իսրայելի դեմ իրականացրել են 38 ռազմական գործողություն: Ալ-Հուսիի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում իրականացվել է 38 գործողություն, այդ թվում՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ», – ասել է նա: Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի գործողությունները արդյունավետ են եղել, մասնավորապես՝ «23 ԱԹՍ հարվածել են մի քանի թիրախների Հադերայում, Ջաֆայում, Աշդոդում, Աշկելոնում, Նեգևում և Ումմ ալ-Ռաշրաշում»։

«Հաջողված գործողություններից մեկն ուղղված էր օդանավակայանի դեմ, որը իսրայելցի թշնամին անվանում է Ռամոնի օդանավակայան, մեկ այլ կարևոր գործողություն (իրականացվել է) Լոդ օդանավակայանի (Բեն Գուրիոնի օդանավակայան – խմբ.) դեմ», – ասել է ալ-Հուսին: Բացի այդ, եմենցի ապստամբների առաջնորդը հայտնել է Կարմիր ծովում երկու իսրայելական առևտրային նավերի վրա հարձակման մասին։

Leave a Comment