Հայաստանը պատրաստ է թեկուզ վաղը Թուրքիայի հետ բացել սահմանը. Ռուբեն Ռուբինյան

«Գլխավոր թեման հարաբերությունների կարգավորումն է, ամբողջ գործընթացը փակ սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է, քննարկումները հիմնականում սրա մասին են»,-ԱԺ ճեպազրույցների սրահում հայտարարեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է թեկուզ վաղը Թուրքիայի հետ բացել սահմանը և դիվանագիտական հարաբերություններ ունենալ։

Ռուբինյանն ասաց, թե հայկական կողմից խոչընդոտներ չկան, իսկ հարաբերությունների հաջող հաստատման օրինակ է բերել ՀՀ-ի և Պակիստանի միջև վերջերս դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։

«Կամքի առկայության դեպքում, իսկ մեր կողմից այն կա, դա տեղի կունենա կարճ ժամկետներում»,-հայտարարեց Ռուբինյանը։

Անդրադառնալով Սերդար Քըլըչի հետ առաջիկա օրերի հանդիպմանը, ԱԺ փոխխոսնակը հայտարարեց, որ երբ ժամանակը գա, հավելյալ տեղեկություններ կհայտնի։

Leave a Comment