Այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղություն հաստատած» եւ այդ առիթով Նոբելյան մրցանակի առաջարկված Դոնալդ Թրամփը չի կարողանում արտասանել կամ չի հիշում այն երկրների անունները, որոնց նա իբր «բարիշացրել» է, չի խոսում ԱՄՆ նախագահի տարիքային խնդիրների, ոչ էլ՝ մեր պետությունների նկատմամբ արհամարհական վերաբերմունքի մասին:
Դա նշանակում է միայն մի բան՝ ԱՄՆ-ի համար իրավիճակը Հարավային Կովկասում պայմանավորված չէ մեր ու Ադրբեջանի հարաբերություններով՝ չնայած անձամբ Թրամփն, իհարկե, ցանկանում է ամեն տեղ հայտարարել, որ նա ողջ աշխարհում խաղաղություն է հաստատել, այդ թվում հեռավոր «Աբեր-բեջանի» եւ «Ալբանիայի» միջեւ:
Բայց ԱՄՆ-ը կայացած, ժողովրդավարական երկիր է, իսկ դա, մասնավորապես, նշանակում է, որ արտաքին քաղաքականությունը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա եւ ամբողջապես պայմանավորված չէ առաջին դեմքի ամբիցիաներով: ԱՄՆ պետական շահերից բխում է, իհարկե, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատվի, բայց այդ երկրի գլխավոր խնդիրն այն չէ, որ մենք իրար վրա չկրակենք, այլ՝ Իրանին մեկուսացնելն է: Դրա մասին ավելի քան 30 տարի առաջ խոսում էր Պետդեպի հետ սերտորեն համագործակցող վերլուծաբան Փոլ Գոբլը: Պետական-ինստիտուցիոնալ հիշողությունը հենց դա՛ է նշանակում՝ ծրագրերը մշակվում են տասնամյակների համար:
Իսկ իրականում խաղաղություն կհաստատվի, թե ոչ, դա, մեծ հաշվով, ոչ մեկին, բացի մեզնից ու ադրբեջանցիներից, չի հետաքրքրում: Ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ Ռուսաստանի, Եվրոպայի, Իրանի՝ ոչ մեկի համար դա առաջնահերթություն չի: Եվ չի կարող լինել. միջազգային քաղաքականությունն այդպես չի աշխատում, եւ կարիք չկա ոչ մեկից նեղանալու:
ԱՄՆ-ի երկրորդ՝ պակաս կարեւոր նպատակը Ռուսաստանին այս տարածաշրջանից հեռացնելն է: Այդ երկու նպատակներն էլ, պետք է ասել, հաջողությամբ իրականացվում են: Իրանը թուլացել է Իսրայելի հարվածներից, Ռուսաստանը՝ իր իսկ սանձազերծած պատերազմից, եւ առայժմ չի երեւում, թե ինչպես են նրանք այստեղ դիմադրելու Արեւմուտքին:
Արդյոք այս իրավիճակը հավերժ է լինելու: Կարծում եմ՝ ոչ: Այդ մեր իշխանություններն են, որ մտածում են նախընտրական ցիկլերով, իսկ թե ինչ կլինի 5-10 տարի հետո, ոչ ոք չի կարող ասել:
ԱՄՆ-ը, բնականաբար, «անձամբ» չի իրականացնի իր քաղաքականությունը: Այստեղ նա ունի «օպերատոր»՝ Թուրքիան: Ի դեպ, հաջորդ տարվա ՆԱՏՕ-ի գագաթաժողովը տեղի է ունենալու Անկարայում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: