Հակակոռուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատական նիստին Արուսյակ Ալեքսանյանին մեղսագրված արարքների իրավական որակման՝ օրենքի կիրառման մեկնաբանության վերաբերյալ մասնագիտական կարծիքի քննարկմանը Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Առնոլդ Վարդանյանը արձանագրեց, որ օրենքի, մասնավորապես, քրեական օրենսգրքի կիրառման հետ կապված իր պաշտպանյալի մեղադրանքին երկու իրավական որակում է տրված նույն արարքի համար՝ ընդհանուր եւ հատուկ հանցակազմով:
«Այնինչ, պիտի լինի միմիայն ընդհանուր կամ հատուկ: Տվյալ պարագայում մենք ունենք պաշտոնեական լիազորությունների անցում եւ ակնհայտ անարդար դատական ակտի կայացում, որոնք իրար հետ հարաբերակցվում են որպես ընդհանուր եւ հատուկ հանցակազմեր:
Միաժամանակ խոսեցի այն մասին, որ հատուկ հանցակազմը ինքն ունի իրավական որոշակիության խնդիր: Հստակ չի, որովհետեւ արդարություն կոչվածը վերացական, փիլիսոփայական հասկացություն է, բայց ոչ իրավական, ու այդ հանցակազմում նկարագրված հատկանիշները հնարավորություն չեն տալիս անձին, տվյալ դեպքում՝ Արուսյակ Ալեքսանյանին, ողջամտորեն կանխատեսելու, իր վարքագիծը որոշակիացնելու:
Եվ երրորդ հանգամանքը, որ ես բարձրացրի, այն մասին էր, որ տվյալ պարագայում խափանման միջոցի կիրառման վերաբերյալ որոշումը չի մտնում ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու 482-րդ հոդվածի հանցակազմի առարկայի մեջ: Այնտեղ գրված է «դատավճիռ», «վճիռ» կամ «այլ դատական ակտ»: Այլ դատական ակտը պետք է մեկնաբանել դրան նախորդող ձեւակերպումների լույսի ներքո, համասեռ պետք է լինի նախորդող հատկանիշներին: Իսկ քանի որ դատական վճիռը, վճիռը, գործն ըստ էության լուծող, եզրափակիչ վարույթային ակտեր են, ապա խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դրա տակ ոչ մի կերպ չի տեղավորվում եւ չի կարող մտնել»,- ասաց Առնոլդ Վարդանյանը Aravot.am-ի հետ զրուցելիս:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Եվ քանի որ հաջորդ դատական նիստում պետք է լսվի արդեն փաստաբան Երեմ Սարգսյանի մասնագիտական կարծիքը այլ հարցերի հետ կապված, իսկ Երեմ Սարգսյանը այսօրվա նիստին ներկա չէր, դատարանը որոշեց հաջորդ նիստի օրն ու ժամը որոշել ավելի ուշ, նրա եւ դատավարության մասնակիցների հետ լրացուցիչ համաձայնեցնելուց հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
