Նոր ազդակներ՝ ԱՄՆ առաջարկի մերժումից հետո․ ապաշրջափակման բոլոր ճանապարհները տանում են Մեղրի

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման, Սյունիքով ճանապարհի գործարկման և ուժային տարբեր կենտրոնների առաջարկներն ու սրանց առնչությամբ առաջացած հարցերը շարունակում են օրակարգային մնալ Հայաստանում և Հայաստանից դուրս, միջազգային մամուլում՝ ևս։ Երբ արդեն հայտնի դարձավ, որ Երևանը մերժել է Մեղրիով Նախիջևանից Ադրբեջան տանող ճանապարհը 99 տարով վարձակալելու ամերիկյան առաջարկը, վերլուծաբաններ այժմ էլ փորձում են այլընտրանքային տարբերակներ դիտարկել։ Այս ընթացքում նոր մեսիջներ են հնչել նաև Բաքվից։ 

Հայ վերլուծաբանները շարունակում են քննարկել հայկական կողմին ուղղված ամերիկյան առաջարկը, որը ստացումը վերջին ասուլիսում հաստատել էր նաև  Հայաստանի վարչապետը։ Լրատվամիջոցներում մեկնաբանությունները բազմազան են, ամեն դեպքում առանցքում այն տեղեկությունն է, որ Միացյալ Նահանգները պատրաստակամ է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնով ճանապարհը, որը կմիացնի Նախիջևանն Ադրբեջանին։ Տարածաշրջանին առնչվող իրադարձություններն ամբողջապես վերլուծելու համար   տեղեկությունների պակաս կա՝ ասում է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը։

«Ցավոք, ամբողջական տեղեկություն չունենք, հարցի վերաբերյալ դատողություններ հիմնականում անելու ենք մամուլում, հրապարակային դաշտում գոյություն ունեցող տեղեկությունների վերլուծության հիման վրա։ Ես կարծում եմ, որ Հայաստանին մի շարք առաջարկներ են արվել։ Միացյալ Նահանգների կողմից « հնչեցվածն» այն առաջարկներից էր, որոնք թափանցեցին հանրային դաշտ ինչ–ինչ պատճառներով, բայց կարծում եմ` սա միակ առաջարկը չէ, և կարծում եմ` այդ առաջարկները շատ ավելի վաղուց էին բարձրաձայնվել, և Հայաստանի Հանրապետության առաջ, ուրեմն դրված էր ամբողջ մենյու։ Տարածաշրջանում կան բավականին ակտիվ դերակատարներ, որոնց մասին բոլորս գիտենք։ Նույն Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստան, Իրանը, Եվրոպական Միությունը։ Կարծում եմ` Եվրոպական միությունը, նաև ի դեմս Ֆրանսիայի, նոր առաջարկ էր ներկայացնում Հայաստանին՝ որոշակիորեն կապված  նաև   այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ։ Դրան ավելացել է Միացյալ Նահանգների առաջարկը»։

Վերլուծաբանի համոզմամբ՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը  բոլոր ողջամիտ առաջարկների ամբողջացված տարբերակն է՝ ընդունելի  Հայաստանի համար։

Ինչու շաբաթներ շարունակ շրջանառվող ամերիկյան առաջարկը հայկական կողմը մերժեց․ իշխանական թևից տրվեց  հակիրճ, բայց, կարծես, վերջնական բացատրություն, որ այս առաջարկի հետևանքով երկրի ինքնիշխանության հետ կապված խնդիր են տեսել։ Քաղաքագետ Արմեն Վարդանյանը թեև սկզբում ենթադրել է, թե ամերիկյան առաջարկի մասին խոսակցությունները լուրջ հիմքեր չունեն, բայց  հետագայում հաստատումը լսելուց հետո հայկական կողմից մերժումը ողջունում է։

«Չէի մտածում, որ դա գործնական առաջարկի է հասել, բայց եթե, այնուամենայնիվ, բանը հասել է առաջարկության, բնականաբար, ողջունելի է Հայաստանի կառավարության այս քայլը, որովհետև եթե ինքնիշխանություն ենք զիջում, կապ չունի   Ռուսաստանը, ԱՄՆ, թե այլ երկիր, իսկ երկրի տարածքը վարձակալությամբ երկարաժամկետ տալ այլ երկրին՝ ինքնիշխանության կորուստ է գոնե այդ տարածքի նկատմամբ։ Ես կարծում եմ, որ այս մասով, իհարկե, ակնհայտ է, որ Հայաստանը ճիշտ որոշում է կայացրել, բայց արտապատվիրակման հարցում կարելի է բանակցություններ վարել։ Այստեղ ես ինքնիշխանության կորուստ չեմ տեսնում, որովհետև արտապատվիրակումը  որոշ ֆունկցիաների, որոշ ծառայությունների մատուցմանն է վերաբերում, և հետո արտապատվիրակման չեղարկումը երբ ուզես՝ 5 րոպեի հարց է։

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կամ, ինչպես հայկական կողմն է ասում, Մեղրիի ճանապարհի գործարկման հարցը նաև Իրանն է ուշադրության կենտրոնում պահում։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, դոկտոր Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցք» կոչված նախագիծը շրջափակման թակարդ է Իրանի և Ռուսաստանի համար։ Դրան զուգահեռ՝ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային  կրկնել է, որ ճանապարհները չպետք է փոխեն Կովկասի քարտեզը։ Նա անդրադարձել է Հարավային Կովկասի գործընթացներում ոչ տարածաշրջանային խաղացողների ներգրավմանը․ մեջբերում․  

«Մենք հստակորեն հայտարարել ենք, որ նման մոտեցումները չեն բխում տարածաշրջանային անվտանգության և զարգացման շահերից, և  ուրախ ենք, որ որոշ արտատարածաշրջանային կողմերի մասնակցության  լուրերը հերքվել են տարբեր կողմերից։ Հետևաբար, մենք ուշադիր հետևում ենք այս հարցին, քանի որ այն կապված է նաև մեր երկրի շահերի հետ։ Մենք միշտ ընդգծել ենք, որ տրանսպորտային ուղիների ընդլայնումը ոչ մի կերպ չպետք է հակասի պետությունների ազգային ինքնիշխանությանը և դրանց տարածքային ամբողջականությանը, և չպետք է փոփոխություններ առաջացնի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության կամ ճանաչված սահմանների մեջ»։

Միաժամանակ, Իրանն ընդգծում է, որ սպասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ու փաստաթղթի ստորագրմանը։ Թեհրանը կողմերին կոչ է անում լրջորեն զբաղվել այդ հարցով։ Բաղայիի խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ձգձգումը կարող է տարածաշրջանում լարվածության աճի հանգեցնել։

Հայաստանի հետ խաղաղությանը և հնարավոր շփումներին առնչվող Բաքվի պատկերացումները Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ներկայացրել է գերմանական Berliner Zeitung պարբերականին տված հարցազրույցում։ «Եթե Հայաստանը պատրաստ լինի, կցանկանանք համատեղ զարգացնել Տրանսկովկասյան տրանսպորտային միջանցքը»,– ասել է Հաջիևը։

Տարածաշրջանի ապաշրջափակման առումով ցանկացած քննարկում էլ անհրաժեշտ է համարում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Նա հավանական է համարում մեկ այլ տարբերակ ևս, ըստ որի՝ ամերիկյան առաջարկը փորձ էր հակակշռելու Եվրոպա–Չինաստան հնարավոր երկխոսությանը։

«Կասկածներն առնվազն կարող էին առաջանալ այս տրանսպորտային հաղորդուղիների հարցում Չինաստանն էր ակտիվ և Եվրամիությունը՝ գրեթե զուգահեռ։ ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը ապրիլին Բաքու այցելեց Իլհամ Ալիևի Պեկին այցից անմիջապես հետո և հունիսին Կալասը Հայաստան այցելեց Արարատ Միրզոյանի՝ Պեկին այցից անմիջապես հետո։ Իսկ մենք գիտենք, որ, զուտ տնտեսական իմաստով, շատ մեծ շահագրգռություն ունեն, այսպես ասած, Միջին միջանցքի ձևավորման հարցում թե՛ Եվրամիությունը, թե՛ Չինաստանը, և Եվրամիության և Չինաստանի միջև կարող է լինել որոշակի երկխոսություն` ինչ–որ ընդհանուր ցանկալի ռեժիմ ստանալու համար։ Կալասի՝ հայաստանյան այցից հետո 2 օր անց Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ–Չինաստան ռազմավարական երկխոսության նիստը։ Այստեղ   Միացյալ Նահանգները կարող էր ունենալ մտավախություն, որ Եվրամիությունը և Չինաստանը հնարավոր է ինչ–որ կոորդինացված քայլեր անեն»։  

Ուշագրավ է, որ Իրանի, Թուրքիայի, Միացյալ նահանգների ուշադրության կենտրոնում հայտնված Սյունիքի մարզից X-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ կից գրառմամբ․մեջբերում․ «Սա Սյունիքն է, պարոն, և դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Հասկացեք դա»․ մեջբերման ավարտ։

Ինչ վերաբերում է գերմանական պարբերականի միջոցով Ադրբեջանից փոխանցվող ազդակներին, ապա Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախման էսկալացիայի ռիսկեր չի տեսնում։ Ըստ Հիքմեթ Հաջիևի՝ Հայաստանի հետ մնացել է մի քանի վիճելի հարց, ինչի համար էլ, ասել է, կան դիվանագիտությունը և երկխոսությունը։ Միաժամանակ, նա կրկնել է Բաքվի հերթական նախապայմանները խաղաղություն հաստատելու համար։

Պաշտոնական Երևանը միշտ է հանդես գալիս խաղաղության օրակարգով, և ուշագրավ է, որ հենց Բաքվից հնչող հայտարարությունների և հավաստիացումների ֆոնին Հայաստանում ամենաբարձր մակարդակով խոսում են ադրբեջանական կողմից Հայաստանի հանդեպ տարածքային նոր հավակնությունների և առաջադրվող նորանոր նախապայմանների մասին։  

Leave a Comment